Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանություններն իմացե՞լ են պատերազմի վերսկսման ժամկետը. ինչո՞ւ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին. «168 ժամ»

Սեպտեմբեր 16,2021 10:36

Ընթացիկ տարվա փետրվարին 168.amպատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիա էր ներկայացրել ապացուցելու, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն ակնհայտ էր, սակայն Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ փորձել է շեղել հասարակության ուշադրությունը և թաքցրել է պատերազմի փաստը հասարակությունից:

Բայց հիմա հարցին այլ ասպեկտից նայենք. իշխանություններն իմացե՞լ են պատերազմի վերսկսման ժամկետը, օրը: Այո, եթե հիմք ընդունենք հենց Նիկոլ Փաշինյանի «ինքնախոստովանական» հայտարարությունները:

2020 թվական, հոկտեմբերի 14: Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին, որում, մասնավորապես, ասում է.

«Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»:

2020, նոյեմբեր 16: Ազգային ժողովում պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք տիրապետել ենք այն ռազմահետախուզական տվյալներին, թե ինչ պոտենցիալի առջև ենք կանգնած, արդյո՞ք ՊՆ-ն համապատասխան հաշվարկ արել և Ձեզ ներկայացրել է, Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի մեջ հետևյալ միտքն էր արտահայտել.

«Ընդհանուր առմամբ, մենք իմացել ենք մեր ուժերը: 2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Ստացվում է՝ ոչ միայն ՀՀ իշխանություններն իմացել են պատերազմի սկսման օրը, այլև՝ ինչ ռիսկեր են լինելու, ինչ ռեսուրսներ օգտագործվելու: Այս դեպքում որքանով է ՊԲ-ն պատրաստվել պատերազմին կամ պաշտպանության: Արդյո՞ք Ջալալ Հարությունյանը տվել է իր ենթականերին համապատասխան հրաման, եթե ոչ՝ ինչո՞ւ:

2021 թվական, հունիսի 11: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, հաղորդավարի հարցին՝ դուք ե՞րբ իմացաք, որ սկսվել է պատերազմ, պատասխանել էր. «Ես իմացել եմ ամսի 27-ի առավոտյան, ինչպես բոլոր ժողովուրդը»:

Հակադարձմանը՝ դուք պետական գաղտնիքի կրող եք, տեղյակ չե՞ն պահել նախօրոք, Բաբայանը բացասական պատասխան է տվել:

«Տեղյակ չեն պահել: Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»,- ասել է նա և ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանը արձագանքել է՝ երևի, բա էլ ո՞ւմ:

Դիտարկմանը, որ ՀՀ սահմանին համար 1 պատրաստության հրամանը եղել է պատերազմից 2-3 օր առաջ, այդ ինչպե՞ս է, որ ԱՀ ԱԽ քարտուղարին տեղյակ չեն պահել, որ պատերազմ է սկսվելու, Բաբայանն ասել է, որ Արցախի ՊԲ-ն քաղաքացիական իշխանության հետ կապ չունի` նկատի ունենալով, որ ՊԲ-ն «ենթարկվում» է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին: Այստեղից՝ հարց. ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրե՞լ է Ջալալ Հարությունյանին, ըստ էության, այո, եթե ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից պատրաստ են եղել պաշտպանության, թեպետ, պարզ էր՝ պատերազմի ուղղությունն Արցախն էր:

Այս պահին Նիկոլ Փաշինյանը, Ջալալ Հարությունյանը պետք է մեկ հարցի պատասխանեն՝ ինչո՞ւ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին, որի օրը, ըստ էության, պարզ է եղել:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930