Անցած տարվա սեպտեմբերի 27-ը կիրակի էր։ Շաբաթ օրը ամուսնու հետ որոշել էին՝ ընտանիքով Գորիսի մոտիկ անտառներից մեկը գնան, վայելեն սյունյաց աշունը։ Չգիտես ինչու՝ գիշերն անհանգիստ էր, քունը չէր տանում։ Բաժանմունքում էլ ծանր վիճակում գտնվող երեխա չկար։ Ամեն դեպքում, վեր կացավ՝ զանգեց հիվանդանոց․ ամեն ինչ նորմալ էր։ Պառկեց, բայց կարծես մղձավանջի մեջ էր։
«Առավոտյան զարթնեցի՝ ամուսինս ասաց՝ Հերմին ջան, պատերազմ է սկսվել։ Կրակել են Ջաբրայելի տարածքների վրա, զորամասերն են ոչնչացրել»,-հիշում է Գորիսի բժշկական կենտրոնի մանկաբույժ Հերմինե Պողոսյանը։ 2016թ-ի ապրիլին, էլի ամուսինն էր պատերազմը բոթը հայտնել։ «Հագնվեցի ու թափով դեպի հիվանդանոց, մտածում էի՝ աստված իմ, այս անգամ քանի՞ օր կտեւի»,-ասում է մանկաբույժը։
Սարսափելի 44 օր․․․
Կարդացեք նաև
Երբ հասավ աշխատավայր, արդեն «համար 1» էր տրված, բոլորը իրենց տեղերում էին։ Ի սկզբանե նախատեսված է, որ պատերազմական իրավիճակում Գորիսի բժշկական կենտրոնը պիտի դառնար հոսպիտալ։ Բուժաշխատողներից ամեն մեկը գիտեր իր պարտականությունը։ Հերմինե Պողոսյանին նշանակել էին ռենտգեն կաբինետի օգնող բժիշկ էր։ Մոտեցավ տնօրենին՝ ասաց, որ ինքը կարող է շատ բան անել ու խնդրեց սպիտակ բանակում փոխել իր պաշտոնը։ Գլխավոր բժիշկը թույլատրեց՝ ասելով, որտեղ զգաս, որ կարող ես, ապա այնտեղ էլ ծառայիր։
«Քանի որ ես մանկաբույժ եմ, չէի տիրապետում վիրաբույժի եւ ռեւմատոլոգ՝ վերակենդանացնող բժշկի հմտություններին, անում էի այն, ինչ կարողանում էի։ Գնահատում էի հիվանդի վիճակը, անգամ բուժքույրի աշխատանք էի անում՝ արյուն վերցնում, մայրապետի աշխատանք՝ վիրավոր հիվանդին շոր հագցնում, ջուր տալիս, կերակրում, հարցնում էի՝ ինչ է կատարվում այնտեղ։ Անում էի այն, ինչ կարողանում էի»,-ասում է Հերմինե Պողոսյանը։
Ամուսինը ոստիկանության փոխգնդապետ է։ Պատերազմի հենց առաջին օրվանից զորակոչվեց։ Առաջին օրերին կապի մեջ էին՝ Սիսիանում զորավարժությունների էր մասնակցում։ Հետո, երբ մեկնեց առաջնագիծ, օրերով կապ չէր ունենում նրա հետ։
«Թե որտեղ էր, ինչ կարգավիճակում՝ չգիտեի։ Համարյա ամեն օր վիրավոր ոստիկաններին էին բերում ու վախվորած իջնում էի ընդունարան, մտածելով գուցե ամուսինս վիրավորների մեջ լինի։ Դժվար էր, չգիտեիր՝ ինչի՞ մասին մտածեիր, ամուսնո՞ւդ, երեխաների՞դ, վիրավորների՞։ Իհարկե, կարևորը աշխատանքն էր՝ օգնել վիրավորներին»,-ասում է բժշկուհի Հերմինեն։
Մեծ մասամբ 18-19 տարեկան երիտասարդներ էին բերում հիվանդանոց։ Զարմանում է՝ ո՞նց էին դիմանում ցավին։ Հզոր տղերք էին՝ ասում է։ «18 տարեկան մի երիտասարդի մոտեցա՝ վիրավոր էր ոտքից։ Ասի՝ բալիկ ջան, մի լացիր, ոտիդ կար կդնենք, կմշակենք վերքը, կլավանա։ Ասեցի 3-րդ պատերազմն է, որ տեսնում եմ, քանի տարի նկուղներում ենք ապրել, կրակել են մեզ վրա, տղա ջան դիմացել ենք, դու էլ դիմացիր, ցավը կանցնի։ Ասաց՝ ես ցավի համար չեմ լացում, ես ընկերներիս համար եմ լացում, գիտեք, քանի օր է պառկած էի ընկերներիս դիակների մոտ»,-հուզված հիշում է մանկաբույժը։
Ասում է՝ մենք իրենց էինք սփոփում, իրենք էլ մեզ։ Հարցնում եմ՝ ճիշտ է, որ առանց որեւէ մեկի օգնությամբ վիրավոր զինվորներին ընդունարանից բարձրացնում էր հիվանդանոց։ Զարմանալով, թե որտեղից եմ այդքան մանրամասներ իմանում՝ ասում է․ «Պատահել է, որ վերելակները չէին աշխատում։ Առանց տրտունջի բարձրացնում էինք տարբեր հարկեր, բաժանմունքները տարբեր հարկերում էին։ Օրական 50-100 զինվոր էին բերում հիվանդանոց՝ վիրավոր, անգիտակից, կոնտուզիա ստացած տղաներ կային, որոնց պիտի օգնեին, գրկեիր՝ մահճակալից դնեիր սայլակին։ Օգնում էինք բոլորին՝ չմտածելով առողջությանդ մասին։ Եվ ոչ միայն ես, բոլոր մեր աշխատողները»։
44 դժվար ու ծանր օրեր։ Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ իրեն ռազմական փորձագետ չի համարում։
«Կար որոշակի հուսահատություն։ Պատմության հերթական դաժան կրկնվող էջ։ Բայց էլի պետք է ուժեղ լինենք, ոչ մեկիս կամքը չպետք է կոտրվի։ Պիտի ձգտենք, ունենանք հզոր, ավելի գրագետ, կայացած հայրենիք։ Ասում են խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են, պիտի ունենանք այնպիսի հայրենիք, որ երբեք այլեւս պատերազմ չլինի…»,-ասում է Հերմինեն։
Ամեն երեխայի ժպիտ՝ յուրովի նվեր է
Մանկաբույժ եթե չդառնար, ապա՝ դիզայներ պիտի լիներ, մանկության երազանքն էր։ Երկու աղջիկ ունի՝ մեկը հոր մասնագիտությունն է ընտրելու՝ իրավաբան, մյուսը՝ դիզայներ է լինելու։ Դպրոցական էր, երբ մայրը մահացավ։ Հայրը սովորեցրել է ուժեղ լինել։ «Ասում էր՝ «չեմ կարող»-ը չեմ ուզում լսել ու չպիտի մեր տանը հնչի։ Դուք կարող եք՝ հայրս էր ասում մեզ։ Ու այդպես սովորեցինք ամեն ինչ»,-ասում է բժշկուհին։ Չնայած խոհանոցում էլ է հմուտ, բայց խոստովանում է՝ սկեսուրն է այդ հարցրերով զբաղվում։ «Տանը, երբ լինում եմ, ես եմ անում իհարկե, ավելի ճիշտ օգնում եմ»,-ժպտալով ասում է Հերմինե Պողոսյանը։
Համաձայն չէ այն մտքի հետ, որ ավանդական Գորիսում՝ կինը պիտի ավտոմեքենա չվարի։ «Անհրաժեշտություն է, ահազանգ է լինում՝ չես սպասում տաքսուն, որ գնաս հիվանդանոց, արագ հասնում ես ու օգնում բալիկներին։ Շատ է պատահել՝ արյուն է պետք եկել, հարազատներին չեմ ասել, իմ մեքենայով գնացել, բերել եմ ու երեխայի կյանքը փրկել»,-ասում է նա։
Զրույցը բժշկուհի Հերմինեի հետ պարբերաբար ընդհատվում էր։ Ներողություն էր խնդրում՝ հասնելով այս կամ այն հիվանդասենյակ։ Հետո վերադառնում էր աշխատասենյակ, բայց դռան մոտ մայրերն էին իրենց լացակումած երեխաներով։ Համբերատար, բոլորին սիրով հետազոտում էր, ախտորոշում, բուժում նշանակում եւ հորդորում տանը հետեւել բուժմանը։
«Հասցեդ իմ մոտ կա, պատահական գալու եմ, հլա փորձի դեղը ուշացրած լինես»,-կատակով ասում է նա երեխաներից մեկի մայրիկին։ Հետո հեռախոսահամարն է տալիս՝ հանկարծ բարդություն լինի՝ կզանգես, չնայես ժամին։ Նկատում եմ սեղանին՝ ծաղիկներ են ու կես կատակ, կես լուրջ հարցնում եմ՝ մաղարի՞չ է։ Ծիծաղում է եւ անկեղծանում՝ ծաղիկներ, քաղցրավենիք, սուրճ ստանում է։
«Հավատացեք, ամենամեծ նվերը առողջացած երեխայի ժպիտն է, որ դուրս է գրվում, ժպտում ու թաթիկով հաջողություն մաղթում»,-ասում է Հերմինե Պողոսյանը։
Պատերազմը խլեց մեր երազանքները
Հերմինե Պողոսյանը տարիներ առաջ Ռուսաստանում է աշխատել։ Ադրբեջանցի երեխաներին է բուժել՝ առանց տարբերակելու։ Կնոջ դերը խաղաղաշինության գործում կարեւորում է։ «Անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ եմ այսքանից հետո ադրբեջանուհիների հետ նստել մի սեղանի շուրջ, խոսել, համոզել, որ իրենք էլ խաղաղության ջատագով լինեն, որ իրենց որդիներին, ամուսիններին հորդորեն հանելու ագրեսիան ու թշնամությունը։ Հանուն խաղաղության պատրաստ եմ»,-նշում է Հերմինե Պողոսյանը։
«Երազանքներ ունենք բոլորս, բայց եկավ մի պահ, որ բոլորիս երազանքը եղավ խաղաղությունը։ Շատ եմ ցանկանում, որ Հայաստանում պատերազմ չլինի ։ Պատերազմը խլում է բոլոր երազանքները, բոլոր հնարավորություններն է խլում՝ այդ երազանքներին հասնելու համար։ Ունենանք հզոր հայրենիք, ամեն մեկս մեր աշխատանքով անենք ավելին, քան կարող ենք ու ամեն մեկս պայքարենք հանուն խաղաղության։ Արժանի լինենք զոհվածներին»,-հրաժեշտ տալուց առաջ ասում է Գորիսի բժշկական կենտրոնի մանկաբույժ Հերմինե Պողոսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ