Այսօր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նոր ժամանման սրահի բացման արարողությանը։ Նրանք շրջայց կատարեցին նաև թռիչքադաշտում։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ կարծիք հայտնելով, որ «Շիրակ» օդանավակայանը կդառնա Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը։
Սուրեն Պապիկյանին հարց ուղղվեց նաև Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված լարված իրավիճակի մասին, որտեղ ադրբեջանցիները, տեղադրելով ոստիկանական կետեր, խոչընդոտում են բեռնատարների մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Նրանք երեկ ձերբակալել էին իրանցի երկու վարորդների, որոնք ցեմնետ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։
Կարդացեք նաև
Փոխվարչապետն ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական խողովակներն են աշխատում, բանակցություններ են ընթանում և եռօրյա ժամկետում նրանց ազատ կարձակեն։ Ըստ նրա, այս խնդրի լուծումը մեր դաշտում չէ։
Սուրեն Պապիկյանը նաև վստահեցրեց, որ բեռնափոխադրումների ցուցանիշը չի նվազել և որ Իրանից բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետությունում կանգ չեն առնելու, մենք ունենք նաև այլընտրանքային եղանակներ՝ բոլոր բեռները Հայաստանի Հանրապետության ցանկացած հատված տեղափոխելու։
«Բնականաբար, այն ինչ տեղի է ունեցել, բարդ խնդիր է, բայց ցանկացած խնդիր լուծելի է»,- ասաց Սուրեն Պապիկյանը։ Նա նաև տեղեկացրեց՝ կա ոստիկանական էկիպաժ, որն ուղեկցում է բեռնատարներին։
«Երեք անշարժ և երկու շարժական ոստիկանական էկիպաժ ունենք, որ ուղեկցում են բեռնատարներին։ Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան-Տաթև ուղղությամբ, կարող են երթևեկել ոստիկանների ուղեկցությամբ։ Այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում և առանց ոստիկանների ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ ։
Շատերը խուսափում են դրանից, որովհետև մեքենաները գերբեռնված են և հաշվի են առնում այն, որ փոքր քարից անգամ անցանկալի դեպքեր կարող են տեղի ունենալ։ Բայց ունենք նաև այդ ուղղությամբ շարժվողներ, մասնավորապես միջին չափի մեքենաները Տաթև-Կապան ուղղությամբ կարողանում են երթևեկել։ Մեծ հաշվով ասֆալտապատումից հետո մենք կկարողանանք իրականացնել մեքենաների ազատ տեղաշարժն այս ուղղությամբ։
Միակ խնդիրը կարող է ծագել «Սատանի կամուրջ» կոչվող վայրում, սա Տաթևի հատվածում է, բայց այլընտրանք մենք արդեն սկսել ենք կառուցել Տաթև-Լծեն ճանապարհը»։
Նա տեղեկացրեց, որ երկու ընկերություններ երկու կողմերից առաջիկայում կսկսեն շինարարական աշխատանքները, նպատակն այն է, որ մինչև տարեվերջ ունենանք այս ճանապարհի գրունտային տարբերակը։
«Սա ենթադրում է, որ մենք կունենանք Կապանից-Տաթև, և Տաթևից Լծեն M երկու նոր, գեղեցիկ, անցանելի ճանապարհ՝ նոր մեքենաների համար»,- ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ իրենց կողմից աշխատանքներ են տարվում Սյունիքում նոր ճանապարհներ կառուցելու դեպի գյուղ Բարձրավան, գյուղ Շուռնուխ, գյուղ Խոտ-Որոտան ու դեպի Ճակատեն ։ Այլընտրանքային այս ճանապարհները կկառուցեն անվտանգությունից ելնելով։
Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ, շուտով կսկսվեն հողային աշխատանքները, իսկ բարենպաստ եղանակի դեպքում գարնանը կասֆալտապատվեն։
Լրագրողներից մեկը Սուրեն Պապիկյանին հարցրեց, թե ադրբեջանական ոստիկանական կետերը շարունակելո՞ւ են մնալ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան համայնքի հատվածում, որին փոխվարչապետն այսպես պատասխանեց․
«Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են, մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել։ Ես չեմ կարող այսօր որոշել, որ չի լինելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հատվածում նախնական ո՛չ դելիմիտիացված, ո՛չ դեմարկացված, բայց Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհն արդեն իսկ ուրվագծված է»,-ասաց փոխվարչապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ