Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով Սյունիքում սահմանային իրավիճակին, Երեւան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետին, ասաց՝ այժմ խնդիրը էսկալացիան մարելն է եւ նորմալ կյանքին վերադառնալը։ «Այնպես չէ, որ դա շատ հեշտ է, Ադրբեջանն անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում։ Այս պահին միակ մեխանիզմն այդ հարցերը հերթով լուծելն է»։
Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունների համար սա կարծես առաջնային հարց չէ, նախարարը պատասխանեց․ «Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչինչ չանենք, զբաղվենք այդ մի ճանապարհով եւ չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնենք․․․»։
Քերոբյանն ասաց՝ այդ խնդիրները պետք է լուծեն, բայց բացի դրանից՝ կան այլ շատ խնդիրներ, որոնք եւս պետք է լուծել, որի համար պետք է ունենալ ուժեղ տնտեսություն։
Լրագրողի հարցին՝ երբ ասում եք՝ նորմալ կյանք, ինչպե՞ս եք պատկերացնում, նորմալ կյանքն այս պայմաններում ինչպե՞ս պետք է կառուցենք, նախարարը պատասխանեց․ «Նախորդ միջադեպի ժամանակ մի օգտատեր ինձ գրեց՝ էսպես ո՞նց կլինի ապրել, ամեն ինչ քանդվում է եւ այլն, բայց կես ժամ հետո նույն մարդու ֆեյսբուքի նկարները, որ նայում էի՝ քեֆի մեջ էր։ Ձեր հարցին վերադառնալով՝ դուք այսօր նորմա՞լ եք ապրել, գիշերը նորմա՞լ եք քնել, երեկ երեք անգամ հաց կերե՞լ եք, թե՞ չէ։ Երեկ չեք ապրե՞լ։ Երբ դրամատիզացնում եք իրավիճակը, տրագիկ եք սարքում, նաև ձեզ նայեք՝ ի՞նչ եք արել, արդյոք դուք նույն դրամատիզմով եք ապրել։ Պարզ է, որ մենք բոլորս ապրում ենք, երեխաներ ունենք, նորմալ կյանքով ապրում ենք։ Դրամատիզացնելն ընդամենը վնաս է տալիս, պետք է սառնասրտորեն․․․Ես օրական 15 ժամ եմ աշխատում, բայց կան գերատեսչություններ, որոնք զբաղվում են այդ հարցերով, տեսնում եք՝ խնդիրն առաջանում է, հետո՝ լուծվում է»։
Կարդացեք նաև
Նախարարի կարծիքով՝ սահմանային այս իրավիճակը պետք է լուծվի սահմանազատման եւ սահմանագծման միջոցով։ Նա նաեւ վստահեցրեց՝ դա մեր տարածքների հաշվին չի լինելու։
Որոտան բնակավայրի հատվածում տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի եւ իրանական բեռնատարներից մաքս պահանջելու եւ դրա հետեւանքով իրանական ապրանքների՝ՀՀ ներմուծման ծավալների նվազման վտանգի մասին էլ նախարարն ասաց՝ չեմ կարծում, որ խոշոր չափի խնդիր կլինի․ «Այդ խոչընդոտը կհաղթահարվի։ Մենք ունենք նաեւ շրջանցիկ ճանապարհ, որը լավը չէ, բայց աշխատող է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ