Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը, որոշ չափով, կանաչ լույս է տվել ադրբեջանական կողմին, որպեսզի Բաքուն սկսի այդ պատերազմը. Քերիմ Խաս

Սեպտեմբեր 15,2021 21:55

Ինչո՞ւ այդ ամենը սկսեց, ինչո՞ւ պատրաստ չէինք, ինչո՞ւ պատասխանատու մարդիկ պատրաստ չէին հիմա, եթե, ընդամենը մեկ սերունդ առաջ, այդ մարդիկ պատրաստված էին եւ հաղթանակած: Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ այսպիսի հարցեր է հնչեցրեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որն այսօր մասնակցում էր «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկմանը:

Պարոն Իսկանդարյանն այդ հարցերի պատասխաններն այդպես էլ չի ստանում:  Քննարկման թեման «Փոթորիկ Կովկասում» վերնագրով հետազոտությունն էր, որը հրապարակել է Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը: Ուսումնասիրությունն անդրադառնում է 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի միջև լայնածավալ զինված հակամարտության նախապատմությանը, լայն միջազգային համատեքստին եւ բուն ռազմական բաղադրիչին:

Հետազոտությունում մասնավորապես նշվում է, որ հայկական բանակն Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ խոցել է իր չորս ինքնաթիռները: Հայկական բանակի հակաօդային պաշտպանության ուժերը չեն կարողացել դիմակայել հակառակորդի անօդաչու թռչող սարքերին, իսկ պաշտպանության գիծը չէր թարմացվում 90-ականներից: Հետազոտությունում նաեւ նշվում է, որ պատերազմը թանկ նստեց Ադրբեջանի վրա:

Պարոն Իսկանդարյանի կարծիքով, պատերազմը կարելի էր կանխատեսել, քանի որ Ադրբեջանը երկարատեւ պատրաստվում էր դրան եւ չէր թաքցնում, հակառակը՝ ի ցույց էր դնում: Թե ինչու հենց այդ ժամանակ պատերազմը սկսվեց, ըստ նրա, Թուրքիան եւ Ադրբեջանն ընտրել են այնպիսի ժամանակաշրջան, երբ ԱՄՆ-ում ընտրություններ էին, Եվրոպան լուրջ խնդիրներ ուներ, Բրյուսելի ու Թուրքիայի միջեւ կային տարաձայնություններ եւ աշխարհում մոլեգնում էր COVID-19-ը:

Միջազգային եւ թուրք-ռուսական հարաբերությունների փորձագետ Քերիմ Խասի կարծիքով, Թուրքիան ակտիվ միջամտություն ունեցավ այդ պատերազմում եւ դա ազդեց պատերազմի ելքի վրա: Մյուս կողմից էլ Մոսկվան դժգոհ էր Հայաստանի ներկայիս իշխանությունների գործունեություններից, եւ ռուսական կողմը, որոշ չափով, կանաչ լույս է տվել ադրբեջանական կողմին, որպեսզի Բաքուն սկսի այդ պատերազմը: Ըստ պարոն Քերիմ Խասի, կա նաեւ այլ խնդիր. ռուսական կողմը չէր ուզում ռիսկի դիմել Թուրքայի հետ հարաբերությունները փչացնելու հարցում. «Դա վերաբերում է Սիրիային, Լիբիային, Ղրիմին: Այսինքն՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը Ռուսաստանը չի ուզել ռիսկի դիմել»:

Փորձագետի խոսքով, պատերազմից հետո Մոսկվան Թուրքիային խորհրդանշական դերակատարում է վերապահել՝ Աղդամում Թուրքիային թույլ տալով ստեղծել մոնիտորինգի կենտրոնը. «Այդ կենտրոնն ուղղակի գոյություն չունի, անօդաչուները հենց այնպես օդ են բարձրանում: Իսկ այնտեղ իրենց աշխատանքն են կատարում ռուս խաղաղապահները: Այսինքն՝ Ռուսաստանը որոշ չափով բավարարել է Թուրքիայի հավակնությունները»:

Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը գտնում է, որ Ռուսաստանը, Հայաստանը այս պատերազմից պետք է դասեր քաղեն. «Ռուսաստանը պետք է դասեր քաղի, որ հայերը վճարեցին շատ թանկ գին, արյամբ վճարեցին եւ պետք է իմանան, որ երբեք պետք չէ թերագնահատել հակառակորդին: Նույնիսկ, եթե նա գտնվում է հետխորհրդային տարածքում:  Ռուսաստանն այդ պատերազմից պետք է դասեր քաղի, որ իր դաշնակիցը վճարեց շատ թանկ եւ չկրկնի հայկական սխալները: Երկրորդը՝ Ռուսաստանը պետք է վերականգնի Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը, առաջին հերթին՝ զինամթերով, հետո նոր հետախուզական հմտություններով եւ այլն»:

Ռուսլան Պուխովը չի կարծում, որ այս պատերազմում հայկական հետախուզությունն է թերացել. «Երբ քաղաքականությունը տապալում է, մեղքը գցում է հետախուզության վրա: Ես խորապես համոզված եմ, որ հայկական հետախուզությունն ամեն ինչ իմացել է եւ զեկուցել է»:

Պարոն Պուխովի խոսքով, Հայաստանն էլ պետք է հավաքվի, եւ միայն իրեն մեղադրի, այլ ոչ թե իր անհաջողությունների համար մեղադրի Ռուսաստանին, Թուրքիային. «Առաջին հերթին պետք է սխալներն ուղղել Երեւանում: Եթե դուք խելքի չգաք, դասեր չքաղեք, մենք երբեք չենք կարող ձեր փոխարեն դա անել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930