Սկիզբը՝ այստեղ:
Սա՞ է Անկարայի հերթական «դրական ազդակը»
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Երեւանն ու Բաքուն կրկին ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենագլխավոր հարցի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ:
Սա մի մթնոլորտ է, երբ պաշտոնական Երեւանը ճշգրիտ, հավասարակշռված աշխատանքի դեպքում կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ լինել մի կողմում, իսկ Բաքուն, որպես ապակառուցողական կողմ, մնալ Թուրքիայի հետ՝ մյուս կողմում:
Ի՞նչ է սա նշանակում: ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող պետությունները պետք է հստակ տեսնեն, որ Հայաստանն անկեղծ տրամադրված է բանակցել, պայմանավորվածություններ ձեռք բերել ու կատարել այդ պայմանավորվածությունները: Պաշտոնական հայտարարությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Օրինակ՝ վերջերս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պաշտոնական մակարդակով հնչեցին որոշ գնահատականներ, Փաշինյանն անգամ Թուրքիայի նախագահի հայտարարություններից մեկը «դրական ազդակ» համարեց: Բայց ի՞նչ լսեցինք մի քանի օր անց Անկարայից… Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օրերս մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Հայաստանի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Նա Հայաստանին մեղադրել է հարեւան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ եւ Երեւանին հորդորել է մտածել, թե ինչպես կարող է օգուտ քաղել խաղաղությունից, տնտեսական զարգացումից, կարեւոր նախագծերից։ Չավուշօղլուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության համապարփակ պայմանագրի բանակցությունների առաջարկի մասին եւ հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի։
Կարդացեք նաև
Այսինքն, տարբեր տարածաշրջաններում զավթողական քաղաքականություն վարող այսօրվա Թուրքիան ՀՀ-ին մեղադրում է հարեւան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ: Թե որքանով է սա «դրական ազդակ» Անկարայի կողմից եւ ինչ դիտանկյունից այն կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից՝ թող բացատրեն ՀՀ իշխանությունները: Պարզ է, որ Անկարան շարունակելու է սատարել Բաքվի դիրքորոշումը, որն այսօր հետեւյալն է՝ Հայաստանը պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ, այսինքն՝ մոռանա Լեռնային Ղարաբաղը, ինչն էլ նշանակում է՝ արձանագրի, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է:
Ահա, այստեղ է, որ պաշտոնական Երեւանը պետք է ամրացնի իր դիրքորոշումը՝ արդյունավետ աշխատանք տանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ առանձին երկրների հետ: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություններից օրերս իրապես դրական ազդակներ հնչեցին:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ», արձանագրեց ԱՄՆ-ը
Միացյալ Նահանգներն անում է հնարավորը՝ կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, անցյալ շաբաթ նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է ազդակներ, որ Բաքուն ու Երեւանը կվերադառնան Մինսկի խմբի շրջանակ, եթե այո՝ ինչպե՞ս է դա պատկերացնում, երբ Բաքուն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, Մինսկի խումբն էլ անելիք չունի։ «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին վերադարձնենք Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը։ Իհարկե, 30 տարվա պատերազմի ու լարվածության մթնոլորտը մեկ գիշերում չի կարող լուծվել, սակայն կան որոշակի հիմնարար հարցեր, որոնք մենք կարեւորում ենք։ Ինչպես նշեցի, մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, ու այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում», – ասաց դեսպանը:
Այսինքն, Վաշինգտոնի դիրքորոշումը հետեւյալն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի մանդատ, լեգիտիմություն, այն շարունակում է մնալ որպես բանակցությունների հարթակ եւ բանակցությունները պետք է շարունակվեն:
Բոլորովին սպասելի էր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն անմիջապես կոշտ արձագանքի կարժանանա Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան հայտարարեց, թե Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Ըստ նրա՝ հակամարտությունն անցյալում է, եւ «Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»: «Ադրբեջանի նախագահի 2021թ. հուլիսի 7-ի հրամանագրով ստեղծվել են Արեւելյան Զանգեզուրի եւ Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, եւ որեւէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», – շեշտել է Աբդուլաեւան: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը իր հերթին շեշտել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հնարավորություններ է տալիս հարաբերությունները կարգավորել` տարածաշրջանում նոր իրողությունների, այդ թվում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, իսկ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ծառայում է «իրավիճակի սրմանը եւ անհիմն սպասելիքներ է ստեղծում հայկական կողմի մոտ»: «Մինչ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը, համանախագահ երկրի ներկայացուցչի նման հայտարարությունը խաթարում է Մինսկի խմբի հետագա գործունեությունը»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
Կարելի՞ է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի կողմից՝ «մինչ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը»
նախադասությունը համարել, որ Բաքուն, այնուամենայնիվ, վերադառնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների սեղանի շուրջ… Ցույց կտա ժամանակը:
Փարիզը հստակեցնում է՝ ԵԱՀԿ ՄԽ-ի դերակատարումն այսօր ավելի կարեւոր է, քան անցյալում էր
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն, որը ավարտում է իր առաքելությունը, «Հետքի» հետ զրուցում մի շարք ուշագրավ դիտարկումներ արեց Արցախի հարցով։ «Պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ 21-րդ դարում մենք չենք կարող ընդունել, որ մարդիկ չկարողանան ապրել իրենց տանը։ Չենք կարող ընդունել, որ նրանք առճակատվեն այնպիսի խնդիրների, ինչպիսիք են պատերազմը կամ արտաքսումը։ Նպատակը պետք է լինի՝ վերսկսել բանակցությունները եւ ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեծ առաջընթաց է, քանի որ հրադադարի հնարավորություն է ընձեռել, սակայն կարգավիճակի հարցը բաց է։ Ֆրանսիայի առաջնահերթությունն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մինսկի խմբի դերակատարումն այսօր ավելի կարեւոր է, քան անցյալում էր։ Մեր առաքելությունը Ղարաբաղի բնակչության պաշտպանությունն է»,- նշեց նա։
Հարցին, թե համանախագահներն ազդեցության լծակ ունե՞ն Ադրբեջանի վրա, հնարավո՞ր է վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը, դեսպանը նկատում է. «Իրականությունն այն է, որ միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու։
Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այդտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի, ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ներկայացված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Համանախագահ պետությունները մի քանի անգամ առիթ ունեցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ մասին խոսելու՝ ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակով, այլեւ այդ հայտարարությանը հետեւած մի շարք իրադարձություններով»։
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը խոսում են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, ինչպե՞ս է հնարավոր դա, երբ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին: «Որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ Փակուղում ենք գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերսկսումն է Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որ իրենք կքննարկեն»,- պատասխանել է դեսպանը։
Եվ գալով հարցին, թե Կովկասյան տարածաշրջանում գերտերությունների մրցակցություն կա՞, Ժոնաթան Լաքոտը նկատել է. «Հարավային Կովկասի համար մեծ հնարավորություն է այն, որ այստեղ համագործակցություն կա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ։
Դժվարությունները, որ առկա են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում, գոյություն չունեն Ղարաբաղի հարցի պարագայում։ Նախագահներ Մակրոնը եւ Պուտինը հաճախակի հեռախոսազրույցներ են ունենում մի շարք վիճելի հարցերի շուրջ, բայց Ղարաբաղյան խնդրի շուրջ ընդհանրություն կա»։ Հարցազրույցի վերջում պատասխանելով հարցին, թե ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին, հեռացող դեսպանը ուշագրավ պատասխան է տվել. «Բոլոր հայերին նախեւառաջ կմաղթեմ վստահ լինել իրենց ուժերին։ 2.5 մլն համախմբված եւ վճռական ժողովուրդը կարող է հրաշքներ գործել։ Ամեն ինչ դրսից պետք չէ սպասել, միեւնույն ժամանակ՝ ամեն ինչ պետք չէ կառավարությունից սպասել։ Պետք է հույսը ձեզ վրա դնեք, պահպանեք ազգային միասնությունը։ Հայաստանը պատրաստվում է նշել իր անկախության 30-ամյակը, կարծում եմ՝ պետք է այդ երեսուն տարիների քննությունը հանձնել եւ փորձել նախագծել գալիք երեսուն տարին»։
Թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի բարեկամ պետության՝ Ֆրանսիայի նկատմամբ պաշտոնական Անկարան ու Բաքուն, բազմաթիվ անգամներ համոզվել ենք թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից՝ ամենաբարձր մակարդակով արված հանդուգն գնահատականներով:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան երբեք չի ասել, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, թեեւ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ, եւ Ռուսաստան-Թուրքիա երկկողմ ձեւաչափում ակտիվորեն քննարկում, բանակցում եւ պայմանավորվածություններ է ձեռք բերում ԼՂ-ի ու Հայաստան-Ադրբեջան խնդիրների համատեքստում: Այնուամենայնիվ, վերջերս Մոսկվան եւս ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակման վերաբերյալ հստակ դիրքորոշում է արտահայտում, իսկ դա նշանակում է, որ նա չի արգելափակի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, եթե այն նոր թափ առնի:
Հնարավոր այս ընթացքն է, որ Բաքվին վերջին շրջանում հունից հանում է: Բանը հասավ նրան, որ արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ ուղարկեց Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը եւ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը: Նամակում նշվել էր՝ «այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցների անօրինական անցման մասին Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը»: Նշվում էր նաեւ, որ առանց Բաքվի համաձայնության ուրիշ երկրների իրավաբանական եւ ֆիզիկական անձինք եւ նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 15.09.2021