Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ Պոլիտեխնիկի սեպտեմբերի 1-ը

Սեպտեմբեր 16,2021 11:10

Սեպտեմբերի 1-ն էր։ Իմ պոլիտեխնիկական շուրջ 40 ամյա կենսագրության մեջ առաջին անգամ սեպտեմբերի 1-ին առավոտյան արթնացա և չգնացի պոլիտեխնիկ։

Շատերը կմտածեն. – «Հետո ինչ»։ Գուցե ես էլ կարևորություն չտայի դրան, եթե չլիներ օրվա երկրորդ կեսի դեպքը։

Սեպտեմբերի 1-ին ժամը 17։50-ին փորձում եմ մտնել պոլիտեխնիկի 2-րդ մասնաշենք և անվտանգության ծառայողն ինձ արգելում է մուտք գործել շենք, ինչ որ բանավոր հանձնարարականի հիման վրա։ Մասնաշենք, որտեղ անցել են իմ ուսանողական տարիները, մասնաշենք որտեղ գտնվում է իմ մասնագիտական ամբիոնը և իմ աշխատասենյակը։ Մասնաշենք, որտեղ գտնվում է ինստիտուտը, որի հիմնադիր տնօրենն եմ եղել։ Մասնաշենք, որի ճակատին անձամբ եմ ամրացրել իմ պատրաստած քարե ցուցանակները։ Բայց արի ու տես ինձ չճանաչող անվտանգության պահապանները հանձնարարական են ստացել․ – հետևել սպիտակ վերնաշապիկով անծանոթի յուրաքանչյուր քայլին (սա՝ անզգույշ կամ միամիտ անվտանգության ծառայողի բարձրաձայն հաղորդագրությունից)։

Շատերը կմտածեն, – ինչո՞ւ։ Մտածում եմ փորձում են պոլիտեխնիկն «ազատագրել» իրենց անցանկալի մարդկանցից և սա այդ «հանճարեղ օպերացիայի» հերթական քայլն է։

Նկարագրվածը միայն իմ խնդիրը չէ, պարզապես իմ օրինակով ցանկանում եմ ի ցույց դնել պոլիտեխնիկում տիրող նորօրյա բարքերը։ Ուզում եմ, որ ՀՀ Կառավարությունը, Հայաստանում կրթության և գիտության հարցերով շահագրգիռ գերատեսչությունները, օր առաջ գոնե հետաքրքրվեն հանրապետության տեխնոլոգիական կրթօջախի առկա իրավիճակով և ոչ թե խաբվեն ի սկզբանե միայն ցուցադրության համար այցելվող փակ լաբորատորիաներով, սուտ խոստումներով և յութուբյան և ֆեյսբուքյան ռոլիկներով։ Իրականում շատերն արդեն պարզապես զզված են տիրող իրավիճակից և մթնոլորտից, սակայն խուսափում են աշխատանքից ազատվելու վտանգից։

Ես ոչ մեկի աչքը չեմ հանել, ոչ մեկի էշին չո՛ւ չեմ ասել, բայց ինձ հրավիրում են կադրերի բաժին և փորձում տեղեկացնել, որ ես օգոստոսի 31-ից պետք է ազատվեմ աշխատանքից, աշխատանքային օրենսգրքի ինչ-ինչ կետերի համաձայն։ Սա համալսարանից ազատման օրինական ձևակերպումն է, սակայն իրականում ազատման հիմք է ծառայել հստակ ցուցումը․ – «ժամ չտալ և վերջ»։ Գուցե իսկապես ինչ որ մեկի աչքը հանե՞լ եմ, ապա ո՞ւր է այդ աչքը կամ ո՞ւր է էշը։

Իրականում սա արձագանքն է ռեկտորի ընտրություններին իմ մասնակցության և այդ կապակցությամբ ելույթի կամ հարցերի պատասխանների։

Այդ ընտրության ապօրինություններին բազմիցս անդրադարձել են և կա քննության ընթացքում գտնվող երկու դատական հայց։ Սակայն ընտրության նախաձեռնող խումբը, իրենց ակադեմիական ուղեղով չէին ֆայմել – «Ինչո՞ւ ես թողեցի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնը» հարցը հանձնարարել Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ուսանող-հոգաբարձուի՝ թեկուզ «ուսանողության անհանգստության» տպավորություն ստեղծելու համար։ Հարց, որը բազմապիսի անհեթեթ մեկնաբանությունների և բամբասանքների առիթ է հանդիսացել որոշ շրջանակներում, դեռևս 2016 թվականի իմ դիմումից հետո։

Եվս մի հարցի պատասխանում, բառացիորեն ընթերցեցի, մինչ այդ համալսարանում քննարկված և հրապարակված, համալսարանի ռեկտորի հնգամյա հաշվետվության երկու տող, որը հենց նիստի ժամանակ անսպասելիորեն վրդովեցրեց անվտանգության ծառայության պետին։

Իրականում անվտանգության ծառայության սեպտեմբերի 1-ի պահվածքը պայմանավորված է ռեկտորի հաշվետվության այդ մասի բարձրաձայնման հետ։

Հետաքրքիր է, ներկայիս ղեկավարության հանձնարարականն է կատարում իրենց անվտանգության ծառայության պետը, թե ինքնագործունեություն է։ Հետաքրքիր է նախարարությունը որևէ կերպ կարձագանքի, ՀՀ Կրթության և գիտության Ոսկե մեդալակիր, դոցենտի նկատմամբ նման վերաբերմունքի կապակցությամբ, թե սա միայն ինձ է հետաքրքրում։

Հպարտ եմ, որ ճանաչում եմ Պոլիտեխնիկի գրեթե 1000 աշխատակիցների և նրանց մեծ մասն էլ ինձ են ճանաչում, ծանոթ եմ շատերի ընտանիքների անդամներին։ Նրանցից շատերն իմ ընկերներն են, հարազատ ու մտերիմ մարդիկ։ Ուզում եմ շեշտել, մինչև վերջերս, ամբողջ կազմից, չէի բարևում ընդամենը 3-ին և ես միակը չէի նրանց հանդեպ ունեցած նման վերաբերմունքով։ Իսկ հիմա այդ թիվն աճել է և դա իմ նախաձեռնությունը չէ, շատերը պարզապես խուսափում են պոլիտեխնիկի տարածքում ինձ բարևելուց (ինչո՞ւ հարցը խնդրում եմ ինձ չհասցեագրել)։

Սա գրում եմ առաջին հերթին պոլիտեխնիկցիների և հատկապես իմ ընկերների համար։ Հոգաբարձուների խորհրդի այն անդամների համար, ում հետ զրուցել եմ ռեկտորի նախընտրական ժամանակահատվածում և բաց տեքստով զգուշացրել, թե ինչով է վտանգավոր իրենց պայմանավորված և խոստացված ընտրության արդյունքը։ Զգուշացրել եմ, որ այդպիսի անհեռատես ընտրությամբ մի խումբ մարդկանց «իշխանություն» տալով, վտանգված է ցանկացած մեկի պոլիտեխնիկում հետագա աշխատելու իրավունքը։ Մարդկանց, ովքեր իրենց «վստահված» ընտրության իրավունքի առաջին օրից սկսած մեծ փորձ ունեն «օրինական» ընտրության ճանապարհով ջնջել ոմանց համար անցանկալի հավակնորդների անունները։ Զգուշացրել եմ, որ այդ նույն ձևով կվարվեն նաև իրենց նկատմամբ։

Ես շատ լավ եմ ճանաչում ռեկտորի ընտրության գործընթացին առնչություն ունեցող բոլոր սուբյեկտներին և գիտեմ նրանց մի մասի նման ընտրության շարժառիթները, սակայն իմ համար հանելուկ է, ինչն է միավորել միմյանց հանդեպ անթաքույց անտագոնիզմ և նույնիսկ ատելություն ունեցող մի խումբ մարդկանց։

Ես բավական երկար եմ ապրում այս աշխարհում, սակայն չեմ դադարում զարմանալ մարդկանց անհեռատեսության վրա, իրենց լավն ու վատը չտարբերակելու, առավել ևս ճշտի ու սխալի սին պատկերացումների վրա։

Իմ համար ակնհայտ կանխատեսումներն իրականանալու համար երկար ժամանակ չպահանջվեց։

Բավական երկար ժամանակ պահանջած, ռեկտորի ընտրության արդյունքների բոլորի համար անակնկալ հաստատումից շատ չանցած Համալսարանի գիտական խորհրդում քննարկվում է մի շարք ամբիոնների վարիչների ընտրության հարցը։ Խորհրդի անդամներից ոչ ոք թեկնածուներից ոչ մեկի մասին ոչ մի դեմ բառ, ոչ մի թթու խոսք չի արտահայտում։ Սակայն քվեարկության արդյունքում որոշ թեկնածուներ չեն հավաքում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ։ Կարծես թե նոր բան չկա, ընտրությունները՝ մանավանդ փակ-գաղտնի քվեարկություններն «անկանխատեսելի» են, և այս ընտրությունն էլ կարելի էր դասել այդ շարքին, եթե չլիներ մի բա՛յց։

Որոշ նկատառումներից ելնելով չեմ նշում թեկնածուների անունները։ Նրանք գիտությունների դոկտոր, պրոֆեսոր են, ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ, վաստակել են իրենց ուսանողների ամենաբարձր ռեյտինգային գնահատականները, հեղինակ են քվեարկողներից շատերի համար անհասանելի թվով գիտամեթոդական աշխատանքների, իրենց ամբիոններում և ինստիտուտներում քվեարկության արդյունքում ստացել են 100% կողմ ձայներ, առանց բացառության։ Համալսարանի գիտական խորհրդում հավաքված պոլիտեխնիկական գիտության և կրթության պրոբլեմներով մտահոգ «հանճարները» լռությամբ ջնջեցին նրանց անունները։

Ես ցանկանում եմ կրկին հիշեցնել հոգաբարձուներին, գիտխորհրդի անդամներին և ընդհանրապես բոլորին, որ նմանատիպ իրավիճակում կարող եք հայտնվել նաև դուք։

Պոլիտեխնիկի ահռելի պրոբլեմները թողած, ընկել եք որոշ մարդկանց անձնական մանր էգոիստական ցանկությունների բավարարման հետևից։

Ես չէի գրի այս հոդվածը, ես շա՜տ համբերատար եմ, կարող էի արհամարհել, մի չարաշահեք իմ համբերությունը։

Ես չեմ կարող անտարբեր մնալ Պոլիտեխնիկի վաղվա օրվա նկատմամբ։ Պոլիտեխնիկը իմ Մայր ինստիտուտն է, իմ հարազատ օջախը։

 

Նորայր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930