Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա տված լույսն անմար է

Սեպտեմբեր 17,2021 12:30

«Արմավ» հրատարակչությունը վերջերս հրատարակել է արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս, գրող Վաչագան Մանուկյանի՝ «Չկորցնենք լույսը» գիրքը, որն ամփոփում է հեղինակի հրապարակումները, գրառումներն ու հոդվածները, իսկ «Ազգային հերոսը. Վաչագան Մանուկյան» գիրքը, որը նույնպես վերջերս է տպագրվել, փաստերի, հուշերի, վկայությունների մի անտիպ հուշարձան է, որտեղ պատմում են հերոսի սխրանքների, ապրած կյանքի, գրած տողերի, մարդասիրության ու վեհ արժեքների մասին:

Նրա մասին խոսելիս ճանաչողների աչքերը միաժամանակ եւ ուրախությամբ, եւ թախիծով են լցվում: «Մեր Վաչը»,-ցավով ու հպարտությամբ են արտաբերում այս երկու բառը, որի մեջ ամփոփված է Վաչագան Մանուկյանի հետքը: Պատահական չէ, որ նրա հոգու մարմնավորումը հայրենասիրությունն էր, որի մասին նա երբեք չէր աղաղակում ամբիոններից: Բայց երբ երկխոսում էր հայրենիքի հետ, այսպես էր ասում. «Ներիր ինձ, հայրենիք, նվաստիս՝ անփառունակ ընթացքի համար: Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ, ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա՝ որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք… Ներեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեք, որ արյունս բավարար չեղավ փրկել ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին: Եվ ներիր ինձ. իմ ազգ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար…»:

Նա հայրենասիրության ու իմաստասիրության էտալոն էր: Ու պատահական չէ, որ նրա հրապարակումներում կարմիր թելով հաճախ բացեիբաց, մեկ-մեկ էլ՝ տողատակերում վեր էր հառնում ոգին նժդեհյան ու հայկականության: Բացառիկ է լինում, երբ հայրենիքի որդին իմանում է երկրի պատմությունը, վերելքներն ու վայրէջքները, ու ամեն կերպ փորձում նեցուկ լինել մի բուռ թանկ հայրենիքին: Նա այդպիսին էր:

«Հաղթական ճանապարհը կամ ուղղակի՝ Գարեգին Նժդեհ» հոդվածում, որը Վաչագանը 2018 թվականին էր գրել, մեր իրականության ու նժդեհյան անմար ոգու զուգահեռներում են պահում այն ամենը, ինչը հայի համար կարեւոր է: Մեջբերեմ հետեւյալ հատվածը. «Այսօր մեր հայրենիքը առավել քան վտանգված է դառնում մեզ համար՝ ոչ այնքան արտաքին ուժերի կողմից, որքան մեր ներքին թշնամիների: Երբեմն հայրենասիրության պակասի պատճառով մարդու ոգին փտում է մարմնի մեջ, դառնում է անհաղորդ մի նեխաջուր, ու այդ անհաղորդությանը առերեսվելով, զգալով, շնչելով հոգու նեխած հոտը՝ վերածվում է մորթապաշտ մի ոչնչության»:

Վաչագան Մանուկյանի հոդվածների թեմաները կենսունակ են, բոլոր ժամանակների համար կարեւոր ու առանձնացված: Չեմ կարող անտարբեր անցնել «Քեզ կարոտել եմ, մա՛րդ» հրապարակման կողքով, որովհետեւ այստեղ Վաչագանն իրականությունն է արտացոլում, առանձնացնում տեղեկատվական արագ զարգացող մերօրյա ընթացքը, որը «չի թողնի խոսքիդ կարոտել, որովհետեւ մեկ է, քո չասված խոսքը մի ուրիշը պիտի ասի՝ լցնելով անտեր թվացող դատարկ հատվածները տարածության»:

Նաեւ դիմում է մարդուն՝ հորդորելով ապրել, որ երկիրը չորբանա, իսկ ժամանակը աներանգ չմնա: Սույն հրապարակումն ավարտվում է սրտառուչ տողով. «Էլ չմնաս ժամանակավրեպ ստվերներում, քեզ կարոտել եմ, ՄԱՐԴ»:

Նա ժամանակ առ ժամանակ լռում էր՝ այն անվանելով մեծ զենք: Եվ պատահական չէ, որ անցյալից գալիք ձգվող ճանապարհի պարագիծը մարդկային կյանքով է չափվում, մարդու ապրածով, տվածով ու թողածով: Նրա ապրածը լույս է ճառագում ամեն տեղ ու ամենուր:
Դյուրին չէ լրագրային փոքրիկ հոդվածի շրջանակներում տեղավորել հայրենիքի նվիրյալ հայորդու ապրած կյանքը, կատարած աշխատանքն ու սխրագործությունը՝ հանուն այսօրվա ու վաղվա: Վաչագանի ազնիվ մարտը անփոփոխ է, իսկ աչքերը դեռ շրջում են վշտի միջից դեպի լույս՝ հայերեն երգելով փառքը, ինքնությունը: Վաչագան Մանուկյանն արվեստասեր էր: Հմայվում էր Սարյանի կտավներով, խոստովանելով. «Ի՜նչ ապրեցնող էներգիա կա սարյանական գույների մեջ»: Այնուհետեւ, քիչ անց նորից անկեղծանում, որ նաեւ սիրում է Գորկու գործերը. «Տխուր, մռայլ, սիրուն հոգի արթնացնող մեղմ քամի կա նրանց մեջ»: Յուրօրինակ են նաեւ Վաչագանի իմաստասիրական մտքի խտացումները, որտեղ «հաղթում է համբերատարությունը»:

Իսկ ահա Վաչագանի անավարտ, շատ հին «Անտեր ծառը» պատմվածքի փոքրիկ հատվածը խոսում է նաեւ նրա գրական աշխարհում ներկայության մասին: Ասածս տարօրինակ չթվալու համար հավելեմ, որ պատմվածքի այս տողերում հեղինակն ընդգծում է աշնանային գունառատ խճանկարը, հեռացող ձմռան ճանապարհը, երազանքը՝ արցունք թաքցրած: «Զինվորը» հրապարակման մեջ նա պատկերում է ցավը` լույսից դեպի երկնային արքայությունը ծայրեծայր։ «Ուզում եմ սիրուն պատկերացնել ճախրը նրանց անմեղ հոգիների… Ինչ մեծ փառքով պիտի դիմավորեն մարդկային խղճի վրա ծանր նստած նրանց գեղեցիկ հոգիները Արարչատանը…»: Արարչատան բնակիչ դարձավ նաեւ սիրելի Վաչագանը` բոլորի Վաչը։ 2020թ. հոկտեմբերի 22-ին նա իր հրապարակմամբ տեղեկացրեց. «Գնում եմ։ Էսօր գնում եմ… Պինդ եղեք, իմ գանձեր, իմ հրաշք երկրի լուսավոր ճրագներ… »: Նա էլ էր ճրագ, հայ ազգի ճրագը։ Անքննարկելի ու անհավատալի է նրա բացակայությունը։ Ճանաչողների սրտերը կարոտից ծարավում են, Վաչագանի կենսատու ժպիտին են սպասում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախի գրողների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930