Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար նշանակություն չունի` իմ պապը հրե՞շ է եղել, թե հրեշտակ». Թումանյանի եղբոր ակադեմիկոս թոռ

Սեպտեմբեր 16,2021 18:14

«Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր․ շատ լավ գիտեր արևելյան նաղլերը – պոեմները՝ Ասլի Քյարամ, աշըղ Ղարիբ և այլն, և այլն, և շատ բայաթի, ու միշտ նվագում էր ու երգում։ Մահից հետո զարմանալի կենդանի նրա ձենը մնաց ականջիս մեջ ու երգում է շարունակ»,-սրանք Հովհաննես Թումանյանի խոսքերն են եղբոր` Ռոստոմի մասին: Հովհաննես Թումանյանի կյանքում կարևոր տեղ է ունեցել նրա Ռոստոմ եղբայրը, որի նկատմամբ բանաստեղծն ունեցել է առանձնահատուկ համակրանք։

Հովհ․ Թումանյանի թանգարանում կայացավ «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն է:

Գիրքը նոր խոսք է թումանյանագիտության մեջ, քանի որ արխիվային նյութերի հրման վրա բացահայտվում են մի շարք փաստեր, որոնք նոր լույս են սփռում Ռոստոմի կյանքի ու գործի վրա՝ սերտորեն կապվելով Հովհ․ Թումանյանի և նրա ստեղծագործության հետ։

Ռոստոմի անձի շուրջ հյուսվել է մի զրուցապատում, որով ժամանակին փորձել են անվանարկել բանաստեղծին և Թումանյան ազնվական տան հեղինակությունը։ Գրքում ներկայացված է իրական Ռոստոմի և նրա ժողովրդաշունչ կերպարի հակասությունը, Ռոստոմի սպանության առեղծվածի բացահայտումը։ Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ խանդավառությամբ է ընդունել նման կարեւոր գրքի ծնունդը, հավելեց, որ դժվարին ժամանակներում գրքեր են ծնունդ առնում, որոնք լավագույն վկայությունն են հայ ազգի հավերժության խորհրդի: Նրա համոզմամբ, «այս գիրքը կփակի շատ-շատ բերաններ, որոնք մինչ օրս չարախոսել են»:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի խոսքով, այս խառնիճաղանջ ժամանակներում ամեն մի արժեքավոր աշխատության տպագրություն արդեն իսկ հաղթանակ է.«Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ ականատեսն ենք մեր հայրենիքի մի մասի կորստի, անհասկանալի անորոշության… Եվ այս անորոշության մեջ մտավորականներն են, որ պիտի լույս սփռեն եւ փորձեն լուսավորել մարդկանց հոգիները»:

Գրքի մասին, ի թիվս այլոց, խոսք ասացին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, թումանյանագետ Ազատ Եղիազարյանը: Էդվարդ Միլիտոնյանը հատկապես կարեւորեց գրքի այն առանձնահատկությունը, որ չկան գունազարդումներ, եւ իմաստ էլ չունի Թումանյանի պատմուճանը դնել ուրիշի ուսերին:

«Շատ հարցականների պատասխաններ, որոնք գուցե եւ մենք գիտեինք նախքան այս գիրքը, բայց ունեինք տարբեր մոտեցումներ, կարծիքներ, որոշումներ, այս գրքում ի դեմս նրա հեղինակի այդ բոլորի պատասխանները լիովին եւ ամբողջապես տրվեցին»,-ասաց Սերգո Երիցյանը:

 

Միջոցառմանը ներկա էին նաեւ բանաստեղծի եղբայրների` Վահան եւ Ռոստոմ Թումանյանների թոռները` ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը եւ տիկին Լաուրան:

Հանրի Ներսիսյանը պատմեց, թե ինչպես է մանկավարժականի մի դասախոս իր պապի` Ռոստոմի մասին մի դասախոսություն կարդացել ու նրան որպես հրեշ ներկայացրել: «Զանգեցի ու մի հարց տվեցի` ինչի՞ հիման վրա եք դա գրել, փաստերը որտեղից…Լսեցի Ակսել Բակունցի անունը, եւ այլն եւ այլն…Փաստորեն պետք է գտնեին մեկին եւ կուլակաթափ անեին, ինչպես գրել է Վանոն… Բայց ինձ համար նշանակություն չունի` իմ պապը հրե՞շ է եղել, թե հրեշտակ…Նա եղել է իմ պապը, այն ինչ ասում են մարդու մասին, պետք է համապատասխանի իրականությանը»,-ասաց Ռոստոմ Թումանյանի թոռը:

Նա պատմեց, թե ինչպես է ծանոթացել Վանո Եղիազարյանի հետ, որը տեղեկացրել է, որ ուզում է իր պապի մասին գիրք գրել, նաեւ իրեն է ուղարկել պապի դատական գործը` պեղված արխիվներից:

Վահան (Վանո) Թումանյանի թոռնուհին` տիկին Լաուրան, ասաց, որ դժվար է խոսք ասել գրականագետների ներկայությամբ, մասնավորապես Հովհաննես Թումանյանի տանը, բայց պետք է փորձի: Նա հիշեցրեց, թե ինչպես է 1915թ այս օրը գյուղական ցեցերի դավադիր գնդակից սպանվել Ռոստոմ Թումանյանը, իսկ նրա մասին տեղեկություններ ինքը ստացել է իր ընտանիքից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930