«Այն, որ քաղաքական տարատեսակ միտում և ոչ միայն միտում, այլ ինքնին ամբողջ հետապնդումը կառուցված է քաղաքական բաղադրիչի վրա, դա բոլորի համար պարզ է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործին` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը ենթադրում է կրիտիկական վիճակ, իսկ Արմեն Չարչյանը ստանում է 100-ից բարձր չափաբաժին. «Երկրորդ հանգամանքը, որ այն ժամանակ չկար, Արմեն Չարչյանի մոտ զարգացած թոքաբորբն է։ Որը նաև ստուգել են, համապատասխան հետազոտություն են կատարել։ Վիճակը, եթե փորձեմ իմ աչքով համեմատական տանել, ակնհայտ է, որ ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունացման հանգեցրել է։ Բայց թոքաբորբի պայմանը և ինսուլինի նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում։ Այլ հարց է, որ Արմեն Չարչյանի դիմադրողականությունը, տեսակը մի քիչ տարբերվում է։ Բայց կրկին դժվար էր բավականին խոսում»։
Արամ Վարդևանյանը կարծում է, որ եթե Արմեն Չարչյանn ավելի շուտ տեղափոխվեր մասնավոր բժշկական հաստատություն, միգուցե իրավիճակը ավելի կայուն կլիներ. «Իսկ այդտեղ պատասխանատվությունը ուղղակիորեն արդարադատության նախարարության՝ բժշկական օգնության և սպասարկման ՊՈԱԿ-ի տիրույթում է։ Այսինքն՝ այդտեղ ես թերություն տեսնում եմ։ Բայց ընդհանուր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի մասով կարող եմ ասել, որովհետև փաստացի, թե՛ անվտանգության, թե՛ ռեժիմի հսկման բոլոր գործողությունները իրենք են կատարում, բողոք այդ մասով չկա։ Խնդիրն այն է, որ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը քանիցս բարձրաձայնում է, որ հրատապ դատական նիստ նշանակվի, որ խափանման միջոցը րոպե շուտ պետք է վերացվի։ Դրա համար պարզապես պրոցեդուրալ գործողություն է պետք իրականացնել։ Պետք է ունենալ դատական նիստ, բայց դա ամեն կերպ չի կատարվում մինչ օրս։ Սա ծայրահեղ անհանգստացնում է։ Սա կրկին իրավունքի հետ առնչություն չունեցող գործընթաց է։ Իսկապես, մենք այս հարցը բացառապես պետք է դիտարկենք քաղաքական տիրույթում, այլ տարբերակ չի թողնում։ Որտեղ որ իրավունքը ավարտվում է, այնտեղ այլ մի գործընթաց է սկսվում»։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին իրեն վերագրվող ձայնագրության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ բժիշկ Արմեն Չարչյանը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ