Հանրապետության 6 համայնքների ղեկավարներ դիմել են Սահմանադրական դատարան՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի եւ 11.07.2020թ. ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։
Այդ համայնքապետերի թվում է նաեւ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը: Aravot.am-ը քաղաքապետից փորձեց հետաքրքրվել, արդյո՞ք հետեւում է գործի ընթացքին: Խեչումյանը, սակայն նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե գործը, որ փուլում է գտնվում. «Եթե ուզում եք հստակ իմանալ, ավելի լավ է համայնքների միությանը դիմեք, իրենք կասեն: Իրավական խնդիր է ներկայացրել ենք, ո՛չ քաղաքական ենթատեքստ կա, ո՛չ կարծիքի կարիք կա, ոչ մի բան: Սահմանադրական դատարանը կասի իրավական է, թե չէ եւ վերջ»:
Հիշեցնենք, որ բացի Սասուն Խեչումյանը, գործով ՍԴ են դիմել նաեւ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը,Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արմեն Ղազարյանը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը եւ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Սասուն Խեչումյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից: