ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ 2020թ․-ի պատերազմից կարճ ժամանակ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, թե ՀՀ վարչապետի այդ ժամանակվա խորհրդական Արսեն Խառատյանը խնդրել է Ադրբեջանին սպասել, որպեսզի ՀՀ-ում ներքաղաքական խնդիրները լուծվեն, մասնավորապես՝ ՀԱՊԿ այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցվի, ինչից հետո Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ կսկսվեն։ Խամոյանը հիշեցրեց, որ այս առիթով Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործընկերներին հորդորել էր չգնալ կոնֆիդենցիալ տեղեկատվություններ հրապարակելու ճանապարհով, որովհետեւ եթե մտնենք այդ դաշտ, ապա ինքն Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունացնող հայտարարություն կանի։
Պատերազմից օրեր առաջ, ինչպես Ագնեսա Խամոյանը նշեց, Նիկոլ Փաշինյանը գրեց, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին եւ բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ՝ իրական կոնֆիդենցիալ հանգամանքներ, որոնք ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունացնեն Ադրբեջանում, սակայն հարցազրույցն այդպես էլ եթեր չգնաց։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ հիմա այդ հարցազրույցը հնարավո՞ր է հրապարակվի։
Նիկոլ Փաշինյանը նախ նշեց՝ քանի որ Ադրբեջանը երկու օր անց պատերազմ էր սկսելու, դրանից առաջ պետք է սկսեր տեղեկատվական պատերազմը․ «Այդ պատերազմը երբեք էլ չի դադարել։ Ձեր հիշատակածի առաջին մասը մտացածին բաներ են։ Իսկ իմ հարցազրույցը եթեր չի գնացել մի պատճառով, որովհետեւ պատերազմ էր սկսվել, կիրակի պետք է եթեր գնար։ Կարծում եմ՝ այդ հարցազրույցը կա։ Երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, ոչինչ չի խանգարի, որ այն դիտեն։ Ես կողմ եմ, որ չմոնտաժված եւ մոնտաժված տարբերակն էլ դիտեն»։
Ըստ Փաշինյանի՝ հետին թվով հայտարարություններ անելն ու հարցազրույցներ հրապարակելը գործին չի օգնի, մյուս կողմից, ինքն ընդունում է, որ որոշ հարցերի պատասխանները ԱԺ-ում պետք է հնչեն․ «Հուսամ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամանակ պատասխանները կտրվեն։ Կարծում եմ՝ քաղաքացիները մի բանում են վստահ, որովհետեւ քվեարկել են մեր օգտին, որ մենք քաղաքացիներից եւ ԱԺ-ից թաքցնելու որեւէ բան չունենք»։
Կարդացեք նաև
Ագնեսա Խամոյանը պատասխանեց․ «Փաստորեն, իմացել եք, որ երկու օր անց Ադրբեջանը հարձակվելու է։ Դուշանբեում Ալիևը ձեզ խնդրել է չանել հայտարարություններ, որոնք կապակայունացնեն իրավիճակը Ադրբեջանում։ Ինչո՞ւ հիմա չեք հրապարակում հարցազրույցը, եթե որեւէ բան չունեք թաքցնելու»։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչեւ 2020թ․-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական՝ ինձ տված զեկույցներում։ Իսկ հարցազրույցն արվել է սեպտեմբերի գուցե 24-ին կամ 25-ին եւ արվել է այդ իրավիճակի համար։ Չեմ կարծում, որ զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով՝ պետք է հրապարակենք այն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ