Առողջապահության նախարարությունը հավելյալ 2,570 միլիարդ դրամի կարիք ունի պետպատվերով բուժօգնության համար
Առողջապահության նախարարությունը մտադիր է պետական բյուջեից հավելյալ գումար խնդրել հանրության որոշ խմբերին առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Նախարարությունը կառավարության գրավոր քվեարկությանն է ներկայացրել 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու եւ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը։
Հիշեցնենք, հանրապետության մի շարք խոշոր բուժհաստատություններում սպառվել են պետպատվերի գումարները, եւ ինչպես նախարարությունն էր վստահեցրել, պատճառը հետպատերազմական իրավիճակն ու քաղաքացիների դիմելիության ահռելի ցուցանիշն է։
Ընդ որում, նախարարությունը բուժհիմնարկներին տեղեկացրել էր, որ մինչեւ տարեվերջ գումար չի հատկացնելու պետպատվերով սպասարկվող սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների սրտի վիրահատությունների, դժվարամատչելի եւ թանկ ախտորոշիչ հետազոտությունների համար եւ առաջարկել էր նշված բուժծառայությունների համար քաղաքացիների հերթագրում կատարել։
Կառավարությանը ներկայացրած նախագծով նախատեսվում է ավելացնել 2021 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաեւ փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» եւ «Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներով հատկացված միջոցները:
Կարդացեք նաև
Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների համար նախարարությունը վստահեցնում է, որ անհրաժեշտ է եւս 550 միլիոն դրամ:
«Վերլուծելով 2021 թվականի առաջին կիսամյակի ուռուցքաբանական ծառայությունների դինամիկան` առկա իրավիճակը հետեւյալն է` սույն միջոցառման շրջանակում 2020 թվականի համեմատ (շուրջ 27,7 հազար ծառայություն) 2021 թվականին կանխատեսվում է պետական պատվերով իրականացվող ծառայությունների մոտ 24% աճ (շուրջ 6,5 հազար դեպք): Ներկայում «Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման հատկացրած ֆինանսական միջոցները կազմում է 5,17 միլիարդ դրամ, ըստ կանխատեսումների, ուռուցքաբանական ծառայությունների մատուցումը պետական պատվերով անխափան իրականացնելու համար անհրաժեշտ է եւս 550 միլիոն դրամ»,-նշված է նախագծում:
Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ 2021 թվականին «Զինծառայողներին, փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շահառուների դիմելությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 203,7%-ով:
Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության, զինծառայողներին, փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության համար, ինչպես նշված է նախագծում, անհրաժեշտ է եւս 2,02 միլիարդ դրամ:
Այս լրացուցիչ ֆինանսական միջոցներն, ըստ նախագծի, անհրաժեշտ են 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում կամ խեղում ստացած զինծառայողների փուլային, շարունակական բժշկական օգնությունը կազմակերպելու համար:
Նախագծի հեղինակների հաշվարկներով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին առաջին փուլում մատուցվել են շուրջ 14 հազար բժշկական ծառայություններ՝ հիմնականում անհետաձգելի, կյանքը փրկող վիրաբուժական միջամտություններ, որից 4 հազար վիրավորի (ըստ նախնական հաշվարկի) կպահանջվի 2-րդ, 3-րդ փուլի բուժօգնություն, որը ենթադրում է պլաստիկ-վերականգնողական ռեկոնստրուկտիվ եւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատական միջամտություններ՝ մետաղական կոնստրուկցիաների, էնդոպրոտեզների, սկավառակների, ողնաշարի իմպլանտների տեղադրմամբ: Կառավարություն ներկայացված նախագծում նշված է, որ վիրավորների 2-րդ, 3-րդ փուլի բուժօգնությունը անհրաժեշտ է կազմակերպել երրորդ մակարդակի նեղ մասնագիտացված կենտրոններում՝ բարձր որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների կողմից, իսկ վերոնշյալ ծառայությունների միջին արժեքը կազմում է մոտ 410 հազար դրամ, եւ հետեւաբար ընդհանուր 4 հազար վիրավորի համար լրացուցիչ կպահանջվի մոտ 1,64 միլիարդ դրամ:
Լրացուցիչ այս հատկացումը՝ 2,570 միլիարդ դրամը նախատեսվում է տրամադրել կառավարության պահուստային ֆոնդից։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.09.2021