Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գինեգործության եւ խաղողագործության ոլորտում ծագած խնդիրներին, մթերումներին, ասաց՝ այդ բոլոր հարցերը հետեւանք են նրա, որ անցած տարի շատ քիչ կոնյակ է սպառվել։ Նախարարի խոսքով՝ ընկերություններն այդ ցածր սպառման պայմաններում, միեւնույն է, բավական շատ մթերել են․ «Պաշարներն ու վաճառքները պետք է բալանսավորվեն, որպեսզի մենք նորից ընկնենք աշխատանքային նորմալ ցիկլի մեջ։ Իսկ մինչ այդ պետք է, այսպես ասած, «ռուչնոյ ուպրավլենիայով» խնդիրները լուծենք։ Այո, խաղողագործների հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ ենք, ամենօրյա ռեժիմով էլի զբաղվում ենք այդ հարցով եւ փորձում ենք այնպես անել, որ բերքը հանկարծ գետնին չմնա»։
Թե ինչ է անում կառավարությունը այս ոլորտի գործարարներին աջակցելու համար, նախարարը նշեց կառավարության մի քանի որոշումներ, որոնց միջոցով մթերող ընկերություններն ավելի շատ վարկ կարող են ստանալ, որպեսզի հնարավորինս շատ խաղող մթերեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ