«Խոսքը միայն Արցախի մասին չէ, այլ՝ մենք մնալո՞ւ ենք որպես ազգ, հայ»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նրա խոսքով, մեր ազգի բարոյական եւ մտավոր կազմաքանդումը սկսել է արցախյան առաջին պատերազմից անմիջապես հետո, երբ Արցախն ազատագրելուց հետո գիծ էր տարվում Արցախը հանձնելու:
«Այստեղ մեղավոր ենք բոլորս, այդ թվում՝ ես: Մենք հիմի պետք է կարողանանք ազգի հիմքից վերականգնել, բայց հիմքից վերականգնելը, այսօրվա բարոյահոգեբանական վիճակում, շատ ծանր գործընթաց է եւ միայն շատ կոշտ ուժ է պետք, որն ունի բարոյական, ազգային, կամային թիրախներ»:
Պարոն Մեսրոպյանի խոսքով` այն, որ մեր ազգի բարոյահոգեբանական վիճակը խաթարված է, իր համար պարզ է դարձել 2020 թվականին դեպի Եռաբլուր տեղի ունեցած սգո երթից, երբ, նրա համոզմամբ, «սրբապղծվեց Եռաբլուրը»:
Նա գտնում է, որ այսօրվա վիճակում Հայաստանը հայտնվել է 30 տարվա բացթողումների արդյունքում: Ըստ Հարություն Մեսրոպյանի, Հայաստանի համար ռազմավարական խիստ կարեւոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհը, մինչ օրս չի կառուցվել, ինչի անհրաժեշտությունը զգացվեց հատկապես 44-օրյա պատերազմի օրերին:
Կարդացեք նաև
«Ինձ համար նորեր, հներ չկան: Հյուսիս-հարավ ճանապարհն, ո՞ւր է, Հայաստան-Իրան երկաթգիծն ինչո՞ւ չի կառուցվել»,-երկրի տարբեր տարիների նախագահներին, վարչապետերին հարց է ուղղում պարոն Մեսրոպյանը. «Նույնիսկ ենթակառուցվածքների իմաստով, մենք վերջին պատերազմին պատրաստ չէինք, մենք 95 թվականից մինչեւ 2018 թվականը ունեինք ոսկե ժամանակաշրջան այդ ամենն անելու, բայց չարեցինք: Պետության կառավարումը տեւական գործընթաց է, ամեն բաց թողած հնարավորություն ծանր է նստում: Հիմա մենք այդ քարերի հավաքման փուլում ենք»:
Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած սեպտեմբերի 21-ին «գունագեղ տոնակատարության» անցկացման վերաբերյալ էլ ասաց. «Դա խոսում է այն մասին, որ շարունակում է ազգը ոչնչացվել որպես ազգ: Բարոյահոգեբանական ոչնչացման հերթական փուլն է: Մենք բռնել ենք ինքնաոչնչացման ճանապարհը: Ազգի մտավորականությունը ո՞ւր է, ինչո՞ւ են լալկվել: Մտավորականությունն առաջին հերթին պատասխանատվություն է: 95 թվականից մինչ օրս, մեր մտավորականությունից տարբեր պաշտոններ են զբաղեցրել, բայց որեւէ մեկը ազգից ներողություն չի խնդրել: Ես գտնում եմ, որ Եռաբլուրի սրբապղծությանը պետք է մտավորականները դուրս գային եւ կրծքով փակեին զոհվածների շիրիմները»:
Տարբեր տարիների կառավարության ծրագրերը Հարություն Մեսրոպյանը բաժակաճառեր է համարում: Երկիրն այս ծանր վիճակից հանելու համար համախոհներով «հայոց երկրի ռազմավարական» ծրագիր են մշակել. «30 տարի մենք ծրագիր չունեցանք: Մի քիչ ծրագրին մոտիկ էր Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը»:
Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ Սյունիքի եւ այլ բնակավայրերը հանձնելու դեմ պետք է ընդվզում սկսվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ