Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց` ինչու ԿԳՄՍ նախարարությունից որեւէ մեկը չի այցելել Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, որտեղ ժամանակավորապես ցուցադրվում են Շուշիի գորգերի թանգարանից տարհանված բացառիկ նմուշներ, եւ արդյոք ԿԳՄՍ նախարարության օրակարգում կա Շուշիի գորգերի թանգարանի շենքի հարցի լուծումը, քանի որ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի պնդմամբ՝ իր փրկած գորգերի ճակատագիրն անհայտ է, եւ ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի կառավարությունից չեն այցելել, որեւէ կառուցողական առաջարկ չի հնչել:
ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալը հայտնեց. «Շուշիի գորգերի թանգարանի ներկայացուցչի հետ 2 անգամ հանդիպել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, քննարկել են ստեղծված իրավիճակը, թանգարանի հետագա գործունեությանն առնչվող հարցեր, առաջարկվել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում տեղ տալ իրենց` ցուցահանդեսի եւ գորգերը պահելու համար, բայց նրանք հրաժարվել են: Ընդ որում` եղել է նաեւ պաշտոնական գրագրություն, բայց փոխհամաձայնության չեն եկել:
Իրենք նոր շենք են ուզում, ինչն այս պահին հնարավոր չէ: ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունն այս պահին այն է, որ եղած թանգարանների վիճակները բարելավի, ու այս պահին Երեւանում շենք տրամադրելու տարբերակ չկա, գործող թանգարաններում պետք է տեղ հատկացվի, իսկ իրենք այդ տարբերակի հետ համաձայն չեն»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ըստ Վարդան Ասծատրյանի, փրկված ամենահին գորգը 17-րդ դարի է, իսկ ընդհանրապես գորգերը թվագրվում են 17-րդ դարից մինչեւ 19-րդ դարի վերջ: Թշնամու վերահսկողության տակ անցած Շուշիիում մնացած գորգերը թալանվել են ադրբեջանցի զինվորների կողմից, իսկ Շուշիի գորգերի թանգարանում Ալիեւները նոր թանգարան են հիմնել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ