Հանրահայտ հայ գործարար Նուբար Աֆեյանը, որի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը կորոնավիրուսի դեմ արտադրում է «Moderna» պատվաստանյութը, այն առաջարկել է ՀՀ կառավարությանը, սակայն վերջինս հրաժարվել է։ Այս մասին Aravot.am-ին ասաց Պարացելսուս ՀԿ նախագահ, առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը՝ նշելով, որ սա իրեն փոխանցված տեղեկություններն են։
«Արդի բառապաշարով՝ ըստ օդում կախված լուրերի (բայց տեղեկատվությունն այնպիսի անձնավորությունից է, որ հաստատ է), Նուբար Աֆեյանը ցանկացել է ՀՀ-ին որպես նվիրատվություն անել 2 միլիոն դոզայի չափով, իսկ կառավարությունը հրաժարվել է նվեր վերցնել ու առաջարկել գումարով գնել։ Նուբար Աֆեյանն էլ հրաժարվել է գումարով վաճառել, եւ հիմա մենք կախված ենք օդում»,-նշեց Նունե Ներսիսյանը։
Ըստ նրա՝ «Moderna» պատվաստանյութը ձեռքբերելու համար ողջ աշխարհն է պայքարում, իսկ մենք կարող էինք նվեր ստանալ․ «Այդչափ դոզան մոտ մեկ միլիոն բնակչության համար կլիներ։ Առհասարակ, տրամաբանության մեջ չեմ կարող տեղավորել այս ամենը։ «ԱստրաԶենեկայի» մեկ դոզան արժի մոտ 26-28 դոլար, սակայն մեր կառավարությունն, ըստ շրջանառվող լուրերի, այն գնում է 4 դոլարով, եւ պարզ չէ, թե ինչու։ Հասկանում եմ, որ իրենք սրան բացատրություն չեն տա»։
Ինչ վերաբերում է գնահատականներին, որ «Moderna»-ն ավելի արդյունավետ պատվաստանյութ է, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ինքն անձամբ դեմ է պատվաստմանը․ «Այո, հնարավոր է, որ «Moderna»-ն ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ․ կարծում եմ՝ եթե այդ տեսակի պատվաստանյութը կիրառվեր, շատերն իրենց կամքով կպատվաստվեին, ոչ թե ստիպողաբար, իսկ համաճարակային իրավիճակն ավելի կառավարելի կդառնար»։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի կեսին «Առավոտ»-ը գրել էր, որ ըստ առողջապահության նախարարության՝ «Moderna» ձեռք բերելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։ Տիկին Ներսիսյանի ունեցած տեղեկությունները ճշտելու նպատակով նախարարության լրատվական ծառայության հետ կապ հաստատել չհաջողվեց, ուստի գերատեսչության պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ