Լրահոս
Օրվա լրահոսը

Գոքոր Չիվիչյան. «Անելու եմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի գրեփլինգի հայ վարպետները միջազգային մակարդակի հասնեն»

Սեպտեմբեր 15,2021 18:19

Գոքոր Չիվիչյան. «Հաճելի էր, որ այսքան երկար ժամանակ Հայաստանից հեռու գտնվելուց հետո Երեւանի փողոցներում բավականին շատ մարդիկ ճանաչում են ինձ, մոտենում, զրույցի բռնվում»,-Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, աշխարհում գրեփլինգ մարզաձեւի հիմնադիր Գոքոր Չիվիչյանը:

-Նոր մարզաձեւ ստեղծելը խաղ ու պար չէ: Դրա համար պետք է մարզական լուրջ ճանապարհ անցած լինես, հարուստ փորձ ունենաս: Մի փոքր կպատմե՞ք ձեր մարզական կյանքի մասին:

– Հինգ տարեկանից, երբ դեռ Հայաստանում էինք բնակվում, սկսել եմ զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով, հետո՝ սամբոյով, ձյուդոյով, բռնցքամարտով: Ձյուդոյից եւ սամբոյից եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, պատանիների մեջ սամբոյի աշխարհի չեմպիոն, նույն տարիքային խմբի ԽՍՀՄ չեմպիոն՝ ձյուդոյից: 1979-1980 թվականներին տեղափոխվել եմ ԱՄՆ, Լոս Անջելես: Որպես ապրելու համար դրամ վաստակելու աղբյուր ուժերս փորձել եմ ընդհանուր մենամարտերում:

Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձա 1984 թվականին, Ճապոնիայում, որից հետո մինչեւ 1997 թվականը եւս հինգ անգամ նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Զուգահեռաբար շարունակել եմ մարզումներս ձյուդոյում: Ընդգրկվել եմ ԱՄՆ-ի հավաքական, մի քանի անգամ դարձել միջազգային մրցումների հաղթող: ԱՄՆ-ի հավաքականի կազմում պետք է մասնակցեի 1988 թ. օլիմպիական խաղերին: Բայց տեխնիկական պատճառներով իմ փոխարեն ուրիշը գնաց եւ արծաթ նվաճեց: Իսկ ես Ամերիկայի առաջնություններում հաղթում էի այդ ուրիշին: Ընդհանուր առմամբ աշխարհի բազմակի չեմպիոն եմ եղել ձյուդոյից, սամբոյից, ջիուջիցուից եւ գրեփլինգից: Բացառիկ երեւույթ է, երբ նույն մարդը աշխարհի չեմպիոն դառնում է մի քանի մարզաձեւից:

Շարունակելով ակտիվ սպորտը՝ ես ստեղծեցի գրեփլինգ մարզաձեւը, ինչը դուք տեսնում եք այսօր: Հետո մարզաձեւը տարածեցի ամբողջ աշխարհում: Որոշեցի, որ գրեփլինգը, որ արդեն համարվում է աշխարհում թիվ մեկ մենապայքարային մարտարվեստը, պետք է մուտք գործի եւ տարածվի նաեւ Հայաստանում: Հիմնադրվեց գրեփլինգի ֆեդերացիան, որը գլխավորում է Սարգիս Բազինյանը, եւ այսօր ձեզ հետ միասին արդեն հայ մարզիկների մրցելույթների ականատեսն ենք:

-Դուք ներկա եք ձեր անունը կրող առաջին մրցաշարին Հայաստանում: Ի՞նչ զգացողություն ունեք եւ ինչպե՞ս եք գնահատում հայաստանցի մարզիկների մակարդակը:

-Միայն ուրախություն եւ հպարտություն եմ զգում, որ ինձ հիշում եւ գնահատում են իմ հայրենիքում: Դա նաեւ պարտավորեցնող է: Ես տարբեր երկրներում ավելի քան 110 ներկայացուցիչներ ունեմ: Ամեն տարի նրանց ու մարզիչների համար սեմինարներ եմ կազմակերպում որակավորումը բարձրացնելու նպատակով: Այդ գործընթացում արդեն ներգրավում ենք Հայաստանին, որպեսզի մեր տղաների որակական աճ լինի եւ աշխարհում հայաստանցիները նույնպես սկսեն լուրջ հաջողություններ արձանագրել: Այսօր մեր ներկայացուցիչները դեռ ի վիճակի չեն հավասար պայքար մղել աշխարհում հայտնի մարզիկների հետ: Դա բնական է, որովհետեւ դեռ նոր են սկսել: Հայ երիտասարդները հատկապես մենապայքարային մարզաձեւերում են լուրջ հաջողությունների հասնում: Եվ ես անելու եմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի գրեփլինգի հայ վարպետները տարին տարվա վրա բարձրացնեն իրենց վարպետության աստիճանը եւ միջազգային մակարդակի հասնեն:

-Դրա համար նաեւ միջազգային մրցափորձ պետք է ձեռք բերեն:

-Անշուշտ: Եկող տարվա աշնանը իմ անվան այս մրցաշարին միջազգային կարգավիճակ եմ տալու: Ամերիկայից, Եվրոպայից ու այլ երկրներից բավականին գրեփլ անողներ պետք է բերեմ, որոնք կներկայանան հավաքական թիմերով: Լուրջ կարեւորություն ենք տալու նաեւ մրցաշարի լուսաբանմանը, ինչը ավելի ճանաչելի կդարձնի ոչ միայն Հայաստանը, այլեւ հայկական գեփլինգը: Հրավիրելու եմ նաեւ միջազգային մրցավարների, որոնցից մի քանիսը այսօր էլ Հայաստանում են ու սպասարկում են մենամարտերը: Վստահ եմ, որ ամեն բան լավ կստացվի ու Հայաստանը կդառնա համաշխարհային գրեփլինգի լավագույն ներկայացուցիչների հավաքատեղի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930