Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքի հետ ընկերություն արա, փետը ձեռիցդ մի գցիր

Սեպտեմբեր 17,2021 14:00

Թե ինչ կատարվեց Արցախյան վերջին պատերազմից մինչ այսօր

Մերոնք պարտվեցին, թշնամին գրավեց Արցախի տարածքի մոտ 75 տոկոսը, տվեցինք բազմահազարանոց զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ գերիներ, որոնց մի մասն առ այսօր գտնվում է ադրբեջանական բանտերում եւ կրում է մարդկային երեւակայությունից լրիվ դուրս տանջանքներ ու տառապանքներ: Տարօրինակ ընթացք ունեցավ այդ պատերազմը: Սկզբում իբր հաղթում էինք, միջնամասում իբր «հավասարվեցինք», իսկ վերջում հաստատ պարտվեցինք: Այսօրվա դրությամբ, ադրբեջանցիները մի քանի ուղղություններով կիլոմետրերով խորացել են մեր սահմաններից ներս, կայուն տիրապետում են դրանց, շարունակաբար բազմապիսի անհանգստություններ պատճառում գրաված տարածքների հարեւանությամբ ապրող հայ բնակչությանը, որը մեր կողմից ուղեկցվում է համարյա քար լռությամբ:

Թշնամին ի լուր աշխարհի պարբերաբար հայտարարում է, որ ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի, իրենք համբերատար սպասում են Հայաստանի հետ պայմանավորված սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականացմանը, որն իբր Հայաստանի կողմից անհասկանալիորեն ձգձգվում է: Սակայն մեր եւ միջազգային տարբեր ատյանների կողմից գերիների վերադարձի մասին մշտական բարձրաձայնումները մնում են ձայն բարբառո հանապատի եւ այդ ուղղությամբ նրանց կողմից սայլը տեղից չի շարժվում, նույնիսկ ավելին՝ նրանք համատարած խոշտանգում ու դատում են մեր գերիներին: Եվ այս պայմաններում, մերոնք պաշտոնական մակարդակով հայտարարում են, որ պատրաստ են ամեն ինչի, միայն թե տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, իսկ հետագայում նաեւ թշնամու հետ պատրաստ են հաստատել բարիդրացիական, ինչու ոչ, նաեւ առեւտրային եւ այլ հարաբերություններ: Մի՞թե Հայոց եղեռնի ժամանակներից, 1988թ. համազգային շարժումից եւ հատկապես Արցախյան վերջին պատերազմից սկսած, այս հսկա ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում թուրքերի եւ ադրբեջանցիների պահվածքը մեզ ակնառու կերպով չապացուցեց, որ ոչ մի դեպքում նրանց որեւէ խոսքին հավատալ չի կարելի, քանզի նրանք երբեւէ որեւէ պայմանավորվածություն չեն պահպանում, լոկ անում են այն, ինչը տվյալ պահին իրենց է հարմար:

Եթե անգամ, աշխարհի աչքի առջեւ թուրքերն ու ադրբեջանցիները հայերի հետ կնքեն որեւէ պայմանագիր կամ ձեռք բերեն ցանկացած համաձայնություն, ապա նրանք իրենց ձեռնտու ցանկացած պահի կարող են հեշտորեն խախտել դրանք, ինչում համոզվել ենք տասնյակ տարիներ շարունակ: Այս պարագայում, մենք ո՞ւմ հետ ենք ուզում պայմանավորվածություն ձեռք բերել, մասնավորապես, սահմանազատման եւ սահմանագծման մասով, երբ ցանկացած հարցում նրանք բացի խաբեությունից, այլ բանի ունակ չեն: Միայն այն հանգամանքը, որ թշնամին մշտապես բարձրաձայնում է, որ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, կույրին անգամ տեսանելի է դառնում, որ նրանք արդեն խորագույնս վերլուծել են Խորհրդային ժամանակներում իրականացված սահմանային բաժանումները եւ արդյունքում հայտնաբերել են, որ իրենց առաջարկած մեթոդիկայի պարագայում, բավականին շատ անկլավներ ու այլ տարածքներ միանգամից անցնելու են իրենց: Կարելի է նաեւ վստահաբար ասել, որ մերոնք նման ուսումնասիրություններ հավանաբար չեն իրականացրել եւ եթե թշնամին չնչին մտավախություն ունենար, որ այդ աշխատանքների իրականացման արդյունքում կարող էր հակառակը լինել՝ նրանց տարածքներից որոշակի կտորներ անցնեին մեզ, ապա նրանք երբեք չէին գնա նման քայլի եւ թույլ չէին տա նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրում նման բանի մասին բառ անգամ գրվեր: Մի՞թե այս պարզ բանը մերոնք չեն հասկանում:

Այս բոլոր հարցերը հօգուտ մեզ լուծելու եւ թուրքի հետ առհավետ մեր հաշիվները մաքրելու միայն մեկ ճանապարհ ունենք. պետք է ուժով ծնկի բերել նրան եւ ստանալ մեր հասանելիքը: Ճիշտ է, շատերը հակառակը կպնդեն, որ եթե դա է ճանապարհը, ապա անող էիք, անեիք վերջին պատերազմի ընթացքում, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: Այո, ճիշտ կասեն, սակայն այստեղ մի բայց կա. պատերազմից առաջ որեւէ հայի մտքով չէր անցնի, որ մեր հերոսական պայքարի 30-ամյա հրաշալի արդյունքի պարագայում, որը իրատեսական տեսլականներ էր խոստանում մեր հետագա հաջողությունների համար, մեր ժողովրդի մեջ կարող էին ծլել այնքան դավաճաններ, որոնք պատերազմի ընթացքում կարող էին շատ ավելի մեծ օգուտ տալ ադրբեջանցիներին, քան՝ Թուրքիան, որն էլ պատերազմի նման ելք ապահովեց Ադրբեջանի համար: Իհարկե, պատերազմները հիմնականում զերծ չեն դավաճանություններից, սակայն կան բաներ, որոնք դուրս են անգամ մարդկային երեւակայությունից եւ ինչ, ինչ, բայց 90-ականների Արցախյան պատերազմից հետո, նման բան ուղղակի անհնար էր կանխատեսելը:

Ամեն ինչ շատ պարզ է արվել. Թուրքիայի եւ իրեն ու Ադրբեջանին համախոհ մի շարք այլ երկրների գործակալական ցանցերը գաղտնի կերպով արմատավորվել են Հայաստանում, հավաքագրել են բազմաթիվ հայ գործակալների, նրանց համար հրաշալի վերապատրաստումներ իրականացրել («վերբովկա» արել) եւ հաշվի առնելով, որ մեր կողմից այդ ուղղությամբ պետական մակարդակով համարյա որեւէ վերահսկողություն չի իրականացվում, նրանց տեղավորել ամենաառանցքային կետերում, համոզված լինելով, որ Թուրքիայի բացահայտ օգնությունը մի կողմից, հազարավոր վարձկանների եւ այդ գործակալների օգնությունը մյուս կողմից, հեշտորեն լուծելու է պատերազմի ելքն իրենց օգտին, ինչը եւ ի զարմանք աշխարհի հայության եւ որոշ այլ երկրների, աշխատեց անզուգական ու ապահովեց նրանց կողմից ակնկալվող ելքը:

Պատմության մեջ, նման աներեւակայելի հարված հայերն ստացել էին մեկ էլ Հայոց մեծ եղեռնի ժամանակ, որի եւ ֆիզիկական, եւ հոգեբանական հետեւանքները կրելու ենք դեռ շատ-շատ երկար ժամանակ եւ նվազագույնը՝ տիեզերական կամք է պահանջվելու մեր ժողովրդից՝ դրանք թոթափելու եւ նորից ոտքի կանգնելու համար, ինչում ես լիովին համոզված եմ: Մեկ բան էլ պետք է լավ հասկանանք, որ այդ դավաճանները թուրքերից շատ ավելի վտանգավոր են եւ ամեն ջանք պետք է գործադրել դրանց հայտնաբերելու ու դրանց քոքը լիովին արմատախիլ անելու համար (մոլախոտներն արագ են տարածվում), այլապես նույն վտանգը մշտապես կախված է լինելու մեր ուսերին:

Սույն վերլուծության բարձրաձայնման նպատակը մեկն է. պետք է մենք առաջին հերթին լավ ճանաչենք մեզ, լավ ճանաչենք թուրքին եւ այս ճակատագրական իրավիճակում խորը հասկանանք, թե ինչ ասել է թուրքի հետ բարիդրացիական հարաբերություններ, Հայաստանի հետագա ճակատագրի հույսը դնել ինչ-որ բլեֆի՝ սահմանազատման եւ սահմանագծման վրա, նրանց տալ միջանցքի բացման հնարավորություն, որտեղով ազատորեն Հայաստան կլցվեն նրանց զորքերը ու մի գեղեցիկ օր էլ կսանձազերծեն նոր սեպտեմբերի 27:
Երբեք չի կարելի թուրքի հետ հարաբերվել՝ ակնթարթ անգամ ձեռքից գցելով փայտը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930