«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ծիծաղելի համարեց Գյումրիում շրջանառվող այն խոսակցությունները, թե Սամվել Բալասանյանի թիմը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իշխանական կուսակցությանը՝ ՔՊ-ին օգնելու նպատակով։ Ըստ այդ խոսակցությունների, Սամվել Բալասանյանի ու ՔՊ-ի միջև կա ստվերային պայմանավորվածություն՝ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու ու Շիրակի ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանին քաղաքապետ դարձնելու հարցում։
«Նման խոսակցություններ ես էլ լսել եմ, ծիծաղելի է, ես կասեի բակային խոսակցություններ են, բացառվում է այդ տարբերակը։ Մենք մեր թիմով գնում ենք հաղթանակի, իսկ բնակիչների տված քվեն անբեկանելի է օրենքով, ժողովրդի տված մանդատը չենք կարող ուրիշին տալ կամ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Բացառվում է։ Մենք մարտական ենք տրամադրված, ճանաչման խնդիր էլ չունենք, գյումրեցիներն աշխատանքի բերումով մեզ լավ են ճանաչում, մեր աշխատանքը տեսել են», -ասում է Վարդգես Սամսոնյանը։
40-ամյա թեկնածուն զբաղեցնում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնը։ Թե ինչո՞ւ է Սամվել Բալասանյանը կանգ առել հենց նրա թեկնածության վրա, մեր զրուցակիցն ասում է, որ ինքը պատանի հասակից աշխատել է Բալասանյան ընտանիքին պատկանող գարեջրի գործարանում և իր աշխատաոճին ու բնավորությանը լավ ծանոթ են։
Հիշեցնենք, որ Գյումրու 67-ամյա քաղաքապետ Բալասանյանը, չնայած իշխանությունների հորդորներին՝ չմասնակցեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ փաստացի թույլ տալով սերնդափոխություն։ Ընտրվելու դեպքում գործարար քաղաքապետի կիսատ մնացած ծրագրերը կփորձի շարունակել նրա ձևավորված թիմը՝ Սամվել Բալասանյանի ամենավստահելի կադրի՝ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ։
Կարդացեք նաև
Թեկնածուն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ցուցակի առաջին համարը գլխավորելու գաղափարը եղել է հենց պարոն Բալասանյանինը։ Նա քննարկել է թիմի հետ ու եկել է այն եզրահանգման, որ կոմունալ ծառայության տնօրեն լինելը մերօրյա Գյումրիում հեշտ չէ․ այն ամենածանր բաժինն է, բնակիչների հետ անմիջական շփում ունեցող, եթե այդ գործից գլուխ է հանում, ապա առանց կոնֆլիկտների կկարողանա կառավարել նաև Գյումրին։
«Եթե ժողովուրդը իր վստահության քվեն տա մեր թիմին, և ես ընտրվեմ քաղաքապետ, ես շարունակելու եմ պարոն Բալասանյանի ուղեգիծը, ու այնպես չէ, որ նա չի օգնելու ինձ, շարունակելու է խորհրդատվությունը, հետևողական է լինելու, որ ծրագրերը ճիշտ իրագործվեն։ Պարոն Բալասանյանն ի շահ քաղաքի շարունակելու է օգտագործել իր հզոր կապերը։ Մենք ունենք պայմանավորվածություններ տարբեր գործարարների հետ, որոնք պատրաստ են գալ Գյումրի ու ներդրումներ կատարել»,- ասաց թեկնածուն։
Վարգես Սամսոնյանը նշում է, որ իրենց նախընտրական ծրագիրը շուտով կհրապարկեն, որպես գերխնդիր՝ տեսնում է «աղքատ» պիտակը Գյումրիի վրայից հանելը։
«Գյումրին ավելի գրավիչ պիտի դարձնել զբոսաշրջիկների համար, զբոսնելու ավելի հետաքրքիր վայրեր ու հարմարավետ պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի մեծ հոսքեր ապահովենք, և արդյունքում ունենանք ֆինանսատնտեսական շարժ, որը իր հերթին կթեթևացնի սոցիալական վիճակը գյումրեցիների։ Գյումրին չպիտի լինի աղքատ քաղաք, գյումրեցին պիտի ունենա աշխատատեղ, ամեն ինչ անելու ենք, որ աղքատ պիտակը դուրս գա մեր քաղաքի վրայից։ Սամվել Բալասանյանին հաջողվեց կրիմինալ պիտակը ջնջել քաղաքի անունից, ես էլ ընտրվելու դեպքում կջնջեմ աղքատ պիտակը։ Գյումրին պիտի լինի ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկը ու վատ ժամանակները հիշողություն դառնան»։
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում, ըստ մեր զրուցակցի, ընդգրկված են Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, գործարարներ, սպորտի ու մշակույթի ոլորտի մասնագետներ, ավագանու ներկայիս անդամներ։
«Նրանք իրենց մասնագիտական ունակությունները հաստատ ի շահ քաղաքի կարող են ներդնել։ Նրանք կայացած մարդիկ են, անցած ուղի ունեն, ունեն հեղինակություն, քաղաքի դարդ ու ցավը գիտեցող անձինք են, նրանք ամեն ինչ պիտի անեն քաղաքի հոգսերը թեթևացնելու»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։
Մեր հարցին կրիմինալ դեմքեր չկա՞ն ցուցակում, Վարդգես Սամսոնյանը պատասխանեց․ «Բալասանյանի իշխանությունը ճանապարհեց կրիմինալին՝ հետ չգալու պայմանով, ինչո՞ւ պիտի կրիմինալ դեմքեր լինեն մեր ցուցակում։ Մեր քաղաքում միայն խաղաղ մթնոլորտ ու համերաշխություն պիտի լինի, պիտի հասնենք նրան, որ ժպտալով հաղթահարենք բոլոր տեսակի անախորժությունները։ Եթե կլինեն ինչ-որ խնդիրներ, ապա պիտի փորձենք հարթել, հարթել՝ բացատրելով, համոզելով, խնդրելով և հավատացեք՝ ամեն ինչ կստացվի։ Չարությունը պիտի դուրս գա, միայն այդ դեպքում մեր քաղաքը կունենա ապագա։
Շատ է եղել, երբ ինձ ասել են՝ մենք քո համբերության վրա զարմացած ենք, ես համբերատար եմ ու խաղաղասեր, կոնֆլիկտներին դեմ եմ, չի կարելի կոնֆլիկտով հարցեր լուծել։ Կարող է բացատրես, խոսես, դիմացինդ չհասկանա, բայց մի քանի անգամ բացատրելուց լավ էլ կստացվի։ Բոլորն էլ հասկանում են, ուղղակի պիտի կարողանաս բացատրելու ճիշտ ձևը գտնես։ Իմ կոլեկտիվը մեծ է՝ 350 հոգուց բաղկացած, ես աշխատակիցների հետ անմիջական եմ շփվում, մարդկանց սիրտը շահելով՝ ճանապարհում եմ, առանց այն էլ դժվար պայմաններ են, մարդկանց պիտի ժպիտով ընդունենք ու խնդիրներ լուծենք, որ մարդը կարողանա գոհ հեռանալ»։
Ըստ մեր զրուցակցի, իրենք թեև քարոզարշավի բոլոր հնարավոր տարբերակները կօգտագործեն, այդ թվում կգնան թաղեր ու կզրուցեն մարդկանց հետ, սակայն ճանաչելիության առումով խնդիր չունեն․ չկա որևէ մի թաղ, որտեղ թեկնածուն բնակիչների հետ անմիջապես շփված չլինի․ աղբի հեռացումը, բակերի բարեկարգումը, կանաչապատումը, նստարանների տեղադրումը ու քաղաքի էսթետիկ տեսքի ապահովումը իր անմիջական պարտականությունների մեջ է։
Նշենք, որ Վարդգես Սամսոնյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, նա երկար տարիներ աշխատել է գարեջրի գործարանում՝ բանվորից հասնելով վաճառքի տնօրենի ու այլ պաշտոնների։ Նա ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտի բանկային գործունեություն բաժինը։ 2012 թվականին Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալուն պես էլ աշխատել է քաղաքապետարանում՝ առաջատար մասնագետից հասնելով քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնին։ Նա երեք զավակների հայր է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ