Ինչպես արդեն հայտնել ենք, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին աջակցող բժիշկները գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո շարժվեցին առողջապահության նախարարություն։
Այնտեղ առողջապահության նախարարի հետ հանդիպումը չստացվեց, քանի որ նախարարը գտնվում էր Ազգային ժողովում՝ հարց ու պատասխանի։ Սակայն, նրանց ընդունել է առողջապահության փոխնախարարը։
Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փոխնախարարը իրենց հանձնել է հանձնաժողով ստեղծելու կարգը. «Հանձնաժողովը ստեղծվում է արդարադատության նախարարությունում, ըստ այս որոշման։ Առողջապահության նախարարությունը տրամադրում է փորձագետ-բժիշկներ, և հետո, երբ անհրաժեշտ է լինում լրացուցիչ խորհրդատվություն, այլ մասնագետներ են ներգրավվում։ Մեզ հավաստիացրեցին այդ փուլում, եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրվեն արհեստավարժ մասնակիցներ, և լիարժեք, օբյեկտիվ փորձաքննություն կիրականացվի»։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին. իրեն վերագրվող ձայնագրության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ բժիշկ Արմեն Չարչյանը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ