Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ուսումնական կենտրոնը պետք է դառնա ամեն տաղանդավոր երեխայի նպատակների դպրոցը»

Սեպտեմբեր 16,2021 13:30

Արթուր Միքայելյանը` «Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնի» ու շախմատային ապագայի մասին

«Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնը», եթե չեմ սխալվում, գործում է 2012 թվականից: Ո՞րն էր կենտրոնի առանձնահատկությունը… Հայաստանում շատ կան փոքր կամ մեծ շախմատի դպրոցներ, որոնք երեխաներին տալիս են որոշակի գիտելիքներ, բայց գալիս է մի պահ, որ արդեն չկա այն դպրոցը, այն կենտրոնը, որտեղ երեխաներն անհատական մարզիչներ ունենան ու սկսեն աշխատել: Ժամանակին պետությունը ֆինանսավորեց, աջակցեց մարզիչների աշխատավարձի, տարածքի հարցում, եւ տղաները սկսեցին աշխատել ու շատ լուրջ արդյունքներ ցույց տվեցին, եթե չեմ սխալվում՝ եղան հաղթողներ Եվրոպայի առաջնությունում: Ցավոք, 2018թ. ամեն ինչ փոխվելուց հետո որոշում կայացվեց դպրոցի ֆինանսավորումը դադարեցնել: Պատճառն այն էր, թե ինչու մարզիչները պետք է այդքան շատ աշխատավարձ ստանան, իրենց կարող ենք այլ դպրոցներում տեղավորել` ավելի քիչ աշխատավարձով: Այդպես կազմաքանդվեց դպրոցը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց «Վերածնվող միտք» հիմնադրամի տնօրեն Արթուր Միքայելյանը:

Նրա խոսքով, կենտրոնի կազմաքանդվելուց հետո մարզիչները սկսեցին աշխատանք փնտրել, որոնց թվում էր նաեւ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, որը մեկնեց Ղազախստան ու այնտեղ մահացավ սրտի կաթվածից:

Արթուր Միքայելյանն անդրադարձավ նաեւ Լեւոն Արոնյանի` ԱՄՆ մեկնելու որոշմանը: Նրա համոզմամբ, Լեւոնի` այդ քայլին դրդել են իշխանությունները: Եվ երբ Արոնյանը որոշում է կայացրել մեկնել ԱՄՆ, իր մոտ ծնվել է շախմատի ուսումնական կենտրոնը վերաբացելու միտքը` մասնավոր ֆինանսավորմամբ, եթե պետությունը «ձեռքերը լվացել» է: «Ես խոսեցի «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հակոբյանի հետ: Նրա կողմից ստանալով դրական արձագանք` մենք բացեցինք «Վերածնվող միտք» հիմնադրամը, ու կենտրոնի ֆինանսավորումն ամբողջությամբ գործարանը վերցրեց իր վրա: Օրինակ, եթե նախկինում 1,5 միլիոն էր կենտրոնի ֆինանսավորումը, այժմ կրկնակի է ֆինանսավորվում: Այս դժվար ժամանակներում շատ մեծ քայլ է, որ «Մաքուր երկաթի գործարանը» վերցրեց իր վրա շախմատի կենտրոնի ֆինանսավորումը, ու ամեն ինչը սկսեց նորից աշխատել: Մի խոսքով, սկսեցինք աշխատել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Խոսելով իրենց եւ այլ ուսումնական կենտրոնների տարբերության մասին, նա ընդգծեց, որ «Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնում» աշխատում են Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչները. «Նրանք աշխատում են ավելի բարձր կարգ ունեցող պատանի խոստումնալից շախմատիստների հետ, որոնց հետ անհատական պարապմունքներ, եթե ծնողները վերցնեն էլ, չեն կարող վճարել: Մենք այդ ծախսերը վերցնում ենք մեզ վրա, աշխատում ենք այն պատանիների ու աղջիկների հետ, որոնք բացառապես կենտրոնանում են միայն շախմատի վրա: Եվ երբ մեզ մոտ մրցույթ հայտարարվեց ընդունելության համար, շախմատիստներին ընտրեցին բացառապես մարզիչները»:

Ընդամենը երկու օր է եղել մրցույթի մասին հայտարարությունը ինտերնետում, բայց ստացել են 100-ից ավելի հայտեր: «Ի զարմանս մեզ` մեր դպրոցում սովորելու համար ոչ միայն Հայաստանից հայտեր ստացանք, այլեւ Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Սիրիայից, Թուրքիայից… Շախմատի դերն ու նշանակությունը մեզ համար այնքան մեծ է, որ ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է որպես շախմատային երկիր: Եթե, օրինակ, Շվեյցարիան ասոցացվում է ժամացույցի ու բանկի, Ֆինլանդիան` սառույցի ու ցրտի, Իտալիան` պիցցայի ու պաստայի, Իսպանիան` ֆուտբոլի հետ, ապա Հայաստանը քրիստոնեության եւ շախմատի հետ: Այլ բանի հետ հայն ու Հայաստանը չի ասոցացվում, ոչ ոք չի ասելու, թե հայերը քայլող ազգ են: Միջին վիճակագրական ակադեմիական կրթություն ունեցող մարդը միանգամից հասկանում է դա, ու ջարդել, վերացնել եղած արժեքները, դատապարտելի է: Քանի որ իշխանությունն այսօր կա, վաղը չկա, բայց պետությունը մնայուն է, մենք որոշեցինք, որ շախմատը պետք է վերածնվի:

Չգիտես ինչու, 2018-ից հետո որոշեցին, որ շախմատի մեջ պետք է հայտնվեն մարդիկ, որոնք շախմատի հետ կապ չեն ունեցել… Հայտնվեցին ու սկսեցին ինչ-որ բաներ թելադրել, ու այն արժեքները, որոնց հասել ենք ու որով մեզ ճանաչում են, փորձեցին քանդել»,- նշեց «Վերածնվող միտք» հիմնադրամի տնօրենը:

«Երբ Լեւոն Արոնյանը խաղում է, նրա կողքի «Արմենիա» բառին մի քանի միլիոն մարդ է հետեւում, եւ անգամ, եթե նա ԱՄՆ-ի դրոշի ներքո պետք է հանդես գա, դարձյալ մնում է որպես հայ շախմատիստ»,- ասաց Արթուր Միքայելյանը: Նա անդրադարձավ նաեւ այն ամոթալի պատմությանը, երբ Լեւոն Արոնյանի մասին ասել էին, որ իբր պոտենցիալ չունի. «Դա հստակ ասվել էր Լեւոնին ԿԳՄՍ նախարարությունում… Դա ասվել էր շախմատիստի, մինչդեռ չկա մի մրցաշար աշխարհում, որտեղ նա հաղթած չլինի… Ես ուզում եմ նայել նման բան հայտարարած «մասնագետի» դեմքին… Այդ պոտենցիալը մենք ուզում ենք երեխեքի մեջ ներգրավելով` իրենց մեջ մտցնել այն հավատը, որ շախմատը կա ու ամբողջ աշխարհում Հայաստանը պետք է ճանաչեն որպես շախմատային երկիր, հատկապես որ միշտ շատ տաղանդավոր շախմատիստներ ենք ունեցել` Վլադիմիր Հակոբյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան, երջանկահիշատակ Կարեն Ասրյան… Ի դեպ, Լեւոն Արոնյանի կյանքում եղավ մի պահ, որ ինքը չէր խաղում Հայաստանի դրոշի ներքո, բայց 2004թ., երբ Սերժ Սարգսյանը դարձավ Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ամեն բան արեց, որ Լեւոնը վերադառնա Հայաստան: Ու դրանից հետո սկսվեց իր կարիերան, որովհետե պետական աջակցություն կար…

Ընդհանրապես շախմատիստը պետք է ոչ մի այլ բանի մասին չմտածի, պետք է միայն կենտրոնանա շախմատի վրա, չպետք է մտածի, որ իրեն պետք է գերհզոր համակարգիչ, որը աշխարհում 6-անիշ թիվ արժի դոլարով, պետք են մարզիչներ: Հայաստանում մտածում են, թե մարզիչը դպրոցի մարզիչն է, որը 100-120 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իրենք չգիտեն, թե ինչ ասել է բարձր որակավորում ունեցող շախմատային մարզիչը ու որոնց հետ աշխատելու համար ինչքան պետք է վճարել»,-շեշտում է Արթուր Միքայելյանը:

«Շախմատը շատ կարեւոր է, շախմատը սովորեցնում է մտածել՝ նոր քայլել, ոչ թե քայլել, նոր մտածել: Շախմատի մեջ մինչ քայլ անելը` պետք է մտածես, որովհետեւ կարող է պարտվես: Մենք ուզում ենք երեխաներին սովորեցնել մտածել… Մեր դպրոցը մի շատ կարեւոր առանձնահատկություն էլ ունի` մենք փորձել ենք աստիճանակարգեր ստեղծել, այնպես չի, որ բոլորը նույն մակարդակի են: Ունենք 4 մարզիչ, եւ նրանք բոլորը մեկը մյուսի հետ աշխատում են: Ունենք տաղանդաշատ երեխաներ անգամ Սպիտակից, նաեւ Կապանից, որ բարեկամի մոտ է ապրում` պարապելու համար: Շախմատում միշտ աջակցությունը պետք է, ու երբ պետությունը չի աջակցում, մասնավոր ձեւով պետք է այդ աջակցությունը ցուցաբերել, երեխան, երիտասարդը պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է:

Երբ խոսում էինք Կապանից եկած երիտասարդի հետ, ինքը պատմում էր, որ իրենց մրցաշարերից հետո Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանն ամեն անգամ պատվոգրեր, փոքր նվերներ է հանձնում իրենց: Երեխաներին խրախուսելը պետք է, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ իրենք սահմաններից դուրս գնան շախմատ խաղալու, ինչը շատ լուրջ ծախսերի հետ է կապված: Պետք է լինեն հովանավորներ, որպեսզի լավագույնները կարողանան գնալ: Մի նորամուծություն էլ ունենք, շուտով մեր դպրոցում մարզական հոգեբանություն ենք մտցնելու: Երեխան ոչ միայն պետք է լավ շախմատիստ լինի, այլեւ լավ մարդ, լավ սպորտսմեն, պետք է չընկճվի պարտվելիս, հասկանա, որ ամեն պարտությունից հետո կա հաղթանակ: Ուզում ենք այնպիսի նշաձող սահմանել, որ մեր ուսումնական կենտրոնը դառնա ամեն տաղանդավոր երեխայի նպատակների դպրոցը: Դրա համար ամեն բան անելու ենք, չէ՞ որ շախմատը մեր այցեքարտն է ամբողջ աշխարհում:

Մարդիկ պարփակված են ՀՀ սահմաններով… Եթե փորձեն դուրս գալ, շփվել միջին ակադեմիական կրթություն ունեցող մարդկանց հետ, կհասկանան, թե ինչ է շախմատը: Երբ BBC-ն է անդրադառնում շախմատին, դա ուրիշ բան է, երբ մերոնք գտնում են, որ Արոնյանը այլեւս պոտենցիալ չունի, եւ դրանից մեկ ամիս անց «Գարդիանը» գրում է, որ Արոնյանը տեղափոխվում է ԱՄՆ, եւ այդ երկիրն է ներկայացնելու, դա արդեն խայտառակություն է մեր երկրի համար: Մենք պետք է ոչ միայն պահենք, պահպանենք այն, ինչ ունենք, այլ չփորձենք քաղաքականացնել ամեն բան ու քիթը մտցնել այնտեղ, ինչն իրենցը չէ: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով:

Հավելեմ, որ եւ Լեւոն Արոնյանը, եւ Գաբրիել Սարգսյանը որպես մարզիչներ մեր դպրոցում չկան, բայց իրենք երկուսն էլ ամեն ձեւով մեր կողքին են: Մեզ մոտ որոշումը կայացվում է շախմատիստների հետ միասին: Հիմնադրամի խորհրդի գերակշիռ մասը` 80 տոկոսը շախմատիստներ են ու շախմատի հետ կապ ունեցող մարդիկ: Մեր նպատակը պրոֆեսիոնալ շախմատիստներ սարքելն է, որ 2-3 տարի հետո ունենանք ՀՀ այն շախմատի թիմը, որը ունեցել ենք Թուրինում, Դրեզդենում… Ցավոք, վերջին երեք տարին հետ գցեց ամեն ինչը, ու առաջիկա 2 տարում դժվար ունենանք այն, ինչ ունեինք նախկինում: Հիմա փորձում ենք վերադարձնել կորցրածը»,-զրույցն ավարտում է «Վերածնվող միտք» հիմնադրամի տնօրեն Արթուր Միքայելյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930