Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա»․ Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբեր 16,2021 12:43

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստման հավաստագիր ունենալու կամ 14 օրը մեկ Covid-19 –ի բացասական թեստի արդյունք ներկայացնելու պահանջին, ասաց՝ որեւէ միջոցառում չի կարող երաշխավորել վարակի տարածումը, բայց երբ ստեղծում են մի շարք ֆիլտրեր, հնարավորություն է լինում զսպել վարակի տարածումը։ «Նման ֆիլտր է ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։ Բայց սա եւս չի բացառում հիվանդ անձի մուտքը ՀՀ, որովհետեւ 72 ժամվա ընթացքում անձը կարող է վարակը ընդունել։ Բայց մենք շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք ՀՀ վարակի նորանոր ներթափանցման դեպքերը։ Նման մի ֆիլտր է նաեւ թեստավորման պահանջը։Այո, կարող էինք դնել երեք օրը մեկ, կարող ենք դնել հինգ օրը մեկ, բայց վերցրել ենք մի ռացիոնալ ինկուբացիոն շրջանի թիվ եւ խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»,-ասաց նախարարը։

Նա հիշեցրեց՝ բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք եւ հակացուցում ունեցող քաղաքացիները, իսկ հակացուցումների մասին պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք։ Նախարարի տեղեկացմամբ՝ լինում են ժամանակավոր հակացուցումներ եւ բացարձակ հակացուցումներ՝ եթե մարդն ունի խրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել։ Իսկ երբ սրման ընթացքը կանցնի, նա կարող է հանգիստ պատվաստվել, եւ հենց առաջինը նրան է ցուցված պատվաստումը․ «Կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար, թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի աշխատակիցների համար, որեւէ տարբերակում հրամանի մեջ դրված չէ, եւ բոլորը հավասար նույն կանոնի հետեւանքները պետք է կրեն»։

Նախարարը վստահեցրեց, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, արդեն երկու-երեք ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, եւ այս պահին պետական ապարատում պատվաստումները 70%-ից բարձր են․«Ես վստահ եմ, եթե ամփոփենք սեպտեմբերը, մինչեւ հոկտեմբերի 1-ը այս ցուցանիշը 80%-ից ավելի է: Պետական ապարատը առանց հարկադրանքի սպասելու, իր պատասխանատվության մասնաբաժին իրականացրել է: Բայց ասեմ՝ անկախ այդ փաստից, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»։

Նախարարի խոսքով՝ մեր քաղաքականությունը նախ ուղղված է քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելուն եւ ընդհանուր հանրային առողջապահական անվտանգությունը պահպանելուն․ «Հաջորդը տնտեսական անվտանգության եւ նորմալ գործունեության շարունակականությունն է, ինչն անհնար է դառնում, երբ Covid-ը դուրս է գալիս կառավարելիության շրջանակներից։ Առաջին հերթին դա ուղղված է նրան, որ մենք, օրինակ, օրական 19 մահ չգրանցենք։ Օրական մենք 19-20 զոհ ենք տալիս։ Covid-19-ի դաժանությունն այն է, որ այս մարդիկ օրերով, ամսով միայնակ հիվանդանոցի սենյակում պայքարում են իրենց կյանքի համար։ Մեր քաղաքականությունը հենց սրան է ուղղված՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին, ուսուցիչներին, որոնք օր ու գիշեր աշխատում են մեր երեխաներին կրթելու համար, պաշտպանելու պրոֆեսորա-դասախոսական կազմին, մեր գիտնականներին, բժիշկներին, բոլորին»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց՝ օգոստոսի վերջի դրությամբ պետական ապարատի 85%-ից ավելին պատվաստվել է, եւ վստահեցրեց՝ սեպտեմբերի վերջին 100%-ին կմոտենան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930