ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը հայտարարեց՝ այն իրավիճակում, երբ գերիներ եւ անհետ կորածներ կան, երբ «Եռաբլուրում» թարմ շիրիմներ կան, սեպտեմբերի 21-ին գունագեղ շոուից բացի մի՞թե ավելի ընդունելի ձեւ չկար ՀՀ անկախության տոնը նշելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց․ «Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում զգացմունքները որեւէ կերպ վիրավորել կամ խոցել եմ նման ձեւակերպմամբ, բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը տոնական չէ, բայց եւ այլ խնդիր կա՝ ՀՀ-ն երեսուն տարեկան է։ Եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, մեր դրոշի գույները վառ են։ Չեմ կարծում, թե դրոշի գույները պետք է չեղարկենք։
Միջոցառման առանցքը մեր նահատակների հիշատակի ընդգծումն է։ Նախատեսվում է, որ այդ օրը հայտարարվելու է երեք պատերազմներում եւ մարտական հերթապահության ժամանակ կյանքը զոհած եղբայրների հիշատակը հավերժացնող զանգվածային նախագծի մասին, որի վրա աշխատում ենք արդեն վեց ամիս»։
Պատգամավորը չհամաձայնեց՝ ասելով, որ գունագեղ տոնակատարությամբ չէ, որ կարելի է նշել ՀՀ անկախության տոնը։ Նա հորդորեց տղաների անունը չօգտագործել, փոխարենը գործ անել։
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց նաեւ անհետ կորածների ճակատագրով։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մի քանի տասնյակ հանդիպումներ եմ ունեցել անհետ կորածների ծնողների հետ, որոնք չեն լուսաբանվել։ Ասել եմ, որ ես ինքս եմ այդ հարցերը համակարգում։ Պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով։ Հիմնական հարցադրումն այն է, որ այսքան ժամանակ է անցել, եւ զինվորների գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ