Սեպտեմբերի 15-ին 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 20 տարեկան:
Հերոսի տարեդարձի առիթով «Երազ» այգում տեղի ունեցավ նրա մասին պատմող Զոզ Հովսեփյանի հեղինակած «Ալբերտը հրետանու Աստված» գրքի շնորհանդեսը և Ալբերտ Հովհաննիսյանի հուշամեդալի ներկայացման արարողություն։
Aravot.am-ը հերոսի հայրիկից՝ Արտակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ որդու ծննդյան օրը ուշադրություն զգացե՞լ է պետական մարմինների կողմից, նա պատասխանեց. «Ինչ եղել է, եղել է իմ նախաձեռնությամբ»:
Արտակ Հովհաննիսյանը պատմեց՝ Զոզ Հովսեփյանն իր հետ կապ է հաստատել և նշել իր՝ Ալբերտ Հովհաննիսյանի մասին գիրք գրելու ցանկության մասին. «Ես նրան տվել եմ տղաների, հրամանատարի տվյալներ, ինքը կապվել է նրանց հետ ու զրուցել»:
Կարդացեք նաև
«Ալբերտը հրետանու Աստված» գիրքը պատմում է պատերազմում անմահացած քաջորդի Ալբերտ Հովհաննիսյանի մասին։ Վեպի մյուս հերոսները նույնպես իրական են՝ Ժորը, Ռաֆոն, Ալիկը, հայր սուրբը, հրամանատարն ու իր սիրելին: Գործողությունները ծավալվում են սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած։ Հետո հիշողությունների ձեւով անդրադարձ է կատարվում Ալբերտի կյանքի ուշագրավ փաստերին, որոնց միջոցով մենք որոշ չափով փորձ է արվում բացահայտել երեխա Ալբերտը, պատանի Ալբերտը, զավակ Ալբերտը, զինվոր Ալբերտը, Աստծուն հավատացող Ալբերտը։
Այսօր տեղի ունեցավ նաև Ալբերտ Հովհաննիսյանի անունով հուշամեդալի ներկայացման արարողություն: Դա Ալբերտի հայրիկի նախաձեռնությունն է: Արտակ Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջիկայում հուշատուփեր են ստեղծելու որոշակի խմբաքանակով, որում կլինի փամփուշտ՝ ոչ իրական, Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված գիրքն ու հուշամեդալը: Հուշատուփի վրայի նկարները ARLOOPA ծրագիրը կկարդա, և տեսանելի կլինեն Ալբերտի մասին պատմող տեսահոլովակները, նկարներն ու նրա խոսքը: Հարցին՝ որտեղի՞ց կարելի է հուշամեդալը ձեռք բերել, Արտակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հուշամեդալն այս պահին չկա վաճառքում, միայն հուշատուփն է, բայց մոտակա ժամանակները կկարողանան հուշամեդալն ինձ մոտից ձեռք բերել»:
Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված ցերեկույթին ներկա էին հերոսածին մայրեր, հայրեր, ընկերներ, հարազատներ, պաշտոնատար անձինք: Արտակ Հովհաննիսյանն ասաց՝ պաշտոնատար անձինք ոչ թե ի պաշտոնե կամ գործով էին ներկա, այլ որպես ընկեր:
Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ վերաբերմունքը, Արտակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՞ր վերաբերմունքը…ոչ մի կերպ: Եթե չկա ոչինչ, ի՞նչ մեկնաբանեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ