Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ ցինիկ եք, որ քեֆ-ուրախություն եք անում, երկրորդը՝ ստախոս եք, բա ասում եք՝ կորոնավիրուս է, ինչի՞ եք իրար գլխի հավաքում». Գեղամ Նազարյան

Սեպտեմբեր 16,2021 22:35

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բառացի ասեց՝ գունագեղ տոնակատարություն, որը նվիրված կլինի առաջին հերթին տղերքի հիշատակին: Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ հերոս տղերքի հիշատակը, կամ որեւէ մեկի հիշատակը գունագեղ շոուով ու տոնակատարությամբ չեն անում ու 2 մլն դոլար ծախսելով չեն անում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա թվարկեց, թե 2 մլն դոլարն ինչպես կարող էին ավելի արդյունավետ ծախսել, օրինակ, կարող էին վիրավոր հերոսների կարիքները հոգալ. «Այս իրավիճակում, երբ պատերազմի ավարտից մի տարի էլ չի անցել, երբ հարյուրավոր մարդիկ, ծնողներ, քույրեր, եղբայրներ, կանայք, իրենց որդիների, եղբայրների, ամուսինների մարմիններն են փնտրում, երբ ունենք գերիներ, որոնց անդադար տանջում են, գիտե՞ք ինչ է ստացվելու, սա նշանակում է, որ մենք նշում ենք թշնամու հաղթանակը: Կուբացին, իսպանացին, ֆրանսիացին երբ որ լսի, որ ողբերգությունից հետո մի երկրում համերգ են անում, կասի՝ սա ուղղակի աննորմալության սահմաններից այն կողմ է, պլյուս նշում են թշնամու հաղթանակը: Պարզ օրինակ բերեմ՝ պատկերացրեք Հայաստան- Իտալիա 9:1 խաղից հետո, կամ Հայաստան-Գերմանիա 6:0 հաշվից հետո ֆուտբոլի ֆեդերացիան ասեր՝ բոլորիդ հրավիրում ենք գունագեղ տոնակատարությամբ մեր ֆուտբոլիստներին ոգեշնչելու համար, ի՞նչ կանեիք: Առնվազն կծեծեիք, չէ՞, կասեիք՝ հո դուք աննորմա՞լ չեք, էս ի՞նչ եք անում: Լավ, դա ֆուտբոլ է դեռ, էլի կարանք ծիծաղենք, անցնենք: Բայց սա երկիր է, ողբերգություն է, ո՞նց կարելի է այդ հայտարարությամբ փայտը վերցնել ու մամաների սրտի վերքը խառնել: Դա ի՞նչ մոլուցք է, ի՞նչ մոլագարություն է: Անդադար ասում ենք մենք ուզում ենք…ու վեհ բաներ են ասում: Լավ, գոնե մի քայլ արեք, որ ասենք՝ ուզում են ոնց որ: Իրենք անընդհատ հուշում են, որ ոչ թե չեն կարողանում անել, այլ՝ չեն ուզում»:

Երբ փոխանցեցինք՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասում է, որ Անկախության տոնը նշելու հետ կապված հարցը քաղաքական շահարկման առարկա են դարձրել՝ Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Մամանե՞րն են քաղաքական շահարկման առարկա դարձրել: Հերոս տղերքի կանա՞յք են դարձրել: Մաման, որը ծանր է տանում այդ ամեն ինչը, ծնողը, քույրը, եղբայրը, ի՞նչ քաղաքական շրջանակ են: Այն քաղաքական ուժը, որը չի դատապարտում այդ որոշումը, ուրեմն քաղաքական ուժ չի, չգիտեմ ինչ է: Չեմ ուզում վատ բան ասեմ, բայց Կոնջորյանը թող իր վրա վերցնի ու գնա տոնակատարություն անի, տեսնեմ կարա՞ անի: Ես չեմ հասկանում՝ իրենց ուղեղն աշխատո՞ւմ է, թե՞ դիտավորյալ են անում, ինչ ասում են՝ ապուշություն է դուրս գալիս»:

Ըստ Գեղամ Նազարյանի, իշխանությունները «վատ աշխատանք» են տանում որոշ ծնողների հետ. «Որոշակի գրագիտության սահմանում գտնվող ծնողների համոզում են, որ ասեն՝ այս ինչ լավ է, որ համերգ եք անում: Բայց եթե ձեր հենարանը նրանք են…Նրանց պետք է օգնես, որ այդ վիճակից դուրս գան: Բայց այս երկրի համար մի բան արած, խելքով, սովորած հերոս տղերքի ծնողներն ասում են՝ այդ այլանդակությունը մի արեք, դրա հետեւանքը ծանր է լինելու երկրի համար, մենք մի հատ էլ դաժան պատիժ ենք ստանալու այդ օրը, եթե գունագեղ շոու անենք: Ես մի խորհուրդ տամ վարչախմբին՝ եթե ուզում էին 2 մլն գրպանեին, թող ուրիշ բան անեին: Թող մի տեղ էլ ասֆալտ անեին, որովհետեւ գիտենք էլի, 2 մլն-ով ի՞նչ են անելու, մի հատ լույս գցեն, 2 մլն դոլա՞ր, այն էլ այս երկրո՞ւմ: Ու ամեն օր ասում են՝ կորոնավիրուս, եկեք սրսկվեք, ով չի սրսկվում, գործից հանում ենք, ով դիմակ չի դնում՝ վիզը կտրում ենք: Բա խի՞ եք ժողովրդին իրար գլխի հավաքում: Եթե ժողովուրդը տրամաբանություն ունենա, կհարցնի՝ նախ ցինիկ եք, որ քեֆ-ուրախություն եք անում, երկրորդը՝ ստախոս եք, բա ասում եք՝ կորոնավիրուս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930