Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումները եւ քաղաքական հաշվարկները

Սեպտեմբեր 16,2021 10:00

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր արցախյան գործընկեր Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ ասուլիսում փաստեր էր հրապարակել այն մասին, որ ադրբեջանցիները խոշտանգում են մեր ռազմագերիներին: Սեպտեմբերի 14-ին, պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դրանք ա/ հնարովի պատմություններ են եւ բ/ դրանք չարժե հնչեցնել խորհրդարանում: Առաջին կետի վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով ներկայիս ՄԻՊ-ի բարեխղճությունը, կարող եմ ենթադրել, որ նման զեկույցներ պատրաստելիս նա հավաքագրել է բավականաչափ փաստեր:

Երկրորդ կետն ավելի հետաքրքիր է: Ես դեմ եմ «թուրքասեր», «թուրքամետ» եւ նման այլ հուզական բացականչություններին: Ալեն Սիմոնյանը քաղաքական գործիչ է, ներկայիս իշխանության առանցքային դեմքերից մեկը եւ, հետեւաբար, տրամաբանական է կարծել, որ ԱԺ-ում իր հայտարարություններով ներկայացնում է իշխանության քաղաքական գիծը: Այստեղ կարեւոր է հասկանալ իրավապաշտպանի եւ քաղաքական գործչի գործառույթների տարբերությունը:

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. ամերիկյան որոշակի նահանգներում կամ ընկերություններում խտրականություն է դրսեւորվում աֆրոամերիկացիներին աշխատանքի ընդունելիս եւ նրանց վարձատրելիս: Իրավապաշտպանը պարտավոր է այդ խնդիրը բարձրաձայնել: Քաղաքական գործիչը, մանավանդ՝ իշխող կուսակցության կոնգրեսականը, կարող է համարել, որ այդ հարցը պետք է «սվաղել»՝ կրքերը չբորբոքելու եւ, ասենք, ռասայական անկարգություններ չբորբոքելու համար: Դա իր իրավունքն է: Պարզապես ժողովրդավարական երկրներում կոնգրեսմենը ստիպված է հրապարակավ եւ մանրամասն բացատրել իր դիրքորոշումը: (Հայաստանում կարելի է սահմանափակվել «նախկինների» եւ կոռուպցիոներների մասին հերթապահ խոսակցություններով): Չի բացառվում նաեւ, ու քաղաքական գործիչն ու իրավապաշտպանը կարող են հանդիպել եւ պետական շահերից ելնելով պայմանավորվել, թե ինչը, երբ եւ ինչպես է պետք հրապարակել:

Դառնալով մեր խնդրին՝ փորձենք պատասխանել այն հարցին՝ արժե՞ արդյոք հրապարակել ադրբեջանցիների կողմից խոշտանգումների մասին փաստերը: Այն տեղեկատվությամբ, որին ես եմ տիրապետում, ինձ թվում է՝ այո, արժե. այդ խնդիրը միջազգային մակարդակով բարձրացնելը հավելյալ լծակ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի միջազգային ջանքերով մեր գերիների վերադարձի խնդիրը լուծվի: Բայց ես չեմ բացառում, որ կան ինչ-որ հանգամանքներ եւ նրբություններ, որոնք ինձ հայտնի չեն:

Եթե խոսքը միայն «խաղաղության օրակարգի» մասին «օդի մեջ» խոսակցությունների մասին է, ապա դա ինձ լուրջ չի թվում՝ ոչ այն պատճառով, որ ես դեմ եմ խաղաղությանը, այլ՝ որովհետեւ Ադրբեջանն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի անում, իսկ Ռուսաստանն առայժմ որոշել է ամեն ինչ թողնել «standby» վիճակում: Հայաստանի օմբուդսմենի, մեր այլ իրավաբանների եւ իրավապաշտպանների ջանքերը դրան ո՛չ կօգնեն, ո՛չ էլ կխանգարեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930