«Կառավարությունից պահանջում եմ, որ հարգեն մեր զինվորներին, մեր տղաների թափած արյունը։ Իրենց համար են արյուն թափել։ Ես չեմ ուզում, որ այդ հրավառությունը լինի»,-գործադիրի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց 2020թ․-ի պատերազմում զոհված Սերժ Բեգլարյանի մայրը՝ Քրիստինե Բեգլարյանը։
Որդեկորույս ծնողները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով սեպտեմբերի 21-ին սպասվող ՀՀ անկախությանը նվիրված տոնակատարության դեմ, որը «գունագեղ տոնակատարություն» անվանելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, երեկ ներողություն խնդրեց ԱԺ ամբիոնից։
«Եթե անելու են, թող պատշաճ անեն, հարգանքով վերաբերվեն։ Խնդրում ենք՝ թող հարգեն մեր երեխաներին։ Ինձ պետք չի իր ներողությունը։ Թող ներողություն խնդրեր այն ժամանակ, երբ երեխաներին տարավ թուրքի բերանը։ Այդ ժամանակ թող մտածեր պատերազմը կանգնեցնելու մասին, որ մենք այս օրին չհասնեիք եւ որպես սգավորներ՝ չգայինք այստեղ կանգնելու։ Մենք մեր սուգն ենք տանում, հարգեք մեր տղաների արյունը։ Հին կառավարությունն էլ է մեղավոր, ես նրանց էլ եմ մեղադրում, բոլորին»,-ասաց մայրը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ըստ Փաշինյանի խոսքերի՝ հրավառություն չի լինելու, տիկին Բեգլարյանը նշեց․ «Մինչեւ այդ ասում էին, որ գունագեղ միջոցառում է լինելու, հիմա էլ ուրիշ բան են ասում։ Ուղղակի պահանջում եմ, որ հարգեն մեր տղաներին։ Եռաբլուրը Հայաստանի չափ է դարձել, մարզերի պանթեոններն էլ չասեմ»։
Ծնողը նաեւ նշեց, որ կառավարությունից գոնե պետք է բարեհաճեին ու գային, բացատրություն տային․ «Ես կողմ եմ, որ անկախությունը նշենք, բայց ոչ գունագեղ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ