«Ազատություն» ռ/կ. «Կասետային զինատեսակների մոնիթորինգ 2021» զեկույցը փաստում է, որ 2020 թվականին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատ տուժածները գրանցվել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ` 107 մարդ։
«Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը և դրանց լայնորեն դատապարտումը, ցույց է տալիս, որ նման զենքերի արգելումը ուժ է հավաքում։ Բոլոր երկրները պետք է դատապարտեն որևէ մեկի կողմից կասետային զենքի ցանկացած օգտագործում, ցանկացած պարագայում», – ասել է մոնիթորինգի համակարգող Մարի Ուերհեմը:
Զեկույցը Ժնևում հրապարակվել է կասետային զենքն արգելող կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-21-ը։
Կասետային ռումբերն արգելող կոնվենցիան ստորագրել են 110 երկրներ, բայց Ադրբեջանը, Հայաստանը ու ևս մի քանի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները մինչև հիմա այդ կոնվենցիային չեն միացել։
Կարդացեք նաև
Կասետային ռումբերը հարյուրավոր փոքր պայթող տարրերով կամ մետաղի կտորներով լցոնված ռումբեր են, որոնք թիրախների շրջակայքով մեկ մեծ վնասներ են պատճառում, հատկապես քաղաքացիական բնակավայրերում։ Այս տեսակի ռումբերի չպայթած մասերը վտանգավոր են նաև մարտական գործողությունների ավարտից հետո։
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` անցած տարվա հոկտեմբերին, HRW իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, ուր նշված էր, որ Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել էին Ստեփանակերտի և Հադրութի դեմ կիրառված ռումբերի հարվածների հետևանքները, պայթած զենքի մնացորդներն ու չպայթած մասերը։ Ադրբեջանն իր հերթին հայկական կողմին էր մեղադրել կասետային ռումբեր օգտագործելու մեջ, սակայն Human Rights Watch-ը հնարավորություն չէր ունեցել ինքնուրույն ստուգել այդ մեղադրանքները։
Իրավապաշտպան կազմակերպությունը նշել էր, որ չնայած Ադրբեջանն ու Հայաստանը չեն միացել կասետային զենքն արգելող կոնվենցիային, բայց նրանք ստորագրել են Ժնևյան հումանիտար մի շարք այլ համաձայնագրեր և չպետք է կասետային զենք օգտագործեն։
2020 թվականին ամբողջ աշխարհում այդ զենքից առնվազն 360 մարդ է տուժել, որոնցից 142-ը` կասետային ռումբերի հարձակումների ժամանակ, իսկ 218-ը երբ պայթել են զենքի մնացորդները։ Դեպքերն արձանագրվել են Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Կամբոջայում, Իրաքում, Հարավային Սուդանում, Սիրիայում։ Տուժածների ավելի քան 40 տոկոսը երեխաներ են։ Զեկույցում նշված է, որ տուժածների ընդհանուր թիվը հնարավոր է ավելի մեծ լինի, քանի որ շատ դեպքեր չեն արձանագրվել տվայլների հավաքագրման հետ կապված խնդիրների պատճառով։
Ըստ զեկույցի՝ աշխարհի 26 երկրներում և երեք տարածքներում կասետային զենքի մնացորդներ կան։