Լրահոս
Օրվա լրահոսը

Զորքը Հայաստան է բերվել հրամանի համաձայն. Արցախի պաշտպանության նորանշանակ նախարարի ցուցմունքը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2021 09:52

Մաս 2
Սկիզբը՝ այստեղ:

Մովսես Հակոբյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա Ղարաբաղի զորք պետք է բերվի Երեւան, ինքը գնում է Ստեփանակերտ՝ զբաղվելու այդ հարցերով։ Այնուհետեւ պաշտպանության բանակից ստացած հրամանի համաձայն՝ 10-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից համապատասխան քանակով անձնակազմ ենք ուղարկել Երեւան։ Քանի որ արդեն 10 տարի է անցել, ես չեմ հիշում, թե կոնկրետ քանի հոգի են եղել, մոտավորապես 100 հոգու ենք ուղարկել։ Բոլորն էլ սպաներ եւ ենթասպաներ են եղել, նաեւ՝ պայմանագրային զինծառայողներ։ Զորքը կազմավորված է եղել դիվիզիայի վարչության զորամասերի հետախուզական եւ համազորային կազմից։

Նրանք, ովքեր ընդգրկված են եղել մարտական հերթապահության մեջ, այլեւս դիրքեր չեն գնացել, փոխարինել ենք այլ ծառայողներով, քանի որ մոտ 20 ամիս անձնակազմը մնացել է Երեւանում։ Դիվիզիայի կազմից ստեղծված համահավաք ստորաբաժանման ավագ եմ նշանակել իմ տեղակալ Միքայել Արզումանյանին։ Նշեմ, որ իմ հիշելով՝ Միքայել Հարությունյանի կողմից տրված հրամանի հիման վրա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որի հիման վրա էլ ԼՂՀ-ի զորքը տեղափոխվել է Երեւան։ Ես ընդգրկված չեմ եղել համահավաք գումարտակի կազմում ու պետք է վերադառնայի դիվիզիա, պարզապես մնացել եմ մի քանի օր Երեւանում, որպեսզի զորքը տեղավորեմ։ Ընդհանուր կազմավորված համահավաք գումարտակը, իմ հիշելով, բաղկացած էր մոտ 300 զինծառայողներից, նրանք ընդհանուր շարասյունով Երեւան են եկել 2008թ․ փետրվարի 23-ին։

Զորքը տեղակայվել է Երեւանի Չարբախ թաղամասում գտնվող ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում։ Համահավաք գումարտակի հրամանատար էր նշանակվել պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը։ Կենտրոնական հավաքակայանում զինծառայողները մնացել են զորանոցներում, զորքը եկել էր իրենց հաստիքային զենքերով, մարտական փամփուշտներով, ողջ մարտավարակազմով։ 10-րդ դիվիզիայից համահավաք գումարտակի կազմում ընդգրկվել է նաեւ գնդապետ Մխիթար Ավշարյանը, ով իմ տեղակալն է եղել, մնացածներն արդեն ցածր պաշտոններ ունեցող սպաներ եւ ենթասպաներ են եղել։ Զորքը եղել է սովորական դաշտային համազգեստով։ Զինծառայողները կենտրոնական հավաքակայան էին եկել պաշտպանական բանակի մեքենաներով։ Ես կենտրոնական հավաքակայանում չեմ մնացել, այլ եղել եմ Երեւանի «Հրազդան» հյուրանոցում, մեկ-երկու գիշեր էլ մնացել եմ «Շիրակ» հյուրանոցում։ Եթե չեմ սխալվում՝ Սամվել Կարապետյանը նույնպես այդ ընթացքում հավաքակայանում չի գիշերել, տարբեր տեղերում էր մնում։

Ընկերս այդ ժամանակ ինսուլտ էր ստացել, հիվանդանոցում պառկած էր, դրա համար էլ մի քանի օր ավել եմ մնացել Երեւանում, հակառակ դեպքում հենց 24-25-ին կվերադառնայի Ղարաբաղ։ Կենտրոնական հավաքակայանում զորքն առանձնապես որեւէ բանով չի զբաղվել, սպասողական վիճակ էր։ Երկու անգամ եղել եմ զորքի մոտ, հետաքրքրվել նրանց որպիսությամբ, խնդիրներով, ամեն ինչ, կարծես թե, նորմալ էր։ Զորքին ասված էր, որ սպասեն մինչեւ կոնկրետ հրամաններ տալը։ 2008թ․ փետրվարի 29-ին, լույս մարտի 1-ի գիշերը Մարտակերտի դիրքերից մեկում լարվածություն եղավ, ադրբեջանցիները գրավել էին մեր դիրքը, ու ես շտապ վերադարձել եմ Մարտակերտ։

Ասեմ, որ նույն օրը դիրքը հետ ենք վերցրել, իմ գնալուց հետո թուրքերին հետ շպրտեցինք։ Ես Երեւանից մեկնել եմ գիշերը 03։00-ի կողմերը, երբ հերթապահից ստացա զանգը։ Այլեւս այդ դեպքերի հետ կապված՝ Երեւան չեմ վերադարձել։ Դրանից հետո եւս մեկ համահավաք գումարտակ է ուղարկվել Երեւան, դա արդեն մարտի 5-6-ի կողմերն է եղել, հստակ չեմ հիշում, այդ մասով նույնպես հրաման է արձակվել։ Ասեմ, որ զորքի ողջ տեղաշարժը կատարվել է համապատասխան հրամանների վրա, առանց հրամանի այդ գործընթացը կազմակերպել հնարավոր չէր։ Այդ հրամանները տրվել են պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, զորքի ցանկացած շարժ հրամանագրվում է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930