«Հիմա ՀՀ-ն առաջնորդվում է ԽՍՀՄ սահմաններո՞վ, թե ոչ։ Ադրբեջանն իր սեփական սահմանները չի ճանաչել, ինչո՞ւ է ՀՀ-ն ճանաչում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իրավական առումով մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ ՀՀ-ն ինչպե՞ս է ձևավորվել․ ձևավորվել է այն բանի արդյունքում, որ Հայկական սովետական սոցիալիստական հանրապետությունը հռչակել է անկախություն, փոխել է իր անունը և դարձել ՀՀ։ Հաճախ անգամ չենք նկատում, թե մեր ձեւակերպումներում ինչ սպառնալիքներ ենք ստեղծում մեր երկրի համար։ Այո, ես ասում եմ՝ ՀՀ–ն ձեւավորվել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության հիման վրա, եւ չի կարող ՀՀ-ն չունենալ սահմաններ, չի կարող լինել այդպիսի բան։ ՀՀ անկախության հռչակումից հետո այդ թվում ԱՊՀ-ում ընդունվել են փաստաթղթեր, որոնք նույնպես պետք է վերլուծել եւ հասկանալ, արձանագրել։ Սա պարզ հարց չի, կան շերտեր, որոնք պետք է վերլուծվեն եւ ուսումնասիրվեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ