Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվում է քողարկված եղանակով մեզ հարկադրում են պատվաստվել. Նինա Հակոբյան

Սեպտեմբեր 16,2021 19:11

Հրամանը պահանջում է աշխատակիցներից ՊՇՌ թեստի բացական պատասխան։ Եվ խոսքը չի գնում՝ աշխատանք կամ պատվաստում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը՝ հիշեցնելով, որ աշխարհում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը:

«Բացի այն, որ «դելտա» շտամն ավելի ծանր ընթացք է ունենում եւ ավելի շատ մահացության թվեր է տվել ամբողջ աշխարհում, այս շտամով ռիսկի խումբը փոխվել է: Հիմա ախտահարվում են ավելի երիտասարդ մարդիկ:

Եթե կորոնավիրուսի դեպքում նախկինում 65 տարեկանից բարձրն էր ռիսկային խումբը, «դելտա» շտամի պարագայում 65-ից բարձրն արդեն միակը չէ, հիմնական հիվանդացողները 25-ից բարձր խումբն է, հիմնականում աշխատող մարդիկ։  Ռիսկային խմբի փոփոխությունը եւս այն հիմնավորումներից է, որ մտցվել է այս կարգավորումը»,- նշեց տիկին Բակունցը։ Նա նաեւ ասաց, որ պատվաստումը կանխարգելիչ միջոց է, փրկում է մահերից, ծայրահեղ ծանր ու ծանր դեպքերից, մեծ տոկոս դեպքերում՝ ընդհանրապես հիվանդանալուց։

Ըստ Նունե Բակունցի կան երկրներ, որոնք թեսթ պահանջում են երեք օրը մեկ, Հայաստանն ընտրել է 14 օրը: Բացի այդ երկրներում մարդկանց ընդհանրապես արգելու են հասարակական վայրեր այցելել, եթե չունեն թեսթի բացասական պատասխանը կամ՝ պատվաստման փաստաթուղթը:

Քննարկմանը ներկա Աշոտ Բարսեղյանը, որը գործատու է եւ  Ռեստորանների ասոցիացիայի նախագահը, ասաց, որ խոսելու է մի շարք գործատուների անունից, որոնք չեն կիսում նախարարության տեսակետը. «Ոչ մի գործատու, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 132-րդ հոդվածի,  իրավունք չունի  թեստի կամ պատվաստման բացակայության դեպքում մարդուն ազատել աշխատանքից: Նախարարի հրամանը չի կարող վերադաս օրենքներ եւ մարդու իրավունքների,  հիմնարար ազատությունների դիրքերը խախտել:

Նրա խոսքով, անցյալ տարի միլիարդավոր դրամներ վատնվել են կոնտակտավորներին չեզոքացնելու համար, իսկ հիմա՝ 30 հազար դրամ տալ թեսթին. «Առողջապահության նախարարությունը ստացել է կես միլիոն դոլար, որպեսզի իր իսկ թեսթը մշակի, բայց մենք այդպես էլ չտեսանք այդ թեսթը: Այսինքն՝ արդյունավետ աշխատանք կատարելու փոխարեն, արդեն որերորդ տարին է, առողջապահության նախարարությունը հանդես է գալիս անտրամաբանական, չհիմնավորված քայլերով: Այս օրինագիծը հապճեպ կարված է եւ դրա շուրջ հազարավոր բողոքներ են լինելու: Չի կարելի 60 տարեկան կանանց, որոնք հազարավոր աշխատատեղեր են զբաղեցնում, ունեն մի շարք հիվանդություններ եւ ստանում են 60-70 հազար դրամ, պարտադրել, որպեսզի 30 հազար դրամը տան թեսթին»:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանի խոսքով այստեղ խոսք է գնում երկու կարեւոր իրավունքի մասին՝ սոցիալական եւ առողջապահական, ինչը ցանկացած անձի համար շատ կարեւոր է. «Բոլոր իրավաբանները, փաստաբանները, որոնք գոնե մեկ անգամ կարդացել են այդ հրամանը, վստահաբար կարող են ասել, որ այնտեղ հակասությունների փաթեթ է: Կան հակասություններ Սահմանադրության հետ, որը մեր մայր փաստաթուղթն է եւ որից պետք է բխեն մնացած բոլոր իրավական ակտերը: Կան ե՛ւ խտրականության իրավունքի շատ կոպիտ խախտումներ, հատկապես՝ Հանրային ծառայության մասին օրենքում, որտեղ որոշ անձինք որոշ արտոնյալ դիրք են զբաղեցրել ընդհանուր ցանկում, ե՛ւ թե՛ գործատուն, թե՛ աշխատողը մի նոր խնդրի առջեւ են կանգնելու, որովհետեւ թերի եւ շատ վատ կարգավորումների պատճառով երկուսն էլ խնդիր են ունենալու»:

Ըստ Վիոլետ Զոփունյանի, զուտ սոցիալ-տնտեսական տեսանկյունից էլ մարդուն ոչ թե դնում են ընտրության առաջ, իսկ պատվաստումը կամավորության հիմունքով է,  այլ պարտադրում են, ինչը խնդիր է: Նրա համոզմամբ, պատժիչ գործողությունները ցանկալի արդյունքը չեն տալու եւ խնդիրներն ավելանալու են: Նրա խոսքով, մարդուն պետք է ճիշտ հասցնել այն տեղեկատվությունը, որպեսզի նա ընդունի, որ պատվաստումն անվտանգ է եւ ինքնակամ ցանկանա պատվաստվել:

Ի դեպ, քննարկմանը հրավիրվել էին արդարադատության եւ առողջապահության նախարարությունների մասնագետները, սակայն նրանք չէին եկել:

Նունե Բակունցի կարծիքով՝ գործատուի գործը տուժում է, երբ նրա աշխատողը հիվանդանում է եւ չի ներկայանում աշխատանքի եւ որքան շատ են հիվանդանում նրա աշխատակիցները, այնքան ավելի շատ է տուժում աշխատանքը. «Գործատուն պետք է շահագրգռված լինի, որ իր աշխատողը չհիվանդանա, որովհետեւ գնալով հիվանդությունն աճում է եւ ավելի շատ մարդիկ են հիվանդանում: Գործատուն ստիպված է լինելու բերել այլ մարդիկ, որպեսզի աշխատանքը չտուժի: Այս կարգավորումն ուղղակիորեն բխում է գործատուների շահերից»:

Ինչ վերաբերում է նախարարության այն հիմնավորումներին, որ քաղաքացին ունի ընտրություն՝ կամ պատվաստվել կամ՝ 14 օրը մեկ ՊՇՌ  թեսթ ներկայացնել, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանն ասաց. «Երբ այդ թեսթերը վճարովի են եւ շուկայում դրանց գինը սկսում է 9 հազարից մինչեւ 15 հազար դրամ եւ ամսական երկու անգամ պետք է արվի, իսկ պատվաստումներ անվճար են, այս պարագայում նվազագույն աշխատավարձ ստացող անձը անուղղակիորեն դրվում է պատվաստվելու հարկադրանքի առջեւ. «Ստացվում է՝ մեզ կամավոր ձեւով հարկադրում են պատվաստվել: Ստացվում է քողարկված եղանակով մեզ հարկադրում են պատվաստվել: Իսկ պատվաստումը միջազգային նորմերի համաձայն չի կարող լինել պարտադրված»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930