Դիլիջանում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածու Արա Մարտիրոսյանը ժամանակին եղել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, իսկ հետ նաև փոխքաղաքապետ:
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Գոռ Հակոբյանը մեր զրույցում ընդգծեց, որ կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել միայն այն համայնքներում, որտեղ համայնքի խնդիրներին տիրապետող թեկնածուներ է ունեցել․
«ՏԻՄ ընտրությունները հատուկ են և շատ կարևոր է, որ այն թեկնածուները, որոնք առաջադրվել են՝ ծանոթ լինեն համայնքին և նրա խնդիրներին: Հենց այդ պատճառով մենք ոչ բոլոր տեղերում ենք թեկնածուներ առաջադրել:
Արա Մարտիրոսյանը Դիլիջանում երկար տարիներ համայնքային գործունեություն է ծավալել և քաջատեղյակ է համայնքի կարիքներին, այդ իսկ պատճառով Դիլիջանում առաջադրվել է հենց նրա թեկնածությունը»:
Կարդացեք նաև
Հակոբյանը տեղեկացրեց, որ թեկնածուների կենսագրության և իրենց ծրագրերի մասին ավելի մանրամասն կհրապարակեն սեպտեմբերի 17-ից հետո, երբ կավարտվի կուսակցությունների և դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով մի շարք համայնքներում տեղի կունենան ավագանու ընտրություններ։
Դիլիջանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասնակցության համար փաստաթղթեր են ներկայացրել «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության ՖԲ էջից