«Կորոնավիրուսը, ցավոք, ազդում է մարդկանց առողջության վրա անգամ առողջացման պարագայում եւ առաջացնում է մի շարք հիվանդությունների սրացումներ, առողջական խնդիրներ: Մենք նաեւ ունենք հետպատերազմական վիճակ, որտեղ եւս պիտի ակնկալենք դիմելիության աճ»,- առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այս խնդիրներով բացատրեց, թե ինչու պետպատվերով բուժօգնության հետ կապված խնդիրներ են առաջացել: Նախարարը վստահեցրեց, որ պլանային հետազոտությունները, վիրահատությունները հերթագրման սկզբունքով շարունակում են անել, անհետաձգելի բուժօգնության մասով որեւէ հետաձգում չկա, չի էլ լինելու:
Հարցին՝ կառավարությունը որքա՞ն գումար է պարտք բուժհաստատություններին՝ տիկին Ավանեսյանը պատասխանեց. «Կառավարությունը որեւէ բան պարտք չէ բուժհաստատություններին: Կա հաստատված բյուջե, տարեկան պայմանագրային գումարներ: Պետբյուջեի միջոցները առողջապահական մասով չեն կրճատվել, դրանք բաշխվել են տարվա սկզբին ըստ համամասնությունների: Ավելին, վերջին 2-3 տարվա ընթացքում առողջապահության բյուջեի միջոցներն ավելացել են: Ունենք կասեցված ծառայություններ, որոնք համալրվելու են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ