Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեղահանվածների խնդիրները հայկական երկու պետությունների սեւեռուն ուշադրության կենտրոնում են»

Սեպտեմբեր 16,2021 14:30

Արդեն պատերազմի ընթացքում Երեւանում բացվեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, որը զբաղվում է Արցախի գրավյալ տարածքներից տեղահանված բնակչության խնդիրներով: Անցած ժամանակահատվածում կատարվել է շոշափելի աշխատանք, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Դրանցից ամենահաջողվածներից եւ նշանակալիցներից է «Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող Արցախի Հանրապետությունից տեղահանված հողօգտագործողներին աջակցության ծրագիր»-ը: Այս եւ այլ նախաձեռնությունների մասին է մեր զրույցը Միքայել Վիրաբյանի հետ, ով շտաբը ղեկավարում է նրա հիմնադրման պահից:

– Շտաբի գործառույթների եւ առաջնահերթությունների մասին խնդրեմ պատմեք:

– Մեր գլխավոր եւ կարեւորագույն խնդիրը, թերեւս, տուն ու տեղ կորցրած մարդկանց կյանքն ու առօրյան հնարավորինս թեթեեւացնելն է, կարեւորագույն գործառույթը՝ նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումը: Որպես առաջնահերթություն կնշեի ԱՀ կառավարության կողմից հաստատված երկու տասնյակ ծրագրերից օգտվելու համար քաղաքացիներին օգնելը:

– Եվ որքանո՞վ է դա հաջողվել:

– Այնքանով, որ շահառու արցախցիների 97 տոկոսն օգտվել է այդ ծրագրերից: Մեր կարեւորագույն գործառույթներից են նաեւ ՀՀ տարածքում ապաստանած մեր քաղաքացիների հաշվառումը, որն իրականացվում է յուրաքանչյուր ամիս՝ Շտաբին կից վարչակազմերի գրասենյակների միջոցով եւ տեղահանված մեր համերկրացիներին Արցախի Հանրապետություն մշտական բնակության ուղարկելը: Նաեւ անհրաժեշտ է լինում դրսեւորել մշտական ուշադրություն եւ զգոնություն: Օրինակ, օրեր առաջ լրատվությունից իմացանք, որ Սյունիքի մարզի համայնքներից մեկում ապրում է Արցախից բռնատեղահանված բազմանդամ մի ընտանիք: Մեր խողովակներով գտանք նրանց, կապ հաստատեցինք եւ ցուցաբերեցինք անհրաժեշտ աջակցություն:

– Խոսենք տեղահանված հողօգտագործողներին աջակցության ծրագրի մասին:

– Կարող ենք ասել, որ մինչ այս իրականացված ծրագրերի մեջ այն ամենատարողունակներից ու ամենակարեւորներից է նշանակությամբ: Տեսեք, տեղահանվածների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես այն ընտանիքները, որոնք ներգրավված են եղել բուսաբուծության ոլորտում: Եվ հենց այդ մարդկանց զբաղվածության ու նրանց եկամտի խնդրի լուծման համար էլ մշակվել է նշված ծրագիրը, որը նաեւ հավելյալ աշխատատեղերի ստեղծման հիմք կհանդիսանա:

– Խնդրեմ մանրամասնեք:

– ԱՀ կառավարության որոշմամբ օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրով նախատեսվում է համակողմանիորեն սատարել պատերազմի պատճառով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված եւ ՀՀ-ում բնակություն հաստատած՝ բանջարաբոստանային մշակաբույսերի (լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, բազուկ, լոբի, կարտոֆիլ, կանաչեղեն, ձմերուկ, սեխ, դդում եւ բամիա) մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին: Մասնավորապես, մշակվող յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար միանվագ եւ անհատույց կտրամադրվի երկու հարյուր հազար դրամ: Արդյունքում կունենանք այն, որ մարդիկ պետության աջակցությամբ նորից կունենան, այսպես ասենք, հիմնական զբաղմունք, ապրուստի, նորմալ կենսագործունեության համար արդյունք եւ միջոցներ, կստեղծվի աշխատանքի մեջ տնեցիներին (եւ ոչ միայն) ներգրավելու հնարավորություն, վաղվա օրվա ապրուստի առումով որոշակի վստահություն կլինի:

– Ներկայացրեք, խնդրեմ, ծրագրի վերաբերյալ որոշ թվեր:

– Ընդհանուր առմամբ, ստացել ենք 118 հայտ, որոնք բոլորն էլ ենթարկվել են ստուգման եւ անցել են համապատասխան վերլուծության փուլ, ինչի արդյունքում մնացել է 111 հայտատու, որոնք եւ օգտվել են ծրագրից: Հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 380 հեկտար: Գումարն էլ, որի վճարումներն, ի դեպ, արդեն սկսված են, կազմում է մոտ 76 մլն ՀՀ դրամ: Այստեղ հավելենք նաեւ, որ ծրագիրն իրականում գործարկվել է դեռ գարնանից: Այսինքն, մարդիկ արդեն կոնկրետ արդյունք ունեն գյուղմթերքի տեսքով, որի համար նաեւ վարձատրվելու են պետության կողմից:

– Իսկ ծրագրի իրականացման ուղղությամբ ի՞նչ է նախատեսվում, ինչպե՞ս կարող են ծրագրից օգտվել շահառուները:

– Ծրագրի իրականացման գործընթացի համակարգումն ու հսկողությունը կատարվում է մեր շտաբի կողմից: Աջակցությունից օգտվելու նպատակով հայտատուներն օպերատիվ շտաբ են ներկայացնում դիմում-հայտ՝ կցելով հողատարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը կամ համապատասխան համայնքի ղեկավարի տեղեկանքը, հողամասի գտնվելու վայրի եւ մակերեսի վերաբերյալ անձնագրի պատճենը, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիրը (առկայության դեպքում): Աջակցության շրջանականերում ներկայացրած դիմում-հայտերի եւ կից փաստաթղթերի հավաստիությունը ստուգելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ օպերատիվ շտաբի պետի տեղակալ՝ Կամո Պետրոսյան նախագահությամբ:

– Ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

– Այս պահին միտքս մի բան է գալիս միայն՝ միասնականություն եւ էլի՝ միասնականություն, եւ մեր երկու կառավարությունների դիրքորոշումն այս առումով, բավականություն է պատճառում՝ տեղահանվածների խնդիրները հայկական երկու պետությունների սեւեռուն ուշադրության կենտրոնում են:

Հարցազրույցը՝
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930