Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին և որևէ սխալ չի անի»

Սեպտեմբեր 15,2021 17:59

Ermenihaber. Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Թուրքիայի Քոնիա քաղաքում ներկա են գտնվել իրենց ռազմաօդային ուժերի «TURAZ բազե 2021» զորավարժությունների շրջանակներում անցկացվող միջոցառմանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությունների կարևորությանը, երկկողմ հարաբերություններին և Հայաստանից ունեցած սպասելիքներին:

Աքարը զորավարժությունների մասին խոսելիս նշել է, որ դրանք մի կողմից վախ են ներշնչում իրենց թշնամիներին, մյուս կողմից ոգևորում են եղբայրներին ու բարեկամներին: Ընդգծել է, որ Ադրբեջանի դեմ յուրաքանչյուր սպառնալիք Թուրքիան ընկալում է որպես իր դեմ ուղղված սպառնալիք:

Աքարը խոսել է նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո գործարկված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեության և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին.

«Հաջողությամբ ավարտված ռազմական գործողությունից հետո հիմնված համատեղ կենտրոնում Թուրքիայի զինուժը և ռուս զինվորականները միասին ծառայություն են իրականացնում՝ հետևում են հրադադարին, միասին ջանքեր են գործադրում հրադադարը մնայուն դարձնելու համար: Միաժամանակ Թուրքիայի զինուժն իր հնարավորությունների սահմաններում ջանքեր է գործադրել և գործադրում ինքնաշեն պայթուցիկների հայտնաբերման, վնասազերծման ու ականազերծման գործում»:

Աքարի դիտարկմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ցույց է տալիս երկու երկրների միջև համագործակցության առկա մակարդակը ու սահմանում հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհային քարտեզը:

Հայաստանի վերաբերյալ Աքարը հետևյալ շեշտադրումներն է արել. «Կարևոր է, որ մեր հարգարժան նախագահի և պարոն Ալիևի կողմից Հայաստանին մեկնված խաղաղության ձեռքը, խաղաղության հասնելու համար արված առաջարկը ստանա փոխադարձ արձագանք: Թեև առ այսօր, ցավոք, որևէ պատասխան չի ստացվել, բայց կան որոշ նշույլներ: Մեր նպատակն է, որ կողմերը ապրեն խաղաղ, ապահով և բարեկեցիկ: Հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին, որևէ սխալ չի անի, և տարածաշրջանում հրադադարը կդառնա մնայուն և կապահովվի կայունությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930