Գյումրիում Ռուսական տանը տեղի ունեցավ ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԱ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, շտաբի պետ Վաչիկ Ղարիբյանը և Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետի տեղակալ Արմանուշ Մովսեսյանը:
Վաչիկ Ղարիբյանը ընդգծեց դասընթացների կարևորությունը ոստիկանների բանավոր խոսքի կատարելագործման համար: «Նման դասընթացները շատ կարևոր են ոստիկանների համար, քանի որ մենք համագործակցում ենք Ռուսաստանից ժամանած գործընկերների հետ, շատ հաճախ շփվում ենք Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների և սահմանապահների հետ», – ասաց Ղարիբյանը:
Նրա խոսքով` շատերն են ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի դասընթացներին, սակայն, ցավոք, իրենց պաշտոնական պարտականությունների պատճառով ոչ բոլորն են կարող հաճախել:
Ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել էր սահմանամերձ ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացները, որոնք կազմակերպում է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում): Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզի ոստիկանապետ, գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ, գնդապետ Արա Դավթյանը:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Մամիկոնյանը ընդգծել էր միջոցառման կարևորությունը Հայաստանի այս ռազմավարական կարևորության տարածաշրջանի համար: «Մեր ոստիկանությունը նման դասընթացների կարիք ունի: Շատ կարևոր է բարձրացնել ոստիկանների գիտելիքների մակարդակը, տալ նրանց ռուսերեն ավելի խորը սովորելու հնարավորություն, որպեսզի նրանք ազատ շփվեն», – ասել էր Սյունիքի ոստիկանապետը:
Հայաստանի ոստիկանության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Արաբյանն ավելի վաղ արդեն հայտնել էր Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) հետ համագործակցության ակտիվացման մասին:
«Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի դասընթացներ ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերի ոստիկանության աշխատակիցների համար: Սա ռուսաց լեզվի առաջին դասընթացները չեն, և հուսամ՝ ոչ էլ վերջինը: Քաջ հայտնի է, որ գիտելիքը ուժ է, իսկ լեզուների իմացությունը` հզորություն: Հետևաբար, ՀՀ ոստիկանության ղեկավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը և անձամբ դրա ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին` ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար։ Վստահեցնում եմ, որ ՀՀ ոստիկանությունը կշարունակի աջակցել Հայաստանում բոլոր հնարավոր կրթական ծրագրերին », – ասել էր Ալեքսանդր Արաբյանը:
Ռուսական տուն