Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակ չունենք. այս փակ շրջանը կարող է կործանարար դառնալ

Սեպտեմբեր 17,2021 12:00

Մենք չենք կարող խաղաղության հաստատման միակողմանի ջատագով լինել

Մենք կրկին մտել ենք մի փակ շրջան: Շուտով կլրանա 44-օրյա պատերազմի բռնկման մեկ տարին: Հայկական մնացած Արցախի կարգավիճակի հստակեցման հնարավորությունների մասին մենք դեռեւս միայն խոսքեր ենք լսում: Գումարած դրան՝ Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է, մեր ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության դեմ հանդես է գալիս Ադրբեջանի նախագահը, որի հետ մենք, դատելով ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից, պատրաստ ենք խաղաղություն կնքել:

Հարեւանների հետ խաղաղ ապրելուց հրաժարվել ու մշտական պատերազմի ռեժիմում ապրել երազող մարդ հազիվ թե գտնվի, եթե նա տրամաբանում է: Խնդիրը նրանում է, թե որոնք են հարեւանների նպատակները: Եթե Հայաստանին մի քանի տասնամյակ շրջափակման մեջ պահող Թուրքիայի իշխանությունները Ալիեւի նման համարում են, որ «ուժով լուծել են Ղարաբաղի հարցը», «հակամարտությունն էլ ավարտվել է»՝ ինչո՞ւ Անկարան չի բացում Հայաստանի հետ սահմանը: Իրականում սա շատ կարեւոր հարց է, որ բացում է մեր հարեւանների ունեցած իրական նպատակների խորքերը: Ինչո՞ւ է պաշտոնական Անկարան Հայաստանին մեղադրում «հարեւան երկրների հողերի վրա աչք ունենալու» մեջ, երբ Հայաստանի որեւէ իշխանություն երբեք Թուրքիային տարածքային հավակնություններ չի ներկայացրել:

Եթե Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատել՝ ինչո՞ւ են արդեն մեկ տարում մոտ տասնյակ համատեղ զորավարժություններ անցկացրել: Ինչո՞ւ են ստեղծվում համատեղ ռազմական կառույցներ, ինչո՞ւ են Բաքու գործուղվում թուրք գեներալները, ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում զինվել, բայց միաժամանակ Հայաստանից են պահանջում՝ չզինվել:

Այս հարցերի պատասխանները բավական պարզ են: Մեր երկու հարեւաններին պետք է թույլ Հայաստան, որտեղ երբեք հասարակությունը չհիշի, որ գրեթե 3 տասնամյակ եղել է հաղթանակած պետություն ու հայկական բանակն է Ադրբեջանին պարտադրել զինադադար: Մեր երկու հարեւաններին պետք է, որ մենք չհավատանք մեր ուժերին, ու մշտապես աչքի առաջ տեսնենք մեր հակառակորդի «հզորությունը»:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կարո՞ղ են բացատրել, թե պատերազմի ավարտից 1 տարի անց դեռ ինչո՞ւ է հայատյացությունը Ադրբեջանում շարունակվում նույն թափով: Ինչո՞ւ է Ադրբեջանում պետական մակարդակով Հայաստանի տարածքների «ադրբեջանականացման» պրոցես ընթանում: Ադրբեջանում ամեն ինչ սկսվել է հենց քարոզչությունից, ապահովվել է համապատասխան մթնոլորտ, վերաբերմունք, ու կեղծիքը դարձել է «ճշմարտություն» ու այդ «ճշմարտությանը» հասնելը դարձել է ազգային իղձ:

Մենք չենք կարող խաղաղության հաստատման միակողմանի ջատագով դառնալ: Անվերջ խաղաղության գնալու պատրաստակամություն հայտնելուց հակառակորդ երկիրն ավելի խաղաղասեր չի դառնում, ցավոք, մեր հարեւանների պարագայում դա այդպես է, ընդհակառակը, նրանք ավելի սանձարձակ են դառնում:

Կարելի է մնալ խաղաղության ջատագով, որպես արտաքին քաղաքականության հիմք դնել նպատակը՝ հաշտվել հարեւանների հետ, բայց չիմանալ, թե ինչպես: Հիմա, կարծես, մեր իշխանությունները հենց այդ վիճակում են: Մեր երկու հարեւանները, որոնք դեռ հանդես են գալիս որպես հակառակորդ պետություններ, շարունակում են Հայաստանին պահանջներ ներկայացնել, չկա որեւէ հարց, որում կտեսնենք, որ նրանք պատրաստ են այս կամ այն հարցում զիջել՝ հանուն խաղաղության հաստատման:

Մենք չգիտենք, մեր իշխանությունները որոշել են, որ մեզ միջնորդներ անհրաժե՞շտ են Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, թե՝ ոչ: Իհարկե, հայտարարվում է, որ Հայաստանը կողմնակից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում շարունակել բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, եւ մեզ համար խիստ կարեւոր են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետություններից ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին հայտարարությունները: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպիսի պայմաններում է հնարավոր Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Սա այսօր, թերեւս, ամենակարեւոր հարցերից մեկն է, ու հստակ չէ, թե Հայաստանը գործընկեր պետությունների հետ ինչ աշխատանքներ է տանում այս ուղղությամբ:

Իրականում, մենք շատ ժամանակ չունենք, այս փակ շրջանը կարող է Հայաստանը մեծ հարվածների տակ դնել: Ամեն ինչ ինքնահոսի թողնելը կարող է կործանարար դառնալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930