Հայաստանի «առաջադեմ» հասարակությունը վրդովված է նախընտրական՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոսկվայի Կրեմլի և հայ բոլշևիկ, հեղափոխական Ստեփան Շահումյանի պատկերներով՝ «հավերժ միասին» գովազդային պաստառների կապակցությամբ։ «Հավերժ միասին» կարգախոսը նոր բան չէ, այն գովազդվել է ողջ խորհրդային տարիներին։ Հիշում եմ նաև, երբ տարիներ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Գյումրի, նրան բազմությունը դիմավորեց նույն «հավերժ միասին» պաստառներով։
Իսկապես, վրդովվեցուցիչ է, որ 30 տարի անկախություն ունեցող երկրում, դեռևս կան քաղաքական ուժեր, որոնք փաստորեն դեմ են անկախությանը և աղաչում են Ռուսաստանին տեր կանգնել Հայաստանին։ Սակայն, հարց է առաջանում, անկե՞ղծ են արդյոք վրդովվողները։
Իմ համոզմամբ, նրանք բոլորովին անկեղծ չեն։ Նրանք ծպտուն չհանեցին, երբ օդանավակայանի ճանապարհին տեղադրվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մեծադիր նկարը, «շնորհակալություն» կարգախոսով։ Պատկերացրեք, Հայաստան այցելող և մեկնող օտարների զարմանքն այդ պաստառը նայելիս։
Իրականում, այսօր Հայաստանում, հակասելով ընդունված աշխարհագրական կարգին, այն է՝ հյուսիսային և հարավային, ավանդաբար գործում են երկու այլ բևեռներ՝ հյուսիսային և արևմտյան։
Կարդացեք նաև
Այսօր, ի տարբերություն ԽՍՀՄ տարիների, ավելի մոդայիկ է, այսպես կոչված, «առաջադեմ» արևմտյան բևեռը։ Այս բևեռի կողմնակիցներն են հենց այպանում «հավերժ միասին» կարգախոսի հեղինակներին։ Նրանք մեծ-մեծ խոսում են Հայաստանի ինքնիշխանության, անկախության մասին, համարելով, որ քանի դեռ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան, Հայաստանը ռուսական գաղութ է։ Բայց, զարմանալիորեն այս նույն մարդիկ, որպես Հայաստանի անկախության երաշխիք են տեսնում Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիայի, կամ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայումը։ Այս մարդկանց գրասենյակները զարդարված են ԱՄՆ, ԵՄ դրոշներով և այդ նույն դրոշներով հանրահավաքներ են անում, նաև մոտենալով այդ երկրների դեսպանատներին, աղաչելում ՝ հասնել, փրկել հայ ժողովրդին։ Նաև նշենք, որ նրանցից շատերը ԽՍՀՄ տարիներին եղել են կոմկուսի անդամներ և այն տարիներին եղել են «հավերժ միասին» կարգախոսի կողմնակիցներ։
Արդ, հարց է առաջանում, դուք ինչո՞վ եք տարբերվում «հավերժ միասին» կարգախոսի կողմնակիցներից։ Երկու բևեռներդ էլ չեք հավատում, որ Հայաստանը կարող է լինել և հզորանալ, որպես անկախ պետություն։ Ձեր միջև միակ տարբերությունը, պայմանականորեն «լավ» և «վատ» հովանավոր, ավելի ճիշտ՝ տեր փնտրելու մեջ է։ Իրապես ազատատենչ, արժանապատիվ ժողովրդի համար լավ և վատ հովանավորներ կամ տերեր չեն լինում, այլ այդ ժողովուրդը համախմբվում և հույսը դնում է միայն իր ուժերի վրա։ Եվ իր ուժերով պայքարող ժողովուրդն ունենում է իրական դաշնակիցներ, այլ ոչ՝ տերեր։
Օրինակները բազմաթիվ են, որոնցից ամենափայլունը 1919-1921թթ․ իռլանդացիների ազատագրական պայքարն էր ընդդեմ աշխարհի թիվ մեկ՝ Բրիտանական հզոր կայսրության։
Ցավոք, հայ քաղաքական միտքն այդպես էլ մնաց Իսրայել Օրու մտածողության մակարդակին։ Հիշենք, որ Իսրայել Օրին, սկզբում հայոց փրկությունը տեսնում էր արևմուտքում, հետո՝ Ռուսաստանում։ Փաստորեն այսօր էլ Հայաստանում Իսրայել Օրու երկու փրկարար տեսակետները դարձել են իրար հակադիր քաղաքական բևեռներ։
Հայ քաղաքական գործիչներից, թերևս միայն Արամ Մանուկյանն էր, ով չէր հարում որևէ բևեռի, հույսը դնում միայն սեփական ուժերի վրա։ Եվ հենց այդ մտածողությամբ էլ նա հիմնադրեց Հայաստանի անկախ հանրապետությունը։ Բազմիցս եմ մեջբերել նրա իմաստուն խոսքերը, բայց կարծում եմ նորից և նորից պետք է դրանք հիշեցնել։ Եվ հենց այս խոսքերը պետք է դառնան հայ քաղաքական մտքի կարգախոսը․
«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով, դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»։
Հ․Գ․ Ցավոք, այս 30 անկախ տարիները ցույց տվեցին, որ Արամ Մանուկյանի պատգամները հայ քաղաքական մտքի կողմից չընդունվեցին և որ իսկապես մենք ի զորու չեղանք զարգացնելու և հզորացնելու մեր պետությունը, որի թիվ մեկ գրավականը Արցախի հիմնախնդիրն էր։ Այսօր մենք օր-օրի մսխում ենք Արամ Մանուկյանի թողած ժառանգությունը՝ Հայաստանը։ Հնարավո՞ր է արդյոք, այսօր համախմբվել և ինչպես 103 տարի առաջ փրկել Հայաստանը։
Ավետիք Իշխանյան