«Մեկ բեռնատարից մոտավոր 380 դոլար են աշխատում ադրբեջանցիները։ 140 դոլար դեպի Երեւան գնալուց են ուզում, 240 հետ գալուց»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Որոտանում արդեն երկու օր կայանած Իրանի Իսլամական Հանրապետության ավտովարորդ Բահման Մ-ն։ Մոտ 50 մեքենա Իրանից Երեւան գնացող, եւ 25-ից 30 բեռնատար էլ Երեւանից եկող կա։ Իրանցի վարորդները չեն կարողանում վճարել ադրբեջանցիների պահանջած գումարը։ «Սպասում ենք, որ մեր դեսպանությունը երկու օրվա մեջ էս հարցը լուծի, թե չէ փակելու ենք Երեւան-Մեղրի ճանապարհը»,-ասում է Բահմանը։
Ըստ իրանցի ավտովարորդների, հայ վարորդների բեռնատարները, նույնիսկ վրացական պետհամարանիշներով բեռնատարներին չեն կանգնեցնում։ Վարորդներին առաջարկվում է երթեւեկել Տաթեւ–Աղվանի այլընտրանքային ճանապարհով, սակայն ըստ իրանցիների՝ այդ ճանապարհով դեռեւս վտանգավոր է երթեւեկել։ «Մեր ավտոների համար չէ էդ ճանապարհը։ Սարքեն՝ նոր կարանք գնանք։ Հիմա կարող է ավտոն շուռ գալ, մեծ ավտոներ են»,–ասում է Բահմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանցիները իրանցի վարորդներից գումար են գանձում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ