«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից եւ նախագահ Ա. Սարգսյանի որոշմամբ՝ ապրիլի 12-ին ուղարկվել ՍԴ՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, դեռեւս պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում կգտնի, սակայն մինչեւ այդ դատական իշխանությունը բարձրաձայնում է հիշյալ օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների, ինչպես նաեւ արդեն իսկ ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մի շարք փոփոխությունների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրույցել ենք Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, վերջին տարիներին դատական համակարգը կարծես թե թիրախավորվել է, «վիրահատական» ճանապարհով փորձ է կատարվում վերականգնել հանրության վստահությունն առ արդարադատություն իրականացնող դատավորների նկատմամբ: Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը:
– Ես համոզված եմ, որ քաղաքացիները դատարաններին վստահում են, մեղմ ասած, ոչ պակաս՝ քան իրավապահ ցանկացած մարմնի կամ, օրինակ, առողջապահական համակարգին: Այսքան ժամանակ չեմ տեսել ու դժվար էլ լինի ճշգրիտ սոցիալական հարցման արդյունքներ, որն արտացոլի քաղաքացու օբյեկտիվ վստահությունը դատարանների նկատմամբ: Այլ հարց է, որ գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք են դժգոհում դատարաններից: Իմ կարծիքով, եթե դժգոհ են, ապա այդ փաստն իսկ վկայում է կայացած դատական համակարգի մասին: Այն երկրում, ուր գործադիրն ու իրավապահները գոհունակությամբ խոսեն դատարանների մասին, ապա կարելի կլինի արձանագրել, որ այդտեղ դատական իշխանություն, դատավորների անկախություն չկա. Հնարավոր չէ լինի իրավիճակ, երբ դատարանները լինեն անկախ, ոչ բոլոր հարցերում համաձայնեն իշխանությունների հետ ու վերջիններս անկեղծ գոհունակությամբ արտահայտվեն:
Իսկ եթե ցանկանում ենք բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը՝ առաջին իրատեսական ու պարզ քայլն իմ կարծիքով՝ օր առաջ պետք է հետ բերել գործերի բաշխման, մակագրման էլեկտրոնային համակարգը, քրեական գործերն ու միջնորդությունները պետք է խիստ պատահականության սկզբունքով մակագրվեն՝ նվազեցնելով կամ չեզոքացնելով մարդկային գործոնը:
– Դատավորների անվտանգության երաշխիքների մասին կցանկանայի խոսենք. թերեւս պարզ է, որ դատավորի կայացրած այս կամ այն որոշումը դատավարության կողմերից մեկի դժգոհությունն է հարուցելու եւ ինչպես ականատես եղանք՝ դատավորներից մի քանիսը հայհոյանքների եւ սպառնալիքների կիզակետում հայտնվեցին: Դատական օրենսգիրք փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքում անվտանգության երաշխիքներին առնչվող լրացում կատարվե՞լ է:
Կարդացեք նաև
– Համոզված եմ, սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները լիովին բավարար են, Դատական օրենսգրքի փոփոխությունները՝ երկրորդական: Խնդիրը ոչ թե այդ երաշխիքների կամ նոր ավելի լավ երաշխիքների օրենսդրական ամրագրումն է, այլ դրանց ճիշտ մեկնաբանումն ու անշեղ կատարումը բոլոր կառույցների, պաշտոնյաների ու հենց դատարանների կողմից:
– Հիշյալ օրենքի խնդրահարույց հոդվածներից մեկով նախատեսվում է գործը մեկ դատավորից վերցնել եւ մեկ այլ դատավորին փոխանցել, որպես հիմնավորում նշվում է, որ գործընթացը դատական քննության արդյունավետ իրականացմանն է ուղղված: Սա միջամտություն չէ՞ արդարադատությանը:
– Միանշանակ անօրինական միջամտություն է, որին իբրեւ օրինական, օրենսդրական տեսք է փորձում հաղորդվել: Առիթ ունեցել եմ ասելու, որ նման դեպքում դատավորը թերեւս պարտավոր կլինի ներկայացնել հանցագործության մասին հաղորդում: Առավել պատկերավոր ներկայացնեմ կարծիքս. Նախագծի այս դրույթը նույնն է, որ օրենքով ամրագրեն, թե տարվա մեջ մեկ անգամ դատավորը պարտավոր է գործը լուծել այնպես, ինչպես կցանկանա մեկ այլ անձ՝ պաշտոնյա: Որեւէ դատավոր պարտավոր չէ այն ի կատար ածել: Ամեն դեպքում սպասենք այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշմանը:
– Անդրադառնանք հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով կարգավորվող մի քանի փոփոխությունների: Ինչպես նկատեցի, նոր քրեական դատավարությունը բավականին ծանրաբեռնում է դատարանների աշխատանքը: Մասնավորապես, քրեական գործերն արագացված ընթացակարգով քննելու ինստիտուտն այլեւս չկա, ներդրվել է համաձայնեցման վարույթ, որը կարծես բանակցային գործընթացի է նման: Կխնդրեմ ներկայացնել փոփոխությունն՝ անդրադառնալով ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերին:
– Անկեղծ ասած, ես այս փոփոխության մեջ որեւէ դրական կողմ չեմ տեսնում, բացասականը՝ անթիվ: Թերեւս անհասկանալի էր արագացված դատաքննության ինստիտուտի վերացումը, որեւէ վնասի կամ դժգոհության մասին չեմ լսել երբեւէ: Թե ինչ հիմնավորմամբ այն վերացվեց՝ դա եւս պարզ չէ: Համաձայնեցման վարույթն ինձ մոտ «արդարադատության աուտսորսի» ասոցացիա է առաջացնում, արդարադատությունը՝ դատախազությանը վերապատվիրակելու տպավորություն: Թե քրեական դատավարության որ մոդելից է այս փոփոխությունը կամ որ երկրից է այն վերցվել ու ձեւափոխվել՝ անհասկանալի է: Չեմ լսել, որ որեւէ երկրում դատարանում գտնվող քրեական վարույթով մեղադրանքի ու պաշտպանության կողմը բանակցեն, սահմանեն պատժի տեսակ, չափ ու մյուս հարցերը, իսկ դատարանն այն ուղղակի հաստատի:
Այս նորամուծության կենսագործունեության հարատեւության վերաբերյալ խիստ կասկածներ ունեմ, դրանք հնարավոր չեն մեկ-երկու հարցազրույցում փոխանցել: Փորձեմ ընդամենը մեկ-երկու նկատառում նշել:
Եթե զուգահեռ անցկացնենք քաղաքացիական դատավարության հետ, ապա այս համաձայնեցման վարույթն առավել նմանություններ ունի կողմերի հաշտության ինստիտուտի, քան արագացված դատաքննության հետ: Քաղաքացիական դատավարությունում երկու ինստիտուտներն էլ զուգահեռ աշխատում են, ինչը չի կարելի ասել քրեական դատավարության առումով: Քաղաքացիականում ներդրվեց հաշտարարության, մեդիացիայի ինստիտուտը, փորձեցինք այն աշխատեցնել, արդյունքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ, չեմ կարծում, թե գործերի գոնե 1 տոկոսը լուծվում է հաշտարարի միջոցով: Օրինակ, չեմ պատկերացնում, որ շատերը ի սկզբանե համաձայնություն տան իրենց տեւական ժամանակով ազատազրկելուն այն դեպքում, երբ ընդհանուր կամ արագացված դատաքննության պարագայում պայքարում են պատժի, պատժաչափի համար ու դրա հետ առերեսվում դատավճռի կայացումից հետո: Գործնականում ծագել են ու հանդիպելու են դեպքերը, երբ անձը մեղադրանքն ամբողջ ծավալով ընդունում է, սակայն պատժի տեսակի, պատժաչափի կրման հարցում մեղադրողի հետ համաձայնության չի գալիս՝ ստացվում է, որ տարիներով դատարանը պետք է բազմահատոր գործը լրիվ ծավալով քննի, վկաներ ու տուժողներ հարցաքննի եւ վերջում միայն մեղադրական դատավճռի դեպքում նշանակի արդարացի պատիժ: Որեւէ մեկը՝ լինի տուժող, մեղադրյալ, վկա, դատախազ, պաշտպան, դատավոր, չի շահում՝ բոլորը «տուժում են», ուստի միանշանակ է, որ նորամուծությունը չի բխում արդարադատության շահերից:
Պետք է լինենք անկեղծ, գործնականում կան շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որի հետեւանքով դատախազները, նույնիսկ ցանկություն ունենալով, շատ քիչ դեպքերում կվստահեն պաշտպաններին, նրանց հետ պատիժ ու պատժաչափ հարց կքննարկեն՝ ինքնուրույն համաձայնություն ձեռք բերելով դրա շուրջ: Հարկ է օբյեկտիվ գտնվել, դատախազների անկախության երաշխիքները, մասնագիտական հմտություններն ու հոգեբանությունը դատավորի հետ չես համեմատի, կարող են լինել դեպքեր, երբ նրանք ապացուցելու համար, թե որեւէ նեգատիվ շահագրգռվածություն չունեն, միջնորդեն խիստ հարկադրանքի միջոցների կամ պատիժների կիրառում, ու քանի դեռ այս ամենը հաղթահարված չէ, հնարավոր չէ ակնկալել համաձայնեցման վարույթների առատություն:
Շուրջ երկու ամիս կամ ավելի քիչ այս ինստիտուտն արդեն գործում է, ավելի պատկերավոր կարելի է խոսել մի քանի ամիս հետո, բայց պատկերացում կազմելու համար պետք է տեսնել, թե արդյոք այս ընթացքում քանի համաձայնեցման վարույթ է կայացել հանրապետությունում, եւ նույն ժամանակահատվածում նվազագույնը քանի արագացված դատաքննություն էր լինում:
Սրա հետեւանքն առանց այդ էլ խիստ ծանրաբեռնվածությունը կրկնապատկելն է լինելու, բոլոր ռեսուրսների անհամաչափ վատնումը եւ այլն: Ամեն դեպքում, որպես ենթադրյալ դրական կողմ, նշեմ, որ շատ դեպքերում մեղադրյալները մեղքն ընդունում էին, արագացված դատաքննության կարգ էին պահանջում՝ «դատարանին զրկելով դատավարական որոշակի կամ նաեւ երբեմն էական խախտումներին արձագանքելու ու արդարացվածի կարգավիճակ շնորհելու հնարավորությունից»: Արագացված դատաքննությունը վերանալու, իսկ համաձայնությունները չկայանալու դեպքում ավելանում է անձանց՝ անգամ մեղադրանքներն ընդունելու դեպքում լիարժեք դատաքննության պայմաններում արդարացվելու հավանականությունը:
– Այս պարագայում ի՞նչ լուծում եք տեսնում:
– Որպես լուծում կառաջարկեի հետ գնալ արագացված դատաքննության ինստիտուտին կամ գոնե դրանք զուգահեռ թողնել:
– Ստացվում է՝ դատավարության մասնակիցները բանակցությունների մեջ են ներգրավվում՝ արդյունքում արձանագրություն է կազմվում, պատժատեսակը եւ պատժաչափն է համաձայնեցվում, այս երկարատեւ գործընթացից հետո դատարանը կարող է չընդունել համաձայնեցման արձանագրությունը, եթե սահմանված պատժաչափն օրինակ՝ անօրինական է:
– Այո, դա եզակի դեպք է, երբ դատարանը կարող է չընդունել արձանագրությունը, սակայն մեկ այլ հարց է ծագում: Նույն պայմաններում դատախազն ու պաշտպանը կարող են համաձայնության գալ սանկցիայի շրջանակներում, սակայն ստացվում է՝ դատարանը չի կարող այն չընդունել, եթե նույնիսկ պատիժն անհամաչափ խիստ կամ ակնհայտ մեղմ լինի: Ստացվում է, որ դատարանի անելիքը զուտ տեխնիկական է կամ ձեւական: Սա իմ պատկերացրած արդարադատության հետ քիչ նմանություն ունի: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե մեղադրյալներն իրենց վերաբերյալ ազատազրկման ձեւով արդարացի պատիժ ստանալու համաձայնություններ են տալու, որ դատարանն էլ հաստատի: Հակառակ պնդումն անելու համար պետք է ասենք, թե քանի անձ է օրինակ՝ դիմակ չկրելու համար վարչական պատասխանատվության ենթարկվել ու անկեղծ «ինքնամատնություն» արել, էլ ուր մնաց, թե քրեականով ազատազրկվել:
– Նոր քրդատով նաեւ վարույթի առանձին տեսակ է ներդրվել՝ «համագործակցության վարույթ», որն ըստ էության պայմանագրի նման մի բան է իրենից ենթադրում եւ մինչ նախաքննության ավարտը պետք է կազմվի դատախազի, մեղադրյալի եւ պաշտպանի կողմից: Նախկինում վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությունը որպես մեղմացնող հանգամանք էր դիտվում եւ դատարանում դատախազն այդ փաստին անդրադառնում էր դատական վիճաբանությունների փուլում, այն չէր ենթադրում հատուկ կարգով դատաքննություն: Փոքր-ինչ կմանրամասնե՞ք այս վարույթի էությունը:
– Այս վարույթի հետ կապված առավել քիչ են վերապահումներս, խորությամբ չեմ ուսումնասիրել, աշխարհում ընդունված է, պետք է սպասենք, տեսնենք, թե գործնականում ինչպես է աշխատում:
– Ամփոփելով՝ մեկ դատավորի վարույթում որքան գործ պետք է լինի տարվա ընթացքում, որպեսզի ծանրաբեռնվածության խնդիր չառաջանա եւ քրեական դատավարության օրենսգրքի պահանջի համաձայն՝ յուրաքանչյուր անձի վերաբերյալ գործը քննվի ողջամիտ ժամկետներում:
– Եթե տեսականորեն կամ մոտավոր ասելու լինեմ, ապա կարծում եմ, որ դատավորին չպետք է տարեկան 50 քրեական գործից ավելի գործ մակագրվի:
Հարցազրույցը վարեց
Էլեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.09.2021