Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պիտի սովորենք ապրել թշնամի հարեւանների հետ… եթե դու ունես թշնամի ու իր նկատմամբ քո վրիժառության մակարդակը зашкаливает, դու կտուժվես»

Սեպտեմբեր 16,2021 15:00

Հովիկ Աղազարյանը՝ թուրքերի հետ համակեցության իր պատկերացումների մասին

Վարչապետը հաճախ է խոսում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին: ՔՊ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է Հայաստանի օգուտը այդտեղ քաղաքական ու տնտեսական առումով: Աղազարյանը սկսեց թվարկել օգուտները. «Տեսեք, մենք պղնձի հանքանյութը հանում ենք, մի քիչ հարստացնում ենք եւ տանում ենք դուրս: Շատ ավելի ճիշտ կլինի, որ դա դառնա արդեն մաքուր պղինձ, այսինքն, մենք պղնձաձուլարան ունենանք եւ նոր արտահանվի՝ որպես թանկարժեք նյութ: Պղնձաձուլարան ունենալ՝ առանց լուրջ երկաթուղային հաղորդակցության հնարավոր չէ, որովհետեւ այնտեղ խնդիրներ են առաջանում, թթուներ են առաջանում, այդ թթուները ի՞նչ պետք է արվի: Օրինակ, եթե ճանապարհները բացվեն, այդ թթուները կուղարկենք որեւէ մի տեղ»:

Երբ ասացինք՝ Իրանի հետ երկաթգծի բացման հարցը կարող ենք լուծել, ի՞նչ պարտադիր է դրա համար մենք անպայման Զանգեզուրով ճանապարհ տանք Ադրբեջանին՝ Աղազարյանը պատասխանեց. «Իրանի հետ չէ, բայց թեկուզ Ադրբեջանով արտահանենք Ռուսաստան: Շատ կարճ է եւ շատ էժան գնացքի ճանապարհը մինչեւ Ռուսաստան, նաեւ Իրան: Ճանապարհների ապաշրջափակումը մեզ էլ է օգտակար, իրենց էլ, իհարկե: Բայց մենք պիտի առաջնորդվենք այն սկզբունքով, որ ով խելամիտ օգտագործի այդ առավելությունը, նա կշահի: Բնական է դա, եթե մենք խելամիտ չօգտագործենք, ապա կտուժենք արդյունքում»:

Հարցին՝ իսկ ի՞նչ ռիսկեր եք այդտեղ տեսնում, եթե ճանապարհները բացվեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ռիսկեր չեմ տեսնում ես, բացարձակ չեմ տեսնում: Մենք պիտի սովորենք հարեւանի հետ ապրենք: Այսօր հարաբերությունները թշնամական հարաբերություններ են, բայց կարող է պատահի 100 տարի հետո փոխվեն այդ հարաբերությունները, մենք պիտի սովորենք ապրել թեկուզ թշնամի հարեւանների հետ»:

Հարցին՝ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ թուրքը մնում է թուրք, թշնամին մնում է թշնամի, այդ համակեցությունը դուք ո՞նց եք պատկերացնում՝ Աղազարյանը պատասխանեց. «Համակեցությունը ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ. եթե դու ի վիճակի ես վերացնել 100 մլն-անոց պետություն (90+10 մլն մոտավորապես բնակչություն), վերացրու, եթե կարաս, եթե դա մարդկային բաներին համահունչ է, դա ուրիշ հարց է: Եթե դու ունես թշնամի ու իր նկատմամբ քո վրիժառության մակարդակը ոնց որ ասում են зашкаливает, դու կտուժվես: Դու միշտ պետք է պատրաստ լինես, որ ինքը կարող է պատահի քեզ վնասի: Հետեւաբար դու միշտ ուժեղ պետք է լինես, որ կարողանաս հակահարված տաս: Բայց եթե քո մեջ վրիժառությունն ավելի բարձր եղավ, քան անհրաժեշտ մակարդակը, դու կտուժվես»:

Մեր զարմանքին՝ ախր Ադրբեջանում մանկապարտեզից երեխաներին սովորեցնում են, որ «սրանք շներ են, սատանաներ են», մենք էլ հասարակությանը համոզում ենք, որ գնանք իրենց հետ ապրե՞նք խաղաղ, ո՞նց եք դուք դա պատկերացնում՝ Աղազարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, Ադրբեջանը որ այդպիսի բաներ է սովորացնում իր երեխեքին, դա նաեւ հակամարդկային բաներ են: Մեր արժեհամակարգը, հազարավոր տարիներ ապրած լինելու հանգամանքը, կներեք, մենք հազարամյակներով եկած ազգ ենք, ազգեր կան, որ վերացել են, պետականություն չունեն, այսինքն, ծերացել են ազգերը եւ վերացել են, բայց մենք, փառք Աստծո, չենք վերանում: Նաեւ մենք կռիվ ենք տալիս: Այդ կռիվն էլ է մեր արյունը փոխում ինչ-որ իմաստով, երիտասարդանում ենք ժամանակ առ ժամանակ եւ հետեւաբար, այս թշնամական միջավայրում մենք շարունակում ենք գոյատեւել: Բայց գոյատեւելը քիչ է, պետք է զարգանանք: Չզարգանանք՝ կվերանանք»:

Դիտարկմանը՝ օմբուդսմենի զեկույցը վստահաբար լսած կլինեք ու կիմանաք, թե ինչպես են Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ վարվել, եռման ջուր են լցրել գերիների վրա ու այդ ֆոնի վրա ինչպե՞ս եք դուք պատկերացնում հարեւանություն, համակեցություն, խաղաղություն, եղբայրությունը թշնամու հետ՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ես չեմ ասում դա վաղը չէ մյուս օրը: Ես ասում եմ՝ ապագայում:

Հնարավոր է, որովհետեւ քաղաքակրթությունը այդուհանդերձ՝ քրիստոնեական, բուդդայական, մուսուլմանական, օր օրի ավելի լավն է լինում, ավելի զարգացած՝ բարոյական իմաստով, մարդկային հարաբերությունների իմաստով: Պիտի գա մի պահ ու իրենք կհասկանան, որ այդպես չի կարելի: Գերուն մատով կպնելը անմարդկային հանցագործություն է՝ ով որ կպել է երբեւէ՝ իմ ծանոթներից, թուրքերից, բան, գերուն մատով կպնելը ամենասարսափելի հանցագործություն է»:

Հարցին՝ հա, հանցագործ են, բա հանցագործների հետ ո՞նց եք խոսում համակեցության մասին՝ Աղազարյանը պատասխանեց. «Հանցագործության համար անվանում ենք հանցագործ, փորձում ենք աշխարհով մեկ դաստիարակենք, որ վաղը մյուս օրը բան անենք, դա լրիվ ուրիշ իրավիճակ է: Նորից եմ ասում՝ գերուն մատով իսկ կպնելը անմարդկային է: Պատերա՞զմ է, ռազմի դա՞շտ է, կրակո՞ւմ են իրար վրա՝ կարող է իրար սպանեն, դա հասկանալի է, բայց երբ գերության մեջ է հայտնվել՝ սարսափելի է ցանկացած վիրավորական բան անելը: Դրա համար պատրաստվում ենք ուժեղանալ, որ մեր տղաները գերի չընկնեն ու մեր գերիներին ազատենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930