Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Քանի որ այդ պայմանավորվածության մեջ չկա օտար բեռների հանգամանքը, Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը»

Սեպտեմբեր 15,2021 17:07

«Գիտեք, որ 2020թ․ դեկտեմբերին մենք իրականացրինք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ-ի՝ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, եւ այն իրականացվել է՝ ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած վարչատարածքային բաժանման մասին օրենքում արձանագրված է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին։ ԽՍՀՄ ժամանակ այդ հատվածում խորհրդային ՀՀ-ի եւ խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետո վերածվել է պետական սահմանի եւ այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղակայմանը եւ վերջիններիս կողմից իրանական բեռնատարներին գանձելու փաստին։

Նա նշեց․ «Հիմա նույն տրամաբանությամբ այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ խորհրդային ՀՀ-ի վարչական սահմանից եւ այս հանգամանքի բերումով է, որ որոշ տեղերում հայտնվել են հայտնի ցուցանակներն ու դիրքերը։ Ժամանակին՝ 2020թ․-ին, պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ այդ ճանապարհն անարգել պետք է  օգտագործվի ՀՀ բեռների եւ տրանսպորտի տարանցման համար։ Քանի որ այդ պայմանավորվածության մեջ, ենթադրաբար, չի ֆիքսվել օտար բեռների հանգամանքը, Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերեւս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ նոյեմբերի իննի եւ հունվարի տասնմեկի հայտարարություններում հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու դրույթ եւ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ, արձանագրում է, որ օտար բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից դեպի Նախիջեւան գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային եւ այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը ապահովող իրավապայմանագրային բազայով»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու է արտաբերել «Էյվազլի» եւ «Չայզամի» անունները․ «Դա արվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010թ․ ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930