Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ի ու դատավորների հասցեին արված սուր ձևակերպումների վերաբերյալ հարցին՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ այդ ամենը խոսում է այն մասին, որ այս պահին դատական համակարգն իսկապես անկախ է:
«Ի տարբերություն դատական իշխանության ներկայացուցիչների՝ գործադիր մարմինների ներկայացուցիչները, որոնք նաև քաղաքական գործիչներ են, կարող են անել արտահայտություններ, որոնք ավելի շատ քաղաքական են, և ես՝ որպես ԲԴԽ անդամ, որևէ կերպ չեմ կարող արձագանքել և պատասխանել: Ես պետք է պահպանեմ օրենքով ինձ վրա դրված քաղաքական չեզոքության պահանջը: Ուստի ես ուղղակի կարող եմ ասել, որ դա քաղաքական հայտարարություն էր, որի նկատմամբ ես որևէ վերաբերմունք կամ դրսևորում չունեմ»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Դատական իշխանության ներկայացուցիչը շեշտում է՝ իրենք աշխատում են այնպես, որ նախ և առաջ իրենց խիղճն իրենցից գոհ լինի, որ օրենքն իրենց տրված է մեկնաբանելու, կիրառելու, մարդկանց համար արդարադատություն իրականացնելու համար, և պետք չէ նեղանալ իրենցից:
«Վաղ թե ուշ, ես կարծում եմ, որ պետք է նախարարի կողմից վարույթ հարուցելու գործառույթը վերցվի և տրվի ուրիշ մարմնի, բայց ես համաձայն եմ, որ տվյալ պահին այլընտրանք մենք չունենք»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Կարդացեք նաև
ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ հատուկ ուշադրություն չի դարձնում, թե ում նկատմամբ են վարույթներ բերվում Խորհուրդ, որովհետև բոլոր դատավորներն իր համար հավասար են:
«Իշխանահաճո կամ ոչ իշխանահաճո դատավոր մեզ համար չկա: Ցանկացած վարույթ, որը բերվում է, պետք է բերվի հիմնավորված: Հիմա եթե այդ դատավորին իշխանությունը չի սիրում, բայց վարույթը հիմնավորված չէ, կմերժվի, եթե չի սիրում, բայց հիմնավորված է, կբավարարվի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Ինչ վերաբերում է քրեական գործերը դատավորներին ձեռքով մակագրելու վերջին ամիսների պրակտիկային, ԲԴԽ անդամի կարծիքով՝ այդ գործընթացը տվյալ պահին օրինական է, բայց նորմալ չէ:
«Ես էլ եմ միշտ համարել, որ պետք է լինի մակագրման էլեկտրոնային համակարգ ցանկացած սուբյեկտիվություն բացառելու համար… Հիմա օրենքը հստակ տալիս է սկզբունքներ, որ մակագրությունը տեղի է ունենում, եթե չկա էլեկտրոնային համակարգը: Ես չեմ կարող բացառել, որ սուբյեկտիվ ոչինչ չի լինում, ես կարող եմ ուղղակի ասել, որ օրենքը բացառում է նման բան: Եթե կլինեն դեպքեր, որոնք հետագայում կապացուցվեն, ես առաջին մարդը կլինեմ, ով համաձայն կլինի, որ քրեական գործ հարուցվի, և կոնկրետ անձը, որը կատարել է անօրինական բաշխում, պատասխանատվություն կրի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում