Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տաճարի խորհուրդը նյութական շահի վերածել ցանկացողները միևնույնն է հաջողության չեն հասնի. ձեռքներդ հեռո՛ւ, Գառնո տաճարից. Անահիտ Քնարյան

Սեպտեմբեր 16,2021 13:34

Չնայած Հայաստանում րոպեների տարբերությամբ փոփոխվող հիմնականում դրամատիկ զարգացումներին՝ իրավացիորեն չեն դադարում նաև ԳԱՌՆՈ ՏԱՃԱՐԻ տարածքում ս. թ. սեպտեմբերի 4-ին կազմակերպված հարսանիքի շուրջ հասարակության մեջ ծավալվող վրդովմունքն ու քննարկումները: Տեղի ունեցածը թերևս նման արձագանք չէր ունենա, եթե միջոցառումը դիտարկվեր որպես եզակի դեպք՝ «Նրբացուցիչ դեպք հանցանանց»: Բայց խնդիրը նախնական է և կապված է դեռևս 2013-14թթ. իշխանության կողմից տաճարի տարածքում տարատեսակ խնջույք-միջոցառումներ կազմակերպելու նպատակով սրճարան-ռեստորան կառուցելու հետ: Ճիշտ է, գառնեցիների արդարադատ համառության և անկոտրում դիմադրության շնորհիվ այդ ծրագիրը իրականություն չդարձավ, բայց իշխանության մեջ պահպանված վաշխառուների նպատակները տակավին շարունակվում են, և հարսանիքը դիտարկվում է որպես նրանց ծրագրերի իրականացման նախադեպ, հասարակության տրամադրությունները շոշափող սկիզբ:

Գառնին իմ ծննդավայրն է: Վաղ մանկությունս անցել է տաճարին մոտիկ՝ իմ պապենական տանը: Ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ իմ մանկությունը՝ լցված ԳԱՌՆՈ ձորի ծիածաններով, տաճարի գունագեղ լույսերով ու առասպելներով, ուղեկից է եղել ինձ իմ ամբողջ կյանքում: Ամռան ամիսներին թաղի երեխաներով, կարելի է ասել, բնակվում էինք ձորում ու տաճարի տակավին ավերակների մեջ: Ցերեկները մեր բնակատեղին ձորն էր, Ազատ գետի ափը: Ձորում արևը քչանալու հետ մեկտեղ ասես վրա էր հասնում մութը (Ինչպես Բակունցի «Մթնաձորում» ԳԱՌՆՈ ձորն էլ շուտ է մթնում): Եվ մենք միմյանցից առաջ ցատկելով շնչակտուր հասնում էինք արևառատ տաճարին, ուր կեսօրը հազիվ սկսում էր թեքվել: Պառկում էիք դարերի արևն ու տաքությունը իրենց նախշերում ամփոփած քարերին, և լցվելով քարերի արևահամ բուրմունքով, անսպառ էներգիայով ու ջերմությամբ՝ սպասում էիք մոտալուտ մայրամուտին, որպեսզի սկսվեր մեր ամենօրյա պահմտոցին,որը տևում էր մինչև ուշ աղջամուղջ, մինչև մեր մայրերի կողմից տունկանչը։ Մինչև հիմա ես զարմանքով ուզում եմ հասկանալ՝ Արեգ-Միհրի տաճարը, որը խորհրդանշում է Արևի ու Լույսի պաշտամունքը, ինչպիսի հանճարով է տեղորոշվել, որ քարերի մեջ ծեգից ծեգ պահպանվում է Արևը՝ իր ողջ ջերմությամբ ու բուրմունքով:

Գառնեցիների համար ՏԱՃԱՐԸ Գառնիի խորհրդանիշն է: Իսկ խորհրդանիշը խորհրդազրկելը չի ներվում: Ինչպես ԱՆՀԱՏԻՆ են նսեմացնելուց առաջ բարոյազրկում, այնպես էլ ԱՐԺԵՔՆ են ոչնչացնելուց առաջ բովանդակազրկում, արժեզրկում: (…Մինչդեռ ՇՈՒՇԻՆ աշխարհի այն միակ հրաշք քաղաքն է, որն, ինչպես ԳԱՌՆՈ ՏԱՃԱՐԸ ՝ իրար է ձուլում երկիրն ու երկինքը…): Եվ… լավ ճանաչելով Գառնին ու գառնեցուն, Տաճարի հանդեպ ինչ-ինչ նկրտումներ ունեցող ներկա, թե գալիք չինովնիկներին հորդորում եմ՝ Ձեռքներդ հեռու ԳԱՌՆՈ ՏԱՃԱՐԻՑ:

Աղմուկ հանած հարսանիքի արարողությունը (նորապսակներին մաղթում եմ երջանկություն) ոչ միայն ջրի երես հանեց Հայաստանի հոգևոր արժեքները վերահսկող չինովնիկների նախկիններից չտարբերվող չարչիական էությունը, այլ նաև մտադրությունները՝ հասարակությանը կամաց-կամաց ընտելացնել ՏԱՃԱՐԻ թանկ վճարվող տարածքում մասնավոր տարատեսակ միջոցառումների անցկացմանը, դրանցով նաև խորհրդակցելով ՏԱՃԱՐԸ, այն դարձնելով ձեռնահաս: Բայց քաղաքացիների վրդովմունքն ու դիմադրությունը սպասվածից շատ ավելի մեծ էր: Իսկ տարածքը որպես ռեստորան «փակելու» մեղքը միմյանց վրա «բարդելիս» պարզ դարձավ, որ սա առաջին դեպքը չէ: Եվ շեշտը դնելով «փակելու» վրա, փորձ է արվում մարդկանց ուշադրությունը միտումնավոր շեղել հիմնական խնդրից՝ ՏԱՃԱՐԻ տարածքում համանման միջոցառումների անցկացման անթույլատրելի, արգելված լինելու հանգամանքից:

Չմոռանանք, որ ՏԱՃԱՐԸ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային պահպանության օբյեկտների ցանկում է: Հիշենք նաև, որ այդ ցանկում մերժեցին ընդգրկել Նորավանքը, եկեղեցու տարածքում կառուցված ռեստորանի պատճառով: ՏԱՃԱՐԻ խորհուրդը նյութական շահի վերածել ցանկացողները միևնույնն է հաջողության չեն հասնի: Այնպես, ինչպես հաջողության չհասան 2014- ին, ինչպես հաջողության չհասավ նախորդ ռեժիմի «գերհզորներից» մեկը, որը ուզում էր նույնիսկ Ազատ գետը խողովակներով տեղափոխել սեփական ձկնաբուծարանների վերածած Արարատյան դաշտավայր:

Եվ, վերջապես, Հայաստանում Գառնին այն միակ գյուղն է, ուր հիմնադրման օրից ի վեր թուրքի ոտք չի դիպել։ Ի լրումն այս ամենի՝ Գառնին Հայկական Լեռնաշխարհի այն միակ բնակավայրն է, ուր ՏԱՃԱՐԸ չթաղվեց եկեղեցու տակ:

Ասվածն իսկ բավական է հասկանալու, որ իրենց բարբառի նման կոշտ, հատու և անկոտրում բնավորության տեր գառնեցիների կամքին ու համոզմունքներին դեմ դուրս գալը կլինի ապարդյուն մի ջանք։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳԱՌՆՈ ՏԱՃԱՐԸ լինելով մեր հեթանոսական պատմամշակութային հարուստ ժառանգության միակ վկան՝ համարվում է նաև հելլենիստական արվեստի եզակի կոթողներից մեկը ամբողջ աշխարհում: Եվ որպեսզի բնազդածին վարք ու բարքով ապրող մարդկանց, չինովնիկների կողմից այն երբևէ չվերածվի առք ու վաճառքի օբյեկտի կամ զվարճանքների վայրի, խնդրանքով դիմում եմ Գառնիի իմ սիրելի հայրենակիցներին, որ նրանք առանց հապաղելու, օր առաջ հասարակության լայն շերտերի ներառմամբ ստորագրահավաքի միջոցով, թե մեկ այլ ֆորմատով իշխանություններին ներկայացնեն պահանջ՝ որով ՏԱՃԱՐԸ կհամարվի պետության անժամկետ սեփականությունը՝ պետության կողմից անժամկետ, հատուկ պահպանությամբ:

ՏԱՃԱՐԻ տարածքը պետք է խստագույնս արգելված, փակ հայտարարել ոչ պետական «մշակութային» և մասնավոր այլ, տարատեսակ միջոցառումների համար, իսկ օրենքը խախտողներին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության:

ԳԱՌՆՈ ՏԱՃԱՐԸ առանց Պետական Հատուկ Օրենքով պաշտպանվածության ներկայիս համընդհանուր թոհուբոհի մեջ երաշխավորված չէ տարատեսակ ոտնձգություններից:

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930