Քիչ առաջ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը խնդրեց համայնքի բնակիչներին բացել ճանապարհը: Նա նշեց՝ վաղը չէ մյուս օրվա գործողությունների համար լրացուցիչ կտեղեկացնեն, թե ինչ են պատրաստվում անել:
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը: Նրանք դեմ են համայնքների խոշորացմանը:
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտարարեց՝ եթե մի կառավարություն բացարձակ անտեսում է մեզ, ուրեմն կամ այս տարածքներն արդեն մերը չեն, տեղյակ չեն, կամ մենք այստեղ անելու բան չունենք. «Թողնենք, քոչենք, տեսնենք կկարողանա՞ մեկը գալ, էստեղ ապրել: Մենք մեր տներն ունենք, գերեզմաններն ունենք, չենք ուզում մեր համայնքը թողնել»:
Համայնքի ղեկավարն ասաց՝ զգում է, որ հանձնարարական կա, որ իրենց ծեծելով պետք է հեռացնեն: Ըստ նրա՝ հրամանը Երևանից է: Այս առիթով ասաց. «Եթե հրամանը Երևանից չէ, ինչո՞ւ Երևանից չեն արձագանքում»:
Կարդացեք նաև
Հակոբ Ավետյանը վրդովվեց՝ անգամ հարկերը չհավաքելու համար են իր դեմ դատական հայց ներկայացրել. «Անցյալ տարի՝ պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն սկսել է դատական գործընթաց նաև իմ դեմ, թե ինչու հարկերը չեք հավաքել: Մարդու տղան պատերազմում, ես պետք է գնայի հա՞րկ ուզեի, թե պետք է ասեի՝ ինչով օգնենք: Այդքան հիմար են, որ նման բան են ասում: Ներկայացնում են, թե համայնքը 44 միլիոն վնաս է կրել և այլն: Մեկի տղան զոհված, գնամ, ասեմ՝ հարկը վաղը կբերես, կտա՞ս, ինչքա՞ն հիմար են: Սա չի նշանակո՞ւմ, որ ստեղից ուզում են մեզ մաքրել»:
Համայնքի ղեկավարը վրդովված է՝ ոչ մի արձագանք չկա ութ հազար բնակչություն ունեցող համայնքի պահանջին:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մարզպետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն դիմե՞լ է, Հակոբ Ավետյանը պատասխանեց. «Իմ զանգերին չեն պատասխանում բացարձակապես: Արյունահեղություն են ուզում սարքել. «Խփելով, ծեծելով ուզում են մեզ այստեղից հանել, ոնց որ Սյունիքում են անում. ինչքան հերոս տղա կա, կալանավորեցին, ձերբակալեցին: Այսինքն՝ ի՞նչ է նպատակը, եթե նորմալ հարց ունեցող մարդկանց կալանավորեն, մնացածն էլ իզուր են ապրում այստեղ: Նշանակում է՝ էլ անելու բան չունենք էս սահմանում: Ղեկավարությունը հաշվի չի առնում, թե սահմանին ինչ է կատարվում: Կրակոցներ էլ որ լինում էին, Գնել Սանոսյանը գալիս էր իմ գրասենյակի մոտ, ասում էի՝ բարձրանանք առաջ, ասում էր՝ ես շտապում եմ: Այդ մա՞րդն է սահմանից խոսում: Ինքը սահման գիտի՞, որ հիմա եկել սահմանի հարց է լուծում, սահմանապահ բնակչին էլ բանի տեղ չի դնում: 8000 բնակիչն իրենց համար ի՞նչ է՝ շպրտեն այս կողմ, այն կո՞ղմ»:
Լրագրողների այն դիտարկմանը՝ Հակոբ Ավետյանին ցանկանում են կալանավորել, նա այսպես արձագանքեց. «Ինձ հենց Գնել Սանոսյանը ասել է՝ խոստանում եմ՝ դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ: Զանգերին էլ չի պատասխանում»:
Համայնքի բնակիչներն էլ այս առիթով հայտարարեցին՝ մենք թույլ չենք տա, որ մեր համայնքը ցրեն, իրենք էլ գան, նստեն, իրենց գրպանի համար մտածեն: Բա մեր վիճա՞կն ինչ է լինելու:
Հակոբ Ավետյանը շարունակեց. «Ո՞ր մեկն իր ընտանիքին կբերի, մի գիշեր Կութում կպահի»: Համայնքի բնակիչներից մեկն էլ նրա խոսքը շարունակեց. «Ամեն օր մեր էրեխեքը դպրոց են գնում վախով, որ դա վերջին օրը կլինի: Թող Փաշինյանի տղեն գա, պահակ նստի մեր դպրոցում, մեր էրեխեքն էլ հանգիստ կգնան դպրոց»:
Նշենք`քիչ առաջ տեղեկացանք՝ բողոքի ցույցից հետո, ճանապարհը բացելուց քիչ անց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ հրավիրվել է ոստիկանություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ