«Անկախությունից ինչ-որ մնացել է՝ մնացել է մեր տղաների շնորհիվ, որոնք այսօր Եռաբլուրում են։ Եթե նրանց հարգանքի տուրք են տալու տոնախմբության տեսքով, դա իմ համար աբսուրդ է»,-կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց 2020թ․ պատերազմում որդուն կորցրած Արթուր Եղիկյանը։
Որդեկորույս ծնողները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով սեպտեմբերի 21-ին սպասվող ՀՀ անկախությանը նվիրված տոնակատարության դեմ, որը «գունագեղ տոնակատարություն» անվանելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, երեկ ներողություն խնդրեց ԱԺ ամբիոնից։
«Չեմ հասկանում, թե այդ տոնախմբությունն ինչի համար են առհասարակ կազմակերպում։ Հայրենիքի կեսը կորցրած ժողովուրդն անկախություն է նշում․․․եթե դա նորմալ է, թող անեն։ Ես չեմ կարող պահանջել, որ ընդհանրապես որեւէ բան չանեն։ Բայց ծնողներով պահանջում ենք, որ հնարավորինս ծանոթանանք այդ միջոցառման ծրագրին։ Այն գոնե պետք է լինի դասական երաժշտությամբ, եւ դրանով բավարարվենք։ Քեֆ-ուրախության երաժշտություն չպետք է լինի»,-նշեց հայրը։
Նրա խոսքով՝ եթե լինեն միայն հայրենասիրական երգեր ու դասական երաժշտություն՝ առանց հրավառության, ապա համաձայն կլինեն․ «Շատերն ասում են, որ պետք է նշել, որ կյանքը շարունակվում է, բայց մեր կյանքը չի շարունակվում, մենք ուղղակի ապրում ենք։ Մեր կյանքը չի էլ շարունակվելու։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, եթե վաղը մյուս օրը թուրքի պոստից պետք է թույլտվություն հարցնենք՝ մարզերի մեր ծննդավայրեր գնալու համար։ Ո՞նց կարող է այդպիսի անկախություն լինել։ Ես չեմ կարող նման անկախության մեջ ինձ լավ զգալ ու ապրել։ Մեր տղաները, լավ է, որ սա չտեսան․․․Առհասարակ, ճիշտ կլիներ նման միջոցառում առհասարակ չանեին։ Այդ ֆինանսը, որ ծախսելու էին, թող տային վիրավորների բուժմանը։ Դա իսկապես հայրենասիրական քայլ կլիներ վարչապետի կողմից։ Մենք լավագույն տղերքին ենք կորցրել։ Եթե նրանց բացակայութամբ հանդերձ պետք է տոնախմբություն անեն, խոսքեր չունեմ»։
Կարդացեք նաև
Նշենք, որ կառավարության ներկայացուցիչը ծնողներին խոստացել է այսօր ընդունելություն կազմակերպել եւ նրանց ծանոթացնել տոնակատարության ծրագրի հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ