Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ կոլխոզի նախագահ ասել է՝ մեր կովերն այս հատվածով որ գան, ավելի հարմար է, ձեր ոչխարներն էլ թող այս հատվածով գնան, այդպես գծվել է սահման». Վանեցյան

Սեպտեմբեր 15,2021 19:01

Էյվազլի, Չայզամի….ադրբեջանական այս տեղանուններն օգտագործելու հետ կապված այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հղում արեց 2010-ի վարչատարածքային բաժանման մասին օրենքին:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այդ օրենքը չկա, դա ուղղակի հեքիաթներ է: Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը, ադրբեջանցիներն այդ հատվածից, որտեղ այսօր կանգնած են, 60-70 կմ հեռու են եղել: Հետո ասեցին՝ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք…»:

Այն, որ իշխանությունները Սովետական միության  քարտեզներն են վկայակոչում, Վանեցյանն ասաց. «Մենք Ադրբեջանի հետ ունենք թշնամական հարաբերություններ, դա մեր թշնամի պետությունն է: Վրաստանի հետ 30 տարի է՝ սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ ենք իրականացնում, բայց մենք Վրաստանի հետ չունենք թշնամական հարաբերություններ: Օրինակ, Նոյեմբերյանի հատվածում, Բագրատաշենում գյուղում տուն ունենք, որի հողամասը, տունը Վրաստանում է, սահմանապահները այդ հողամասի միջով գնում-գալիս են, հսկում են, որ ապօրինի սահմանահատում չլինի: Բայց Ադրբեջանը թշնամի պետություն է, ունենք չլուծված հարցեր: Ադրբեջանը, օգտագործելով մեր իշխանությունների թուլությունները, փորձում է իրականացնել սահմանազատման աշխատանքներ: Ինչ վերաբերում է քարտեզներին, եթե խոսենք իմ դիրքորոշումներից, հիմա մենք կգնանք ոչ թե Խորհրդային Հայաստան, այլ կգնանք Արեւմտյան Հայաստան:

Իշխանությունները հայտարարում են, որ ադրբեջանական տեղանուններով այդ հատվածներն ադրբեջանական են՝ իրենց ասելով: Մեր հայկական հողերը, որոնք այսօր ադրբեջանցիները զավթել են, ասում են՝ ադրբեջանական են: Կամ Սեւ լճի մինչեւ այս հատվածն ասում են մերն է, սրանից հետո՝ ադրբեջանցիներինը: Մենք հարց ենք տալիս՝ ո՞ր քարտեզն եք հիմք ընդունում: Խորհրդային միությունը չի ունեցել պետական սահմաներ: ՀՀ ու Ադրբեջանի խորհրդային հանրապետությունները ունեցել են  վարչական տարածքներ: Վարչական տարածքները գծվել են՝ ըստ հողօգտագործման, այսինքն, մի հատ կոլխոզի նախագահ պայմանական ասել է՝ մեր կովերն այս հատվածով որ գան, գնան, մեզ ավելի հարմար է, ձեր ոչխարներն էլ թող այս հատվածով գնան, այդպես գծվել է սահման: Այդպես սահման չի գծվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930