Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը: Նրանք դեմ են համայնքների խոշորացմանը:
Ոստիկանությունը տասը րոպե ժամանակ տվեց նրանց ճանապարհը բացելու համար, սակայն համայնքի բնակիչները չեն բացում ճանապարհը:
Համայնքի բնակիչներից մի կին վրդովված հայտարարեց. «Երեք տարի առաջ 18 համայնք խոշորացրին, հիմա ուզում են 35 համայնք միացնել: Հիմա էլ ընդհանրապես մեզ բանի տեղ դնող չի լինելու: Մեր կարծիքը հարցրե՞լ եք, ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մի տաքսին արժի 2000 դրամ, մի թուղթ վերցնելու համար 10 հազար դրամ ենք ծախսում: Հետո՞, ի՞նչ ենք անելու»:
Համայնքի բնակիչներից մեկ այլ կին էլ հայտարարեց. «Փախստականներին շան տեղ չեն դնում՝ անգամ թուրքի գյուլլի ռեխ ապրող: Մինչև ե՞րբ պիտի ամբողջ գիշեր նստենք պատուհանի առաջ, որ տեսնենք՝ թուրքը գալի՞ս է, թե՞ ոչ: Էդքան բանը հաշվի առե՞լ են, իրենք Երևան նստած, մեր մասին մտածո՞ւմ են»:
Կարդացեք նաև
Մեկ այլ կին էլ հայտարարեց՝ թուրքերը լցվել են, վախենում է էրեխեքին դպրոց ուղարկել. «Մեր գյուղերը ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, քան միացնեն: Մեզ ասե՞լ են՝ նման բան ենք անում, որ միանգամից հայտարարում են, թե միացնում ենք: Չենք բացելու ճանապարհը, ես կգնամ նախարարություն, ԱԺ-ի դիմաց կնստեմ, թող նրանց էրեխեքը մերոնց նման ապրեն»:
Համայնքի բնակիչներն ասացին՝ սա քաղաքական հետապնդում է իրենց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի դեմ: Նրանք հայտարարեցին՝ մեր համայնքապետը շատ լավն է. հիվանդին տեր է կանգնել, մեռելին տեր է:
Մի երիտասարդ էլ շեշտեց. «Այս պահին ավելի հրատապ են մեր դիրքային հարցերը: Համայնքները միավորելով՝ թուրքերը ոչ հետ են գնալու, ոչ թե դիրքերի հարցն է լուծվելու»: Համայնքի բնակիչներից մի տարեց տղամարդ էլ պահանջեց՝ թող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գա, մեր սահմանները տեսնի, մեր անվտանգությունը ապահովի, որ էրեխեքը վախենալով, մեծ մարդիկ շորերով չքնեն: Ըստ նրա՝ այսպես որ շարունակվի, դիրք պահող էլ չի մնալու:
Գեղամասար համայնքի Փոքր Մասիվ գյուղի բնակիչներից մեկն էլ մտահոգություն հայտնեց՝ ժողովուրդը գնալու է ընտրության, բայց չի իմանալու, ում է ընտրելու, կուսակցություն է ընտրելու:
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ հայտնեց՝ բանավոր դիմել է Գնել Սանոսյանին, ու բացարձակ ոչ մի ռեակցիա. «Հաշվի չեն առնում ընդհանրապես ժողովրդի կարծիքը՝ անգամ հաշվի առնելով, որ մեր 18 գյուղը պաշտպանում ու ապրում է սահմաններում: Դա ես անբարոյական և անհարգալից վերաբերմունք եմ համարում ժողովրդի նկատմամբ»:
Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: Ժամանել են ոստիկանական մեքենաներ, իսկ համայնքի բնակիչները պատ են կազմել ու պաշտպանում են իրենց համայնքի ղեկավարին:
Ոստիկանները հայտարարեցին, թե ոտնահարում են այլոց ազատ տեղաշարժի իրավունքը: Նրանք մեքենան հրելով, նաև մեքենան ժողովրդի վրա քշելով փորձում են բացել ճանապարհը:
Գեղամասար համայնքի բնակիչներից մեկը գոչեց՝ Նիկոլը պիտի գա ստեղ: Ոստիկաններից մեկը նկատողություն արեց՝ նորմալ արտահայտվիր վարչապետի հասցեին: Հաշմանդամություն ունեցող բնակիչը պատասխանեց՝ էլ ի՞նչ վարչապետ, թուրքերը լցվել են ստեղ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ