Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Բյուրականի Արտավազդիկ եկեղեցում

Սեպտեմբեր 16,2021 12:30

Կիսավեր Արտավազդիկ եկեղեցին գտնվում է Բյուրական գյուղի արեւելյան մասում, Ջրվշտիկ գետակի փոքրիկ ձորակի արեւմտյան եզրին: Այն ինչպես ուսումնասիրություններն են հավաստում, կառուցվել է 7-րդ դարի սկզբին եւ ենթարկվել է մի շարք վերանորոգումների: Եկեղեցին գմբեթավոր շենք է. ներսից խաչաձեւ հատակագծով:

Նրա շրջակայքում, միջնադարում, եղել է Հայաթաղ գյուղը, որը հիշատակվում է Բյուրականի Սբ Հովհաննես եկեղեցու արձանագրություններում: Այն Արագածոտնի նշանավոր գյուղերից էր: Այստեղից Գրիգոր քահանան 984թ. անցկացրել է Բյուրականի այգիների ոռոգման համար ջրանցք: Գյուղը վաղուց լքվել է եւ միայն տեղ-տեղ ավերակների հետքերն են նշմարվում:

Հուշարձանախումբը բաղկացած է կիսավեր փոքր եկեղեցուց եւ զանգակատնից: Վերջինս հավանաբար կանգնեցվել է եկեղեցու վերանորոգման ժամանակ: Եկեղեցուց կանգուն էին արեւմտյան խաչաթեւը՝ ծածկի հետ միասին, հյուսիսային խաչաթեւն ու արեւելյանի կեսը՝ մինչեւ թաղեր եւ հյուսիս-արեւելան օժանդակ սենյակը: Գլխավոր մուտքն արեւմտյան խաչաթեւից է:

Արտավազդիկ եկեղեցին հյուսիսից

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հյուսիս-արեւելյան սենյակը հետագայի հավելում է եւ մուտքին կից պատի ստորին մասում երեւացող վերանորոգման հետքերը վկայում են, որ երկրորդ մուտքը հետագայում է բացված: Այդ վերակառուցումը 7-րդ դարի է: Երկրորդ վերակառուցումը կատարվել է հավանաբար 13-րդ դարում: Արեւմտյան խաչաթեւի վրա կառուցվել է զանգակատուն, այդ դարին բնորոշ հորինվածքով, որի հիմքը կազմող քառակուսի պատվանդանը դրված է եկեղեցու արեւմտյան պատի եւ մասամբ ծածկի վրա: Պատվանդանի վրա հենվում են սրածայր վեղարը՝ կրող չորս կլոր սյուների հետ միասին: Հուշարձանի շուրջը թափված բեկորներից կարելի է ենթադրել, որ զանգակատան հետ վերանորոգվել է հուշարձանի թմբուկը՝ գմբեթի հետ միասին: Հուշարձանը մասնակի վերանորոգվել է 1958 թ.: Եկեղեցին հավանաբար ծածկված է եղել կղմինդրով, սակայն հետագայում 13-14-րդ դարերում կատարած լրացումների ժամանակ կղմինդրե ծածկը փոխարինվել է քարե ձեւավոր սալերով:

Հուշարձանը կառուցված է սեւ եւ կարմրավուն տուֆից՝ պատերի անկյունային հատվածներում, գմբեթակիր կամարների հենարաններում, լուսամուտների ու մուտքերի եզրամասերում սրբատաշ, իսկ մյուս մասերում համեմատաբար անմշակ:

Արտավազդիկը վնասվել է 1176թ.՝ Կոշի, 1264թ.՝ Ուշիի, 1679թ.՝ Գառնիի, 1840թ.՝ Արարատյան եւ 1949թ.՝ Բյուրականի երկրաշարժերից: 1840թ. երկրաշարժից վնասվելը նշված է արխիվային մի վավերագրում: Այդ տարի եկեղեցին տուժել է նաեւ ջրհեղեղից, իսկ 2005թ. զանգակատունը՝ կայծակի ուժգին հարվածից:

Եկեղեցու մասնակի վերանորոգման հետ միասին վերանորոգվել է նաեւ Արտավազդիկի հանդիպակաց ափին կանգուն որմնափակ խաչքարը (13-րդ դ.):

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Արտավազդիկ եկեղեցին հարավից

«Առավոտ» օրաթերթ
15.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930